Ջահերով երթը մեր պայքարում ունենալու է անկյունաքարային նշանակություն․ Քրիստինե Վարդանյան
22 Ապրիլ 2022
Ամենամյա ջահերով երթն այս տարի յուրահատուկ նշանակություն է ունենալու․ այն դառնալու է առաջիկայում սպասվող մեծ պայքարի սկիզբը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ջահերով երթը մեր պայքարում ունենալու է անկյունաքարային նշանակություն։ Այդ օրը մենք գալու ենք ասելու, որ դեմ ենք թուրքացմանը, ոչինչ չենք մոռանում եւ չենք ուրանում։ Ջահերով երթը մեր պայքարի ամենակարեւոր օրերից մեկն է եւ ինչ-որ առումով մեկնարկ է»,- ասաց Վարդանյանը։
Քրիստինե Վարդանյանը նշեց, որ թերթերում հրապարակված տեղեկությունը, թե երիտասարդ դաշնակցականները Ծիծեռնակաբերդ բարձրանալուց հետո գիշերելու են այնտեղ, իրականությանը չի համապատասխանում։
«Տարբեր լուրեր են տարածվում, այդ թվում՝ սադրանք պարունակող։ Մենք ապրիլի 23-ին արձանագրելու ենք, որ ժողովուրդն իշխանությանը մանդատ չի տվել, որ ցեղասպանության ուրացման գնով ինչ-որ գործողություններ իրականացվեն։ Սա յուրահատուկ բողոքի դրսեւորում է լինելու։ Եվ ուղերձ պետական այրերին, որ իրենք իրավունք չունեն անելու այն ամենը, ինչ անում են»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ երթի ժամանակ իրենց է միանալու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, Հանրապետական կուսակցությունը, բազմաթիվ հասարակական եւ քաղաքական գործիչներ։
«Նախորդ տարիներին եւս շատ գործիչներ են մասնակցել, բայց այս անգամ նրանց թիվն ավելի մեծ է, որովհետեւ սա միասնականության երթ է։ Վերջին մի քանի օրերին ականատես ենք լինում համակարգված, ապակենտրոն գործողությունների, որոնք ծառայում են մեկ նպատակի։ Սա մեկ ուժի, մեկ անհատի պայքար չէ, այստեղ գաղափարի պայքար է, որի նպատակը Հայաստանի եւ Արցախի փրկությունն է, ինչի առաջին քայլն այս իշխանությունների հեռանալն է»,- ընդգծեց Վարդանյանը։