Ոստիկանների շատ գործողություններ հանցագործություններ են․ Արծվիկ Մինասյան
04 Մայիս 2022
Ոստիկանների գործողությունները առանձին դրվագներում հանացագործություններ են և միանշանակ պատասխանատվություն են կրելու․ Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ընդ որում, ոչ միայն բռնության գործադրման կոնկրետ փաստերով հաստատված, այլ նաև անձին առողջական ծանր վնասվածքներ պատճառելու փաստերով հաստատված։ Այդ անձինք պատասխանատվություն են կրելու միանշանակ՝ անկախ նրանից երբ է պատասխանատվությունը վրա հասնելու։ Ինչպես որոշ փնթի պատգամավորներ փորձում են շնորհակալություն հայտնել և ասել՝ տարեք սահման, այ դրանց պետք է տանել սահման և առաջին դիրքերում կանգնեցնել, որպեսզի թուրքին ու Ադրբեջանցուն նման բան անեն»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Այս իշխանությունը խոստանում էր երջանկություն, բայց բերել է դժբախտություն, խոստանում էին Արցախի պաշտպանություն, բայց բերել է Արցախի զգալի հատվածի կորուստ, խոստանում էր սահմանների պաշտպանություն, բայց իրենց օրոք Հայաստանի սահմանները այսչափ անպաշտպան չեն եղել։
«Հայաստանի սահմանների ծավալը այնքան է ընդլայնվել, որ Հանրապետության գրեթե ամեն երրորդ բնակավայր դարձել է սահմանային։ Այսպիսի իշխանությունը ինչպես կարող է անվտանգ ապագա ապահովել, իրենց պատկերացրած ապագան թուրք-ադրբեջանական տանդեմին ստրկանալու, սեփական բանակ չունենալու ապագան է»,- ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/x5cs2a3vx6A