Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երևանում․ Միացեք պայքարին
03 Մայիս 2022
Այսօր վաղ առավոտից Երևանում վերսկսվել են «Դիմադրության շարժման» բողոքի ակցիաները։ Փակվել են խաչմերուկներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Նշենք, որ Խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում նաեւ մարզերում։
Ինչպես և երեկ, ոստիկանները փորձում են, շատ դեպքերում բռնի ուժ գործադրելով, հեռացնել քաղաքացիներին ճանապարհի երթևեկելի մասից։
Սիրելի հայրենակիցներ, միացեք մեր պայքարին․ բարձրաձայնում են ակցիայի մասնակիցները։
Ձայնային ազդանշաններով վարորդները միանում են բողոքի ակցիա իրականացնողներին, նրանցից որոշներն անգամ մեքենաներից դուրս են գալիս և միանում քայլերթի մասնակցիներին։
«Առանց թուրքի Հայաստան»՝ հնչում էր քաղաքի տարբեր փողոցներում։
Արդեն ակնհայտ է, որ այսօր բողոքի ակցիաների մասշտաբները շատ ավելի մեծ են՝ մեր հայրենակիցներն ինքնակազմակերպվելով դուրս են եկել փողոց․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով Ֆրանսիայի հրապարակից անհնազանդ քաղաքացիների խմբի հետ շրջում է մայրաքաղաքի փողոցներով՝ տարբեր հատվածներում փակելով դրանք։
Նշենք, որ ճանապարհին Թատերական իստիտուտի ուսանողները միացան Իշխանի հետ երթ անող ցուցարարներին։
«Տեսնում եք՝ ինչ է կատարվում․ ուզում ենք փողոց փակենք՝ արդեն բոլորը փակ են։ Բրավո մեր հայրենակիցներին։ Սա ամբողջ Հայաստանում է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Սարյան փողոցում սևբերետավորները գրոհեցին երթի մասնակիցների վրա։
Բայց սևբերետավորներին միացան կարմիրբերետավոր ոստիկանները և անկարգություններ սադրեցին։ Նրանք բռնի ուժ կիրառելով՝ սկսեցին բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին։
«Նիկոլ, դավաճան»՝ սկսեցին վանկարկել ցուցարարները։
Իշխան Սաղաթելյանի կոչով՝ ցուցարարները դուրս եկան մայթ և շարունակեցին առաջ շարժվել։
«Ինձ թվում է՝ մենակ մեր երթից մի հարյուրից ավելի մարդ տարան, բայց ո՞ր մեկին տանեն՝ անկասելի է։ Զորքին ուղարկել է ժողովրդի դեմ՝ ի՞նչ հիմնավորումով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Փողոցներ փակելուց հետո ակցիայի մասնակիցները «Ուսանող, միացիր» վանկարկումներով կանգ առան նախ Հյուսիսային համալսարանի, ապաա Երեւանի Պետական Համալսրանի մոտ՝ դասախոսներին և ուսանողներին կոչ անելով միանալ իրենց պայքարին։
ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ և Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը միացան ցուցարարներին։ Ակցիայի մասնակիցները ողջունեցին իրենց միացած ուսանողներին։
Համալսրանի կենտրոնական մասնաշենքի բակում հավաքված էին մեծ թվով ոստիկաններ, ովքեր փակել էին համալսարանի մուտքը։
Ակցիայի մասնակիցներին ի վերջո հաջողվեց մուտք գործել ֆակուլտետներից մեկը՝ կոչ անելով դասադուլ անել եւ միանալ հանուն հայրենիքի իրենց պայքարին։
Այսօր, երեկոյան ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, օրվա աշխատանքը ամփոփելու և վաղվա աշխատանքները պլանավորելու նպատակով․ «Դիմադրության շարժման» բողոքի ակցիաների ավարտից հետո հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ Ոստիկանության լրատվության վարչությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ այսօրվա անհնազանդության գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկել 117 անձ: