«Դիմադրության» շարժման իրազեկման երթը Գարեգին Նժդեհի հրապարակից
27 Ապրիլ 2022
Այսօր, ապրիլի 27-ին Գարգեին Նժդեհի հրապարակից մեկնարկեց «Զարթնի՛ր, լաո» «Դիմադրության» շարժման իրազեկման բազմամարդ երթը։
Երթից առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կրկին կոչ արեց դիմադրության նոր օջախներ ստեղծել, այդպիսով աջակցել համընդհանուր պայքարին, իսկ բողոքի ակցիաներին հեռակա հետևող քաղաքացիներին՝ միանալ օրեցօր մեծացող շարժմանը։
«Կոչ եմ անում մեր այն քաղաքացիներին, ովքեր հեռուստացույցի առջև նստած՝ հետևում են մեզ, միանան այս պայքարին։ Եթե ուզում եք ապրել անվտանգ, բարեկեցիկ, եթե ուզում եք ունենալ հայրենիք, դուրս եկեք փողոց»։
Նա անդրադարձավ նաև երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ոստիկանական մեքենան վրաերթի էր ենթարկել հղի կնոջը և թողել անօգնական։ Կինը մահացել էր։
«Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել։ Երեկ իր շքախմբով, օրը ցերեկով քաղաքացուն վրաերթի ենթարկեցին, անտարբեր կողքով անցան։ Երեկվա քաղաքացին պետք է լինի Նիկոլի վերջին զոհը։ Սրա արյունոտ ընթացքը պետք է կասեցնել։ Պայքարից հետքայլ չկա, նահանջ չկա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Միացում» «Պայքար», «Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը շարժվեց առաջ։
Քաղաքացիները ընտանիքներով պատշգամբներից եւ պատուհաններից ողջունում էին երթի մասնակիցներին՝ ծածանում Հայաստանի եւ Արցախի դրոշները։ Ողջ երթի ընթացքում անդադար հնչում էին հայրենասիկան երգեր։
Մեր պայքարը Նիկոլի դեմ չէ, Նիկոլն անցողիկ է, չկա այլևս, մեր պայքարը հայրենիքի համար է, մեր պայքարն Արցախի համար է, մեր պայքարը մեր երեխաների, մեր փառահեղ նահատակ տղաների գործը շարունակելու համար է․ դիմելով երթի մասնակիցներին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
«Մեր պայքարն անկասելի է՝ թուրքը չի մտնելու Հայաստան։ Մենք հաղթելու ենք ներքին, այնուհետև արտաքին թշնամուն, ամեն ինչ մեր ձեռքերում է։ Փա՛ռք մեր նահատակ տղաներին, հավերժ փառք»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր։
Նշենք, որ Երթը մի պահ կանգ է առել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որտեղ երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթակել 28-ամյա հղի կնոջը։ Երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված կնոջ հիշատակը։
Այնուհետեւ երթի մասնակիցները «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ավարտվել է իրազեկման հերթական երթը։
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է երթերի ավարտի եւ մայիսի 1-ին պայքարի վճռական փուլ մտնելու մասին։ Նա նաեւ հավելել է, որ այս օրերին տարատեսակ ակցիաները կշարունակվեն, իսկ մայիսի 1-ի հավաքի վայրը կհայտարարվի լրացուցիչ։
Նշենք, որ բողոքի ապակենտրոն զանգվածային գործողությունների 3-րդ օրն է։
Զուգահեռ երկրի խորհրդանշական 4 կողմերից քայլերթեր են շարժվելու Երևան, որպեսզի մայիսի 1-ին համընդհանուր հանրահավաքով ներկայացնեն գործող իշխանությունների ապազգային քաղաքականությանն անվստահություն հայտնելու համաժողովրդական պահանջը։
https://youtu.be/tRhc6MXOPAU