«Դիմադրության» շարժման իրազեկման երթը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից
26 Ապրիլ 2022
Այսօր՝ ապրիլի 26-ին մեկնարկեց «Զարթնի՛ր, լաո» «Դիմադրության» շարժման իրազեկման երթը՝ այս անգամ Սասունցի Դավիթ արձանի մոտից։
Որևէ ձերբակալությունով, քաշքշուկով, նման մեթոդներով, մեր պայքարը չեք կարող կասեցնել, հաճախ նույնիսկ ուշադրություն չենք դարձնելու, գնալու ենք մինչև վերջ․ հորը բռնեք՝ տղան է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրը, հարևանին բռնեք՝ մյուսը, հետևաբար, այս շարժումը կասեցնել հնարավոր չէ․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Երեկ և այսօր տարբեր ակցիաների ժամանակ ոստիկանությունը դիմում է բիրտ ուժի․ ունենք ձերբակալվածներ։ Ընդամենը ասում ենք՝ դուք չեք կարող այսքան մարդու ձերբակալել, մենք պայքարի դուրս գալուց առաջ ասել ենք՝ պատրաստ ենք ամեն ինչի ու գնալու ենք մինչև վերջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա արձանագրեց, որ տարբեր միջավայրերում ձևավորվել են դիմադրության օջախներ։
«Սա մեր պայքարի նպատակն է, որը հաջողությամբ իրականացնում ենք։ Հայաստանի մարզերից Երևան են շարժվում մեր խմբերը։ Երեկ Իջևանից, այսօր Տիգրանաշենից սկսեցին իրենց քայլարշավը արժանապատիվ մեր հայրենակիցները։ Մայիսի 28-ին քայլարշավով միանալու են նաև Սարդարապատից ու Բաշ Ապարանից ու շարժվեն Երևան»,- տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Միացում, Դիմադրություն, Հեռացում» վարկարկումների ներքո երթը շարժվեց առաջ։
Երթի մասնակիցները պարբերաբար ժողովրդին կոչ էին անում միանալ իրենց հաղթական քայլերթին։
Հասնելով Հանրապետության հրապարակ՝ ՀՅԴ անդամ, Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն հայտարարեց, որ շարունակում երթը Դատախազության շենք՝ աջակցություն հայտնելու այնտեղ բողոքի հավաք իրականացնող 44–օրյա պատերազմի զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին, ովքեր արդարություն և արդարադտություն են պահանջում ՀՀ իրավապահ մարմիններից։
Խոնարհվում ենք ձեր առջև, որովհետև մենք այսօր կանք, որովհետև դուք այդպիսի սերունդ եք դաստիարակել, որովհետև դուք հերոսների ծնողներ եք․ դատախազության մոտ, զոհվածների հարազատներին դիմեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ինչ էլ անենք, նույնիսկ մոտ չենք լինելու այն սխրանքին, որը արել են հերոս տղերքը։ Տվեք մեզ այդ իրավունքը, որ մենք ասենք՝ մեր հերոս տղերքին, կրկնում եմ՝ մենք կանք, որովհետև իրենք կան ու հավերժ են լինելու, որովհետև այն գաղափարը, որի համար իրենք պայքար են տվել, ոչ ոք չի ուրանալու, ոչ ոք այդ իրավունքը չի ունենալու»,-ասաց Վարդևանյանը։
Դատախազության շենքի մոտ «Դիմադրության» շարժմանը միացավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթը։
Այնուհետև երթի մասնակիցները «Նիկոլ դավաճան», «հայեր միացեք, թուրքեր հեռացեք» վանկարկումներով քայլերթ իրականացրեցին Երևանի փողոցներով։
«Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով բազմամարդ երթը շարժվեց դեպի ֆրանսիայի հրապարակ։
Իրազեկման երթի ավարտին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ երթը տեղի կունենա վաղը՝ Գարեգին Նժդեհ հրապարակից, ժամը 18։30-ին։