ՀՀ արտաքին քաղաքականության որոշ խնդիրները նախապատերազմական շրջանում
26 Ապրիլ 2022
2020 թ. հայ-ադրբեջանական պատերազմը բացահայտեց ՀՀ արտաքին քաղաքականության բացթողումները և պատերազմին նախորդած վերջին երեք տարիների ձախողումները ։ Հայաստանի Հանրապետության հանդեպ որոշակի երկրների վերաբերմունքի ավանդական ընկալումները չարդարացվեցին։ Հայամետ դիրքորոշում ունեցող պետությունները մնացին չեզոք, իսկ չեզոքները անգամ ողջունեցին Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնմանն» ուղղված գործողությունները։ Այս ամենը վկայում էր ոչ թե ադրբեջանի փայլուն դիվանագիտության, այլ հայկական քաղաքականության ձախողման մասին։
Առավել պարզ լինելու համար թեման կքննարկենք առանձնաբար՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ուղղություններով։
Հայ-իրանական հարաբերությունները միշտ համարվել են բարձր մակարդակի, անգամ ռազմավարական, թեև դա երբեք չի համապատասխանել իրականությանը։ 2016 թ. Սկսած նվազել է երկու երկրների միջև եղած ապրանքաշրջանառությունը։ Հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագիրն այդպես էլ անորոշ մնաց։ 2016 թ. Իրանի նախագահ Հասան Ռոհանին, 2013 թ. նախագահ ընտրվելուց ի վեր, առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան և հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, մինչդեռ այդ ընթացքում նա 8 անգամ հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ1։ Չնայած դրան՝ նախագահ Ռոհանին Երևանում խոսեց տևական խաղաղության մասին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով2։ Իսկ արդեն պատերազմի օրերին նույն Ռոհանին ողջունեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը»։
2018 թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցով եղավ Հայաստանում։ Իրան-ամերիկյան հարաբերությունները այդ ժամանակ թևակոխել էին լարվածության նոր փուլ, և ամերիկյան ամենաբարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան չէր կարող համապատասխան վերաբերմունքի չարժանանալ հարևան Իրանում3։ Այցից բառացիորեն մեկ շաբաթ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՀՀ Ազգային ժողովում, կարծես յուղ լցրեց կրակի վրա։ Վարչապետը հայտարարեց, որ վերջերս մի փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ իր զրուցակցին հայտնել է, թե Հայաստանի երկու սահմանները փակ են, իսկ մյուս երկու սահմանները` Իրանի և Վրաստանի հետ, որոնք բաց են, իրականում կիսաբաց են:
«Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»։ ՀՀ ԱԳՆ պաշտոնակատարը շտապեց շտկել իրավիճակը՝ հայտարարելով, որ վարչապետի հայտարարությունը վերաբերում էր մարտահրավերներին և ոչ մտադրություններին4։ Կարելի էր ենթադրել, որ «վերջերս փորձված դիվանագետի հետ զրույցը» կարող էր վերաբերվել մեկ շաբաթ առաջ Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին։ Երբ նշվում էր, որ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով սահմանը կարող է փակվել, Իրանում դա հնարավոր էր հասկանալ որպես ուղերձ. Իրան-ԱՄՆ առճակատման դեպքում Իրանը կարող է զրկվել Հայաստանով արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից։
Նախ, Հայաստանի հետ 42 կմ-անոց ճանապարհը «պաշարված ամրոց» Իրանի համար այլընտրանքային ելք է դեպի Եվրոպա՝ Վրաստանի և Սև Ծովի միջոցով։ Իրանը նաև ակտիվացրել է իր հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության հետ, որի անդամներից ցամաքային սահման ունի միայն Հայաստանի հետ, հետևաբար և ապագա անդամակցության պարագայում այդ սահմանը կարևոր հանգույց կդառնա դեպի ԵԱՏՄ Իրանի արտահանումների և այնտեղից ներկրումների համար։ Չնայած կրոնական տարբերություններին, Իրանն ու Հայաստանը բնական դաշնակիցներ են թուրքական էքսպանսիայի առջև, որը միտված է թուրքական աշխարհի միավորմանը և «Մեծ Թուրանի» ստեղծմանը։ Բնական դաշնակիցների նպատակն ավելի պարզ է դառնում, երբ հասկանում ենք տարածաշրջանային էներգակիրների պայքարի թիրախները, ուղիները։ Թուրքիան, հետևաբար և Արևմուտքը, ցանկանում են Տրանսանատոլիական գազամուղով (TANAP) թուրքմենական գազը հասցնել Եվրոպա, որը եթե չի բացառի, ապա նվազագույնի կհասցնի իրանական գազից կախվածությունը։ Բնական դաշնակիցների օգտին կարող է վկայել այն փաստը, որ Ադրբեջանը բավականին խորը հարաբերություններ է կառուցել Իսրայելի հետ, որն Իրանի համար թշնամական պետություն է։ Միջազգային իրավունքի մասնագետ, Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող դոկտոր Ահմադ Քազեմին, ուսումնասիրելով Արցախյան 44-օրյա պատերազմը, նշում է, որ այն առաջին հերթին հարվածում էր Իրանի շահերին, իսկ պատերազմի սկզբում Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է եղել գրավել հենց Հայաստանն Իրանի հետ կապող սահմանը5։ Պատահական չէ, որ Իրանը ԱԳ նախարարի, անգամ գերագույն հոգևոր առաջնորդի շուրթերով պատերազմի ժամանակ և դրանից հետո հայտարարեց, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ իր սահմանների մոտ թույլ չի տա. դա իրենց կարմիր գիծն է։ Այդ նույն հայտարարությունը կրկնվեց մայիսի 12-ին ՀՀ արևելյան սահմաններում ադրբեջանական ագրեսիայից հետո, ինչը հստակ ի ցույց է դնում վերոնշյալ դիրքորոշման լրջությունը6։
ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, 2019 թ. հունվարին ասել էր, որ Հայաստանը շրջապատված է ավտորիտար Թուրքիայով, Ադրբեջանով և Իրանով, և միայն Վրաստանն է, որը գնում է ժողովրդավարական ճանապարհով։ Չնայած նրան, որ ՀՀ ԱԺ պատգամավորի տեսակետը ՀՀ պաշտոնական դիրքորոշումը չէ, այդ հայտարարությունը չէր կարող բացասական ազդեցություն չթողնել Իրանի կառավարող շրջանակների վրա։
2019 թ. սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում որոշվեց դեսպանություն բացել Իսրայելում։ 1992 թ. Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ և ոչ ռեզիդենտ դեսպան, սակայն դեսպանատուն չէր բացել։ Իսրայելի հետ հարաբերությունները, հատկապես վերջին տասնամյակում, շատ են կարևորվում Հայաստանի համար։ Իսրայելը, համաձայն Stockholm International Peace Research Institute (SIPRI)-ի, 2015-2019 թթ. ընթացքում ապահովել է Ադրբեջանի զենքի ներկրումների 60%-ը7։ Եվ անհրաժեշտ էր ունենալ դեսպանատուն Իսրայելում զենքի վաճառքի ու Հայաստանի դեմ ուղղված երկկողմ այլ օրակարգերի չեզոքացման համար։ Սակայն աշխարհաքաղաքական այն ժամանակահատվածը, որն ընտրվեց դեսպանատան բացման համար, մեղմ ասած, չէր կարող նպաստել այդ մտադրությունների իրականացմանը, և ընդհակառակը, կարող էր սրել հայ-իրանական հարաբերությունները: Իրանում իշխող վարչակազմը Իսրայելի կառավարությանը անվանում է «սիոնիստական ռեժիմ» և դիտարկում նրան որպես թշնամի պետություն։ Այդ մոտեցումը չի փոխվում Իրանում նախագահական փոփոխություններից հետո, ինչը թույլ է տալիս դիտարկել այն որպես Իրանի համար կարևորագույն խնդիր8, 9։
2020 թ. փետրվարին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Կրոնական ազատությունների միջազգային ալյանսը՝ կրոնական ազատության, խղճի ազատության, հանդուրժողականության պաշտպանության կարգախոսների հիմքով։ 2020 թ. հունիսի 13-ին Հայաստանը միացավ այդ ալյանսին՝ դառնալով դրա 29-րդ անդամը, իսկ մինչև այս պահը դաշինքին անդամակցում են հետևյալ 32 երկրներ10:
Նախ, շատ կարևոր է, որ աշխարհի գերտերության կարգավիճակը ԱՄՆ-ի հետ վիճարկող Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը հայտնվում է մի կազմակերպությունում, որը ստեղծվել է առաջինի հիմնական հակառակորդի նախաձեռնությամբ։ Աշխարհի բազմաթիվ հետազոտողներ գտնում են, որ այդ ալյանսը ԱՄՆ-ն ստեղծել է Ռուսաստանի և հատկապես Չինաստանի դեմ պայքարելու համար։
2020 թ. հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով պատգամավորի հարցին ասաց, որ Հայաստանը միացել է այդ Դաշինքին՝ կրոնական խտրականության դեմ պայքարում իր ներդրումն ունենալու նպատակով։ Այս հարցը պետք է դիտարկել նաև ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում․ «Մենք ունենք մեր փոքրամասնությունները, մենք ունենք մեր սփյուռքը և մենք ունենք առավել զգայնություն նաև կրոնական փոքրամասնությունների հանդեպ Մերձավոր Արևելքում: Այս նախաձեռնությունը նաև հնարավորություն է տալիս մեզ աշխատելու մեր բարեկամ երկրների հետ՝ առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնություների պայմանների բարելավմանը և այդ ուղղությամբ տարբեր ծրագրերի, ու երկխոսության կայացմանը և այդ առնչությամբ տարբեր միջոցառումների իրականացմանը: Մենք ունենք նման ծրագրեր, որոնք կարող ենք իրականացնել` համագործակցելով մյուս գործընկերների հետ, և այս հարթակը տալիս է մեզ այդ հնարավորությունը», – ասել է նախարարը11։
Ինչ վերաբերում Է Չինաստանի հետ հարաբերություններին նա բացառեց որևէ նախաձեռնության մեջ ներգրավվելու հնարավորությունը, որը վնաս կհասցնի Հայաստանի շահերին և միջազգային համագործակցությանը:
Նախարարը նաև ավելացրեց, որ դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում։ Դաշինքի կառուցվածքը, ընթացակարգերը չեն նախատեսում քվեարկության մեխանիզմ, յուրաքանչյուր անդամ-պետություն առաջնորդվում է իր ծրագրերով՝ առաջարկություններ ներկայացնելով, դրանց իրագործման համար մեխանիզմներ ձևավորելով։
Սակայն, ուսումնասիրելով դաշինքի հռչակագրի պարտավորությունների 4-րդ կետը, տեսնում ենք, որ՝
Նրա (դաշինքի- Գ.Ե.) անդամները հավատարիմ են դավանանքի կամ համոզմունքների ազատության հետ կապված հարցերի շուրջ արտաքին և ներքին գործունեության համաձայնեցմանը12։
Սա նշանակում է, որ առնվազն դավանանքի ազատության հետ կապված հարցերում անդամ պետությունները պետք է ունենան համանման դիրքորոշում, որը որոշակի փուլում կարող է արտահայտվել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող պետությունների, մասնավորապես Չինաստանի դեմ։ Իսկ «Ազդեցության պոտենցիալ միջոցներ» բաժնում արդեն նշվում են մի շարք կոլեկտիվ միջոցներ նպատակային գործունեության համար։ Այսպես, այդ բաժնի
b կետում նախատեսվում են համատեղ կամ համակարգված դեմարշներ և հանրային դիվանագիտություն,
e կետում՝ մեղավորների նկատմամբ նպատակաուղղված պատժամիջոցները անհրաժեշտության դեպքում,
f կետում՝ բազմակողմանի ֆորումների ուղիներով համաձայնեցված գործողություններ (օրինակ՝ համատեղ հայտարարությունների, ՄԱԿ-ի երկրների բանաձևերի և ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով,
ինչպիսին է համընդհանուր պարբերական վերանայումը) և դավանանքի կամ համոզմունքների ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին աջակցություն ցուցաբերելը:
2020 թ. փետրվարի 5-ին, դաշինքի ստեղծման միջոցառման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծեց. «նման համատեղ ջանքերի (կառավարությունների ներկայացուցիչների համախմբումը-Գ.Ե.) անընդհատ աճող անհրաժեշտությունը՝ թվարկելով վերջին տարիներին կրոնի կամ համոզմունքների հիման վրա բռնության վատթարագույն ակտերից մի քանիսը, այդ թվում՝ «ահաբեկիչներին և բռնի ծայրահեղականներին, որոնք հարձակվում են կրոնական փոքրամասնությունների վրա, լինի դա Իրաքում՝ եզդիները, Պակիստանում՝ հնդիկները, Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ քրիստոնյաները կամ Բիրմայում՝ մուսուլմանները և Չինաստանի Կոմունիստական կուսակցության թշնամանքը բոլոր դավանանքների նկատմամբ13»:
Դեռ 2020 թ. հունվարին պետքարտուղարը այցելեց Ղազախստան։ Ղազախստանը Խորհրդային Միության փլուզումից հետո գտնվում էր ԱՄՆ-ի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի շահերի գոտում։ Երկրում ռազմական առումով ազդեցություն ունեցող և որոշումների կայացման վրա ազդող պետությունը Ռուսաստանն է, ում հետ Ղազախստանը դաշնակցում է ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Վերջին տասնամյակում երկրում իր տնտեսական ազդեցությունն էր ավելացնում Չինաստանը։ Եվրասիական հաղորդակցությունների կենտրոնի տնօրեն Ա. Պիլկոյի կարծիքով՝ ԱՄՆ-ն այդ ժամանակ որոշեց դիտարկել Ղազախստանի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը և հասկանալ նոր նախագահ Տոկաևի քաղաքականությունը։
Այնուհետև Պետդեպարտամենտը գոհունակությամբ էր խոսել ԱՄՆ-ի և Ղազախստանի միջև աճող առևտրային կապերից, ինչպես նաև նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի «բարեփոխումների հավակնոտ ծրագրից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարևան Չինաստանի Սինցզյանի «մարդու իրավունքների ճգնաժամը14» և Աֆղանստանում «տևական խաղաղությունը»։
Իսկ արդեն փետրվարին ալյանսի հավաքի բացման ժամանակ Պոմպեոն նշեց, որ Կենտրոնական Ասիա կատարած իր այցի ժամանակ նա Ղազախստանում հանդիպել էր Սինցզյանում Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից ձերբակալված էթնիկ ղազախների ընտանիքների հետ15։ Ըստ երևույթին, ԱՄՆ-ն փորձում էր այդ կրոնական հողի վրա հակաչինական վեկտոր հաղորդել Ղազախստանի քաղաքականությանը, ապա միություն ստեղծել, ինչն իրականություն դարձավ մեկ ամիս անց։
Պոմպեոն շատ կոշտ շեշտադրումներով է խոսել Չինաստանի մասին․ «Եվ մենք դատապարտում ենք Չինաստանի Կոմունիստական կուսակցության թշնամական վերաբերմունքը բոլոր դավանանքների նկատմամբ։ Մենք գիտենք, որ ձեզնից ոմանք խիզախորեն դիմադրում էին Չինաստանի ճնշմանը՝ երբ համաձայնում էին դառնալ այդ դաշինքի մի մասը, և մենք շնորհակալ ենք դրա համար»16։ Պետքարտուղարի խոսքից հասկանալի է դառնում, որ Չինաստանը փորձել է ընդդիմանալ առանձին երկրների միանալուն այդ դաշինքին։
Դեռևս 2019 թ. հուլիսին Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել էր, որ բոլոր չինացիները դեմ են հանդես եկել ԱՄՆ-ի գործողություններին, որոնք կապված են Չինաստանի կրոնական քաղաքականության և Չինաստանում կրոնական համոզմունքների ազատության մասին զրպարտության հետ: «Սինցզյանի շուրջ հարյուր մտավորականներ և կրոնական շրջանակներ մոտ օրերս ստորագրել և ուղերձ են հղել ԱՄՆ պետական քարտուղար Մայք Պոմպեոյին՝ դրանում մեծ դժգոհություն և վճռական բողոք հայտնելով Սինցզյանի վերաբերյալ նրա անպատասխանատու դիտողությունների կապակցությամբ»։
Ինչ վերաբերում է ամերիկյան կողմից դավանանքի ազատության համար, այսպես կոչված, միջազգային դաշինքի ստեղծմանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան գործիք, որի միջոցով ԱՄՆ-ն դավանանքի ազատության պատրվակով առաջ է տանում արժեքների մասին սեփական պատկերացումները և միջամտություն է իրականացնում այլ երկրների ներքին գործերին։ Դա անխուսափելիորեն կբախվի աշխարհի շատ երկրների առարկությանը։ «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին հարգելու փաստերը, հրաժարվել նախապաշարմունքներից, դադարեցնել կրոնական հարցերի քաղաքականացումը և միջամտությունն այլ երկրների ներքին գործերին», – ասել է Գեն Շուանը17:
Չինացի բարձրաստիճան դիվանագետի խոսքերը հաստատում են մեր դիտարկումը դաշինքից եկող սպառնալիքի հարցում չինական կողմի ընկալման վերաբերյալ։ Դաշինքի ստեղծման պահին մեր պետության ղեկավարները նախապես գիտեին դրա վերաբերյալ չինական կողմի դիրքորոշումը, որն արտահայտված էր խիստ որոշակի։
Միջազգային ալյանսի բացման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշեց նաև, որ ինքը հանդիպել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդների հետ, որոնք պայքարում են ազատ ժամերգության համար՝ առանց ռուսական կառավարության միջամտության18։ Ռուսական լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները սա դիտարկեցին որպես իրենց երկրի դեմ մտածված նոր քայլ։ Մինչ այդ վեճ էր առաջացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ կրոնական հողի վրա։ ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծվել էր Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին՝ հունական տիեզերական պատրիարքի գերակայությամբ, իսկ Զելենսկին և Կիևի պատրիարք Եպիփանոսը շնորհակալություն էին հայտնել Պոմպեոյին եկեղեցու ինքնուրույնությանն ուղղված քայլերին աջակցելու համար։
«Ակնհայտ է, որ այդ դաշինքը ստեղծվել է առաջին հերթին ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նպատակների իրագործման համար՝ ՌԴ-ի հետ դիմակայությունում։ Ցավոք, այս գործընթացում կրոնի ազատությունը միայն մանրադրամ է»19։ Այսպիսի կարծիք է հայտնել կրոնական մեկնաբան Ալեքսեյ Սմիրնովը։
Կարելի է եզրակացնել, որ ամեն պարագայում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ՀՀ-ի համար մեծ կարևորություն ներկայացնող երկրի՝ Չինաստանի ընկալումները այս դաշինքի նկատմամբ դրական չեն և Հայաստանի մուտքը դաշինք չկշռադատված կամ սխալ հաշվարկված քայլ էր, որը կարող էր ունենալ (միգուցե արդեն ունեցել է) բացասական հետևանքներ այդ երկրների հետ հարաբերությունների վրա։
Մինչ ալյանսի ստեղծումը, 2019 թ. մայիսին, Հայաստանն ու Չինաստանը փոխադարձաբար վերացրել էին մուտքի արտոնագրի պահանջը, իսկ ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Հայաստանը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով՝ Չինաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է, որ Հայաստանն այս ծրագրին հնարավորինս ինտենսիվ մասնակցի։ Այդ առումով ունենք կոնկրետ պայմանավորվածություններ: Հիմա ժամանակն է այդ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործման մասին մտածել, Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չինական շուկան հայկական ապրանքների համար հասանելի դարձնելու հարցում, այդ թվում՝ գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և այլ ապրանքների»20։
Ահա այսպիսի պայմաններում Կրոնական ազատությունների միջազգային ալյանսին անդամակցումով Հայաստանն անվստահելի գործընկեր դարձավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար, որի հետ հարաբերությունների վատթարացումը (առնվազն մակարդակի իջեցումը) առավել բարենպաստ պայմաններ կարող էին հանդիսանալ Ադրբեջանի ռազմաքաղաքական նպատակների իրագործման համար։
2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը21։ Յուրի Խաչատուրովն այդ ժամանակ արդեն մեկ տարի զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Իսկ արդեն 2018 թ. նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ նրան նշանակող երկիրը՝ Հայաստանը, դրանից առաջ սկսել էր նրա հետկանչման գործընթացը։ Թեև այս գործընթացները կրում էին իրավական բնույթ և առնչվում էին ՀԱՊԿ ներքին հարցերին, այն ստացավ բավականին մեծ հնչեղություն, և ըստ որոշ աղբյուրների, վտանգի տակ դրեց միջազգային այդ կառույցի հեղինակությունը։
Կրեմլի հատուկ դժգոհությունն է առաջացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դատավարությունը։ Այս մասին «Կոմերսանտին» պատմել են պետական կառույցների աղբյուրները22։
Ռուսաստանում Հայաստանի ներկայիս վարչակազմի գործողություններն անվանել են հարված՝ ռազմական դաշինքի իմիջին22:
Այս խնդիրը զրկեց Հայաստանին հետխորհրդային տարածքի երկու վերպետական կառույցների, այն է ՀԱՊԿ և ԵՏՀ , միաժամանակյա ղեկավարման բացառիկ հնարավորությունից։
2019 թ. հունիսին, երբ ԵԽԽՎ-ում քվեարկության դրվեց Ռուսաստանի պատգամավորներին ձայնի իրավունքը վերադարձնելու մասին բանաձևը, Հայաստանը միանշանակորեն չարձագանքեց այդ քվեարկությանը։ Պատգամավորներից մեկը դեմ էր քվեարկել բանաձևին, ևս մեկը՝ ձեռնպահ։ Հետագայում դա ներկայացվեց որպես տեխնիկական խնդիր23։
Վերոնշյալ խնդիրները իհարկե չէին կարող լինել պատերազմի սկսման հիմնական պատճառները, որոնք ավելի խորն են ու գլոբալ, սակայն դրանք հավանականորեն արագացրին հետագա գործողությունները՝ ամբողջացնելով այն բարենպաստ իրավիճակը, որն իր օգտին ծառայեցրեց Ադրբեջանը։
________________________________________
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. http://www.aiisa.am/ourexperts/comment/901 (21.05.2021).
2. https://ru.armeniasputnik.am/politics/20170806/sargsyan-i-rouhani.html (21.05.2021).
3. https://www.seco.am/information/press_releases/83?lang=hy (01.08.2021).
4. https://armenpress.am/arm/news/953182 (01.08.2021).
5. http://www.aniarc.am/2021/08/04/what-did-britain-gain-04-08-2021/ (04.08.2021).
6. https://azeritimes.com/2021/06/18/irans-involvement-in-the-armenian-azerbaijani-border-crisis/ (04.08.2021).
7. https://www.sipri.org/sites/default/files/2020-03/fs_2003_at_2019.pdf (01.08.2021).
8. https://www.theguardian.com/world/2012/aug/17/iran-israel-zionist-insult-humanity (01.08.2021).
9. https://southfront.org/iranian-declares-support-to-anyone-fighting-israeli-regime/ (01.08.2021).
10. https://www.state.gov/international-religious-freedom-or-belief-alliance/ (01.08.2021).
11. https://www.mfa.am/hy/press-conference/2020/06/17/na_int/10313 (01.08.2021).
12. Declaration of Principles for the International Religious Freedom Alliance.
13. https://www.forbes.com//us-launches-the-first-ever-international-religious-freedom-alliance/ (01.08.2021).
14. https://twitter.com/statedeptspox/status/pompeo-visit-kazakhstan-geopolitical-reasons%2F (01.08.2021).
15. https://state.gov/secretary-pompeo-at-the-international-religious-freedom-alliance/index.html (01.08.2021).
16. Ibid.
17. https://news.rambler.ru/usa/kitay-prizval-ssha-otkazatsya-ot-politizatsii-religioznyh-voprosov/ (01.08.2021).
18. https://state.gov/secretary-pompeo-at-the-international-religious-freedom-alliance/index.html (01.08.2021).
19. https://strana.ua/articles/analysis/aljans-relihioznykh-svobod-i-pochemu-tuda-voshla-ukraina-.html (01.08.2021).
20. https://newsarmenia.am/am/news/armenia/Chinastan-aranc-vizayi-/ (01.08.2021).
21. https://www.ccc.am/hy/1428493746/3/5928 (19.02.2022թ.)
22. https://m.lenta.ru/news/2018/08/02/armenia/ (19.02.2022թ.)
23. https://www.google.com/amp/s/ru.armeniasputnik.am/amp/20190625/Glava-delegatsii-Armenii-v-PASE-realno-ne-golosoval-protiv-Rossii—kommentariy-19318835.html (19.02.2022թ.)
Գագիկ Եկմալյան Ս.