Բողոքի ակցիաները պետք է ընկալել ազգային-պետական շահերի համատեքստում. Շահան Գանտահարյան
28 Ապրիլ 2022
Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
– Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ, նաև՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Արտգործնախարարների հեռախոսազրույցը, կարծում եմ, որոշման իրականացման գործնական փուլերին է վերաբերում։ Բրյուսելում ժամկետ էր որոշվել ապրիլի վերջը։ Ապրիլի վերջին սահմանազատման օրակարգի շուրջ հանձնաժողովի կառուցվածքի և առնչակից խնդիրների քննարկումն է սկսում, ոչ թե սահմանազատումն է իրականացվում։ Ինչը, կարծում եմ, երկար պրոցես է, հատկապես՝ գլխավոր խաղացողների փոփոխվող դիրքոոշումները նկատի ունենալով։
– Արդյո՞ք Հայաստանին ձեռնտու է խաղաղության պայմանագրի ստորագրմանը արագ գնալ, թե՞ այստեղ հարկավոր է որոշ առումով ժամանակ ձգել։
– Պարզ է, որ կա շտապողականություն, նախ՝ Բաքվի և Անկարայի կողմից։ Անկարան հիմա կենտրոնացել է մեկ գլխավոր նախապայմանի վրա՝ Անկարա- Երևան երկխոսության գործընթացը փոխկապակցում է սահմանազատման կամ Ադրբեջանի առաջադրած խաղաղության ծրագրին Երևանի ընդառաջելու հետ։ Պատերազմ կորցրած և բանակցային թուլացած դիրքերից մեկնած հայկական կողմի շահերից չի բխում գնալ համաձայնության։ Հակամարտության լուծումները փոխզիջումնային բանաձևով են լինում, իսկ այս դեպքում և նման պայմաններում ակնկալվում է միակողմանի զիջում։ Ուստի, ժամանակ շահել է պետք։ Կարծում եմ՝ հայկական կողմը հետևյալ կետերը իբրև սկզբունք կարող է նկատի ունենալ՝
1. Աշխատել սահմանազատման օրակարգը Արցախի կարգավիճակի ճշտումից անջատել։
2. Երևանի մասնակցությունը բանակցություններին մեկնաբանվում էր իբրև Արցախի անվտանգության գլխավոր երաշխիք: Հիմա Հայաստանը իրողականորեն կորցրել է դա: Ինքնորոշված կողմն է, որը պիտի բանակցի՝ ճշտելու համար իր կարգավիճակը:
3. Աշխարհաքաղաքական պատճառներով անգործության է մատնվել միջազգային ընտանիքին լիազորած միջնորդական առաքելության ձևաչափը: Բանակցություններ կայանում են Մոսկվայի, Թուրքիայի անուղղակի և Բրյուսելի ուղղակի միջնորդությամբ: Միջազգային ընտանիքից պիտի ակնկալել՝ ճշտել լիազորված նոր ձևաչափը:
4. ԵԱՀԿ-ն լիազորվել էր արցախյան հակամարտության լուծման խնդրում, հետևաբար, պիտի Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն ու խաղաղության համաձայնագրի գործընթացը տարանջատել ինքնորոշված Արցախի և Ադրբեջանի հակամարտությունից:
5. Մինչև նոր պայմանավորվածություններ ընդունելը՝ պահանջել մինչև հիմա կայացած եռակողմ համաձայնությունների իրականացումը, հատկապես՝ պահվող անձերի և աճյունների վերադարձի, ինչպես նաև՝ փախստականների և տուժածների տունդարձի կետերը:
Նման կետերը կարող են խաղաթուղթ լինել այն ուժերի համար, որոնք շահագրգռված են տարածաշրջանում ազդեցության գոտիների պահպանմամբ, ինչը կարող է տապալել Բաքվի և Անկարայի շտապողականությունը։
– Խորհրդարանական ընդդիմությունը բողոքի ակցիաներ է սկսել։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ ակցիաներին, և այսօր, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են մարտահրավերների առջև, արդյո՞ք հարկավոր է բողոքի ակցիաներ անցկացնել։
– Ցյուրիխյան արձանագրությունների օրերին, կարծում եմ, համաժողովրդային բողոքն ու մերժումը, որը դրսևորեց հայրենիքի և Սփյուռքի ժողովուրդը, ամրացրեցին հայկական կողմի բանակցային դիրքերը։ Կար միջազգային ընտանիքի ճնշում՝ ստորագրելու արձանագրությունները։ Համաժողովրդային բողոքի դրսևորումները հանգեցրին պաշտոնական վերապահումների՝ ՍԴ առաջ քշած պայմաններին։ Միջազգային հանրությունը համոզվեց, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում ենթարկվել Անկարայի նախապայմաններին։ Այս տրամաբանությամբ՝ որքան զանգվածային տեսք ունենան մեր բողոքները, կարծում եմ, ազգային-պետական շահերից մեկնած, այնքան նպաստավոր կլինի հայկական կողմի համար։ Կարևոր է ժամանակ շահելը։ Բողոքները պետք է ընկալել ազգային-պետական համընդհանուր շահերի համատեքստում։
Անուշ Մկրտչյան