Համոզված եմ, որ հաղթանակները սարերի հետևում չեն․ Դավիթ Իշխանյան
04 Մայիս 2022
Մոտենում է մայիսի 8-ը` Շուշիի ազատագրման օրը, որը երկու տարի է՝ օկուպացված է թշնամու կողմից: «Ինչպե՞ս են արցախցիները նշելու մայիսի 8-ը կամ առհասարակ նշելո՞ւ են» հարցի պատասխանը iravunk.com-ը փորձել է ստանալ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանից․
Այս տարի Շուշիի ազատագրման 30-ամյակն է, ցավոք սրտի, այսօր Շուշին բռնազավթված է, բայց մենք չպետք է ձեռնպահ մնանք եւ որեւէ պետական միջոցառում չանենք: Համոզված եմ, որ մեր վերաբերմունքը պետք է լինի նույնը, ինչ որ մինչեւ 2020թվականն էր: Անցած տարի, հասկանալի պատճառներով, մենք զերծ մնացինք որեւէ միջոցառում կազմակերպելուց, բայց հանուն Արցախի, հանուն ապագայի` պարտավոր ենք մեր օրակարգում պահել Շուշիի ազատագրումը: Հենց այդ պատճառով էլ մայիսի 9-ը պետք է նշվի որպես եռատոն, այդ թվում՝ Շուշիի ազատագրման օր:
-Արդեն ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ իրականացվո՞ւմ են:
-Մենք ունենք որոշակի գաղափարներ եւ առաջարկություններ, առաջարկել ենք նաեւ պետական այրերին համապատասխան ձեռնարկ կազմակերպել: Դեռեւս վերջնական պատասխան չունենք: Ասեմ, որ մեր տոնացույցում մայիսի 9-ը որեւէ փոփոխության չի ենթարկվել, ինչը նշանակում է, որ ունենալու ենք համապատասխան վերաբերմունք:
-Հավատո՞ւմ եք, որ մի օր կրկին Շուշիում կլինենք:
-1988 թվականին ազգային — ազատագրական պայքարը նախանշեց մեր ուղին: Այդ ճանապարհին ունեցանք բազմաթիվ վայրիվերումներ` հաջողություններ, կորուստներ, այդ թվում՝ մարդկային: Այսօր էլ մեր նպատակները չեն փոխվել, համոզված եմ, որ հաղթանակները սարերի հետևում չեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ