Ցավոք, այս պայմաններում հաճախ գործատուները մի կողմ են դնում ԱՕ-ն և ճնշում են գործադրում իրենց աշխատակիցների վրա. Սուրեն Պարսյան
04 Մայիս 2022
Վաղ առավոտից Երևանում շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները, քաղաքացիները ճանապարհներ են փակում, ուսանողները դասադուլ, իսկ աշխատողները գործադուլներ են անում։
Գործադուլներն, իհարկե, անհետևանք չեն կարող լինել, և ինչպես ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գործատուն կարող է իր աշխատակցին պատասխանատվության ենթարկել՝ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։
«Ըստ սահմանված կարգի՝ գործատուն պարտավոր է նախ գրավոր պահանջել բացատրություն՝ նշելով, թե ինչ է խախտել աշխատողը՝ ժամային մասով, կարգապահական մասով և այլ։ Աշխատողը կարող է ներկայացնել բացատրագիր կամ ոչ։ Ցավոք, այս պայմաններում շատ հաճախ գործատուները ուղղակի մի կողմ են դնում Աշխատանքային օրենսգիրքը և ուղղակի ճնշում են գործադրում իրենց աշխատակիցների վրա։ Աշխատակիցները ազատ են, կարող են ոչ աշխատանքային ժամերին կամ կարող են նաև դիմել գործատուին, օրինակ, իրենց հաշվին արձակուրդ վերցնեն։ Գործատուն կարող է տալ իր համաձայնությունը կամ ոչ, որպեսզի իրենք կարողանան զբաղվել իրենց քաղաքական գործունեությամբ։ Գործատուն իրավունք չունի սահմանափակել աշխատողի քաղաքական գործունեությունը ոչ աշխատանքային ժամերին, իրավունք չունի կոչեր անել, իրավունք չունի սպառնալ և այլն։ Այսինքն՝ բոլորը ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումը ներկայացնելու հարցում։ Աշխատանքային օրենսգիրքը հստակ կարգավորում է աշխատող-գործատու հարաբերությունները»,- ասաց Պարսյանը։
Նա նշում է, որ իրեն դիմել են քաղաքացիներ՝ հայտնելով, որ գործատուն պահանջել է բանավոր բացատրություն ներկայացնել։
«Գարծատուն այդ իրավունքը չունի, պետք է գրավոր պահանջ ներկայացնի աշխատակցին։ Աշխատակիցն ինձ հետ խորհրդակցելուց հետո գործատուին փոխանցել է, որ Աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածով գործատուն պարտավոր է գրավոր ներկայացնի պահանջը։ Այդ դեպքում արդեն աշխատողը կորոշի գրավոր ներկայացնել բացատրությունը, թե ոչ»,- ասաց Պարսյանը։