Ժողովուրդը և այս հրապարակն են որոշելու՝ ովքեր են ՀՀ հաջորդ իշխանությունները․ Իշխան Սաղաթելյան
03 Մայիս 2022
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ ապրիլի 3-ին «Դիմադրության շարժման» բողոքի ակցիաներից հետո, Ֆրանսիայի հրապարակում հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Մեր քաղաքացիներն արդեն ինքնակազմակերպվելով ձևավորել են խմբեր և դուրս են եկել իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու, պահանջելու իշխանության հրաժարականը․ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով մարզերում իրականացվող բողոքի ակցիաներին՝ նա տեղեկացրեց, որ այս պահին փակ է Գեղարքունիք-Սևան-Վարդենիս ճանապարհը, Կոտայքի, Լոռու, Արարատի, Շիրակի և Արագածոտնի մարզերում ևս միջպետական ճանապարհներ են փակ, և քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիաներ իրականացնելու։
«Այսօր առավոտվանից մեր քաղաքացիները փակել են 2 տասնյակից ավելի երևանյան փողոց, մինչև այս պահն էլ տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս պահին 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան, բայց անգամ ոստիկանության բաժանմունքներում նրանք ազգային-հեղափոխական երգեր են երգում, այնպես որ նրանց ոգին կոտրել հնարավոր չէ։
«Ոստիկանները շարունակում են բիրտ ուժ կիրառել, հատուկ աչքի են ընկնում սև բերետավորները, որոնք ակնհայտորեն ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից։ Տեղեկություններ ունենք, որ դրանց մեջ կան մարդիկ, որոնք որոշ օլիգարխների և Նիկոլի շրջանակների կողմից հանձնարարություններ են կատարում»,- ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ իշխանամերձ շրջանակները տեղեկություններ են տարածում, որ փողոցներում քիչ քաղաքացիներ կան, համալսարանների ուսանողները չեն միանում շարժմանը և այլն։
«Այսօր եղանք ԵՊՀ-ում, մտել ենք 10-ից ավել լսարարաններ, որից միայն մեկում կային ուսանողներ։ Իրականությունը մի բան է, իշխանությունների ներկայացածը մեկ այլ բան, իրենք իրավիճակին չեն տիրապետում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իշխանական շատ ներկայացուցիչներ հորդորում են ոստիկաններին բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Հարցին՝ ինչպես է վերաբերում իշխանական պատգամավորների՝ ԱԺ գնալու և այնտեղ հայտարարություններ անելու հորդորներին, Սաղաթլյանը ասաց․
«Ես ի՞նչ պատասխանեմ այդ «դուխով գլխարկներին»։ Ես կրկնում եմ՝ ՔՊ-ն ունի շանս չկիսելու Նիկոլի դավաճան քաղաքականությունը, մենք պատրաստ ենք իրենց ազատել գերությունից։ Այսօր իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելը, ոչ թե Վարդենիսն ու Սյունիքը պահելու խնդիրը»,-ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ Ալիևը նույնպես անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներից։
«Ժողովուդը և այս հրապարակն է որոշելու՝ ովքեր են լինելու ՀՀ հաջորդ իշխանությունները, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, արդեն ունենք հանրային արձագանք, հիմա մեր խնդիրն է մի քանի օրվա ընթացքում այդ մարդկանց իջեցնել փողոց»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու․ հայտարարեց Իշխան Սաղթելյանը արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ պատրաստ են ընդդիմության հետ երկխոսել:
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների գրառումներին, որոնց միջոցով շնորհակալություն էին հայտնում Ոստիկանությանը՝ այս օրերին իրականացվող գործողությունների համար, Իշխան Սաղաթելյանն ասաց.
«ՔՊ-ն շնորհակալ է Ոստիկանությանը, քանի որ նրանք հասարակական կարգ չեն պահում, իրենց իշխանությունն են պահում, այնքան անամոթ են, որ այդ նույն ոստիկաններին, որոնք Շուշիում կոտորվեցին, մեկ անգամ չցավակցեցին, իսկ այսօր անընդհատ ծափահարում են և ստիպում, որ բռնություն գործադրի քաղաքացիների նկատմամբ և երբեմն ոստիկանությունը տեղիք տալիս է: Իհարկե, շնորհակալ կլինեն ոստիկանությանը, քանի որ միակ հենարանը, որ այսօր ունեն երկրում, ոստիկանությունն է»,- ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ բողոքի ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 16։00-ն, որից հետո ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում կհավաքվեն՝ ամփոփելու այսօրն ու միասին պլանավորելու վաղվա անելիքները։