«Զարթնի՛ր, լաո». «Դիմադրության» շարժման իրազեկման երթը Երևանում
25 Ապրիլ 2022
Այսօր՝ ապրիլի 25-ին Երևանի Սուրբ խաչ եկեղեցու մոտից մեկնարկեց «Զարթնի՛ր, լաո»՝ «Դիմադրության» շարժման իրազեկման երթը։
Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, մենք մի քանի օր առաջ հայտարարել ենք, որ իջնում ենք փողոցային պայքարի, գնում ենք մինչև վերջ, այս իշխանություններին հանրային լայն ճնշման տակ օր առաջ հեռացնելու. «Դիմադրության շարժման» իրազեկման երթի մեկնարկին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Առավոտից Իջևանից մեր արժանապատիվ հայրենակիցները քայլերթով շարժվեցին դեպի Երևան, վաղը ժամը 11.30-ին Տիգարնաշենից դեպի Երևան կշարժվի մեր հաջորդ խումբը, դրանից հետո Հայաստանի մյուս երկու խորհրդանշական վայրերից՝ Սարդարապատից և Բաշ-Ապարանից մեր խմբերը քայլերթով կշարժվեն դեպի Երևան: Քայլերթի ընթացքում մեր հայրենակիցները լինելու են Հայաստանի տարբեր բնակավայրերում և ներկայացնելու են մեր երկրին սպառնացող վտանգները, համախմբելու են մեր քաղաքացիներին և ամսի մեկին հասնելու են Երևան: Այդ ընթացքում մենք միասին ամեն օր Երևանում կազմակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր և ցույցեր:
Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է ամբողջ Հայաստանում մեր ժողովրդին ոտքի կանգնեցնել: Մայիսի մեկին մենք մինչև մեր խմբերի Երևան հասնելը ունենալու ենք մեծ հանրահավաք, բայց մինչև դա խնդրում եմ բոլորիցդ ձեր ամենօրյա մասնակցությամբ ցույց տաք, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու:
Կոչ եմ անում մեր Սփյուռքի հայրենակիցներին, եկեք Երևան, Հայաստանի մարզերի մեր բնակիչներին, երիտասարդությանն ու մտավորականությանը՝ ոտքի կանգնեք, մենք շատ ժամանակ չունենք, օր առաջ այս չարիքի կառավարությանը հեռացնելու ենք միասին:
Սիրելի հայրենակիցներ, մինչև վերջ վճռական կամքով և հետևողական գնում ենք առաջ: Մենք որոշում ենք կայացրել՝ առաջիկա պայքարն իրականացնել ցանցային և ապակենտրոն, բոլոր քաղաքական ուժերը, իրական ընդդիմադիր ուժերը, անհատներ, յուրաքանչյուրն իր բողոքն այս չարիքի կառավարության դեմ ձևակերպելու է յուրովի, բայց բոլորս ունենք մեկ նպատակ՝ օր առաջ հեռացնել այս չարիքի կառավարությանը:
Երթի մասնակիցները վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի», «Հայազգ ոտքի», «Միացում»։
Իրավիճակը լարվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, երբ ՀՅԴ անդամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հակառակ ոստիկանների խոչընդոտներին, բարձրացավ արագաչափի սյան վրա եւ փակցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ «Նիկոլ, դավաճան» գրությամբ։
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ակցիայի մասնակցիներին, սակայն չհաջողվեց։
«Այստեղից մեկ հոգի մարդ չպետք է տանեն»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Դրանից հետո վիճակը հանդարտվեց, եւ երթը շարունակվեց։
Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն շարժումը» եւ Արթուր Վանեցյանի գլխավորած երթերը հանդիպեցին միմյանց։
Նրանք միասնաբար փակեցին Ֆրանսիայի հրապարակը։
«Ոստիկաններին առաջարկում եմ մնալ իրենց իրավասությունների շրջանակում եւ ծաղրածուի հրահանգով չփորձել ժողովրդի հետ հարցեր ունենալ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց, հաջորդ իրազեկման երթը տեղի կունենա վաղը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանն ասաց, որ վաղը ակցիաները նույնպես շարունակվելու են. «Մեր նպատակն է ողջ ժողովրդին, ազգին առաջիկա 5 օրերին ոտքի հանենք, ու մենք հանելու ենք»:
Նշենք, որ այսօրվա երթին ընդառաջ Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական Միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Կոմիտասի պողոտան, ինչից հետո երիտասրադներից մի քանիսին կարմիրբերետավորները բերման էին ենթարկել։
Այսօր անհնազանդության մի շարք ակցիաներ են տեղի ունեցել Երեւանում։ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանող-դաշնակցականները տեղադրել էին Արցախի դրոշը։
Մի խումբ երիտասարդներ էլ ակցիաներ են իրականացրել բուհերի առջեւ՝ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» գրությամբ պաստառներ բարձրացնելով երեւանյան 15 բուհերի դիմաց եւ հորդորելով ուսանողներին միանալ համընդհանուր պայքարին։
https://youtu.be/tldcK34fvHM