Մի օրակարգ կա իշխանության հետ քննարկելու՝ անցնցում, արագ հեռանալու օրակարգն է. Իշխան Սաղաթելյան
04 Մայիս 2022
Այսօր՝ մայիսի 4-ին «Դիմադրության» շարժումը վերսկսել է անհնազանդության լայնամասշտաբ ակցիաներ՝ Երևանում և մարզերում։
Առավոտից քաղաքացիները ինքնաբուխ ակցիաներ են իրականացրել՝ փակելով խաչմերուկներ, կամուրջներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Երեւանում տարբեր ուղղություններով տեղի են ունեցել Դիմադրության» շարժման երթեր։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիները երթով, փողոցներ փակելով ու իրազեկման ակցիա իրականացնելով, քայլել են դեպի Մաշտոցի պողոտա։
«Այսօր առավոտից մեր հայրենակիցները ողջ մայրաքաղաքում սկսել են բողոքի անհնազանդության ակցիաներ, այս պահին շուրջ 10 ուղղություններով նման քայլերթեր են իրականացվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իշխան Սաղաթելյանը։
Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիվը ժամ առ ժամ, րոպե առ րոպե ավելանում է, երեկ տեսաք, թե երեկոյան տեղի ունեցած երթին քանի տասնյակ հազար մարդ էր մասնակցում։
«Հստակ կարող ենք արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահվածքով արձանագրեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Հիմա կարող ենք փաստել նաև, որ իրենք չունեն այլևս իշխանություն և պետք է օր առաջ հեռանան»։
Հարցին՝ իշխանության կողմից ստեղծված իրավիճակը քննարկելու առաջարկներ եղե՞լ են, Սաղաթելյանը ասաց, որ իրենց հետ խոսելու մի օրակարգ կա և դա օրվա իշխանությունների անցնցում և արագ հեռանալու օրակարգն է։
«Մեր պայքարը ավարտվելու է Նիկոլի հեռացմամբ և Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, որովհետև այս մարդիկ պետությունը տանում են կործանման։ Իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը չի թուրքացվելու։
Ժողովրդական ճնշման տակ այս իշխանությունները պետք է հեռանան և րոպե առ րոպե ինչ ուզում ենք, տեղի է ունենում»,- ընդգծել է Իշխան Սաղթելյանը։
Խոսելով իրենց հետագա քայլերի և գործողությունների մասին՝ Սաղաթելյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն՝ տարբեր ուժերից բաղկացած։
Ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով, ովքեր մեր պետության համար լուրջ սպառնալիք․ ասել է Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ ԱԱԾ-ին հանձնարարել է փողոցից բերման ենթարկվածների տվյալները փոխանցել ՊՆ-ին, որպեսզի նրանց տանի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը պահպանելու։
«Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում․ իշխանությունը ժողովուրդն է և առաջիկա օրերին իրենք դա իրենց մաշկի վրա կզգան, եթե դեռ չեն հասկացել։ Ես հասկանում եմ իրենց խուճապը»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Այս պահին ողջ Հայաստանով մեկ շարունակվում են խաղաղ անհնազանդության ակցիաները: Ժամը 15:30-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում․ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։