Իշխանության մնալու իրենց միակ հենարանը ոստիկանական ուժերն են․ Իշխան Սաղաթելյան
05 Մայիս 2022
Այսօր՝ մայիս 5-ին, Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցով հանդես է եկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում, Հայաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են երթերը, բողոքի անհնազանդության ակցիաները։
«Կային մի շարք փակ փողոցներ։ Ոստիկանության հայտարարությունը, որ բաց են բոլոր փողոցները, ամեն ինչ հանգիստ է, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա։
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ, այսօր ոստիկանները բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառել են խայտառակ անհամաչափ բռնի ուժ, առնվազն 150 բերման ենթարկված ունեն։
«Բերման էր ենթարկվել նաև «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ»-ից Համբիկ Սասունյանը։ Բոլորը գիտեն՝ ով է նա։ Այդ քայլով ոստիկանությունն ու Նիկոլը հավանաբար ցանկանում էին թուրքերին և ադրբեջանցիներին դուր գալ։ Թուրքական մանուլի արձագանքը տեսնեիք՝ որքան երջանիկ, ուրախ էին, որ հայ վրիժառուն, 40 տարի բանտարվելուց հետո, Երևանում մայթեզրին կանգնած հարձակման է ենթարկվում հայ ոստիկանի կողմից»,- ասաց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ չնայած ոստիկանության այդ քայլերին, ժողովրդի կամքն անկասելի է, որքան ձերբակալեն, այնքան ավելանալու են։
«Սրանով միայն խայտառակում են իրենց, շարունակում են կատարել վարչապետի աթոռին հայտնված անձի ապօրինի հրահանգները, բայց երկար չեն կարողանա, քանի որ գալու է մի պահ, որ պարտավորված են լինելու զեկուցել՝ այլևս իրավիճակին չեն տիրապետում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նա նշեց, երբ իրեն հարցնում են, թե երբ է գալու այն օրը, որ Փաշինյանը վերջնական հրաժարական տա, պատասխանում է՝ երբ ուժային կառույցները զեկուցեն կառավարության ղեկին հայտնված անձին, որ այլևս չեն կարողանում կասեցնել ժողովրդի ցասումը։
«Օրեցօր շարժումը թափ է հավաքում, մեր հայրենակիցները ոտքի են կանգնում, չնայած եղանակային պայմաններին, դժվարություններին։ Այս ամեն ինչը ճնշել հնարավոր չէ, իրականում համազգային պայքարի է վերածվել, շատ արագ առաջ ենք գնում։ Խնդիր ունենք առաջիկա օրերին ծավալներն ավելի մեծացնելու ու վերջնական ծնկի բերելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, Փաշինյանի հեռանալու հանրային պահանջն ակնհայտ է, սակայն իշխանությունները շարունակում են իրավիճակին չտիրապետել։
«Իշխանության մնալու իրենց միակ հենարանը ոստիկանական ուժերն են, դրա համար անընդհատ կամ ճնշում են կամ ոգևորվում ոստիկանությանը, որ շարունակի բռնի, անհամաչափ ուժ կիրառի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Դժբախտաբար, ոստիկանությունը տեղիք է տալիս այդ ճնշումներին, բայց ասում եմ՝ ինչ-որ պահ է գալու, որ այլևս չեն կարողանալու»,- ասաց նա։
Անդրադառնալով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի կոչին ԱԱԾ-ին՝ հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր բերման ենթարկված տղաներից առնվազն 40-ը եղել են 44-օրյա պատերազմի մասնակից, եղել են առաջնագծում, կորցրել են ընկերներ. «Բայց ո՞ւր էր Անդրանիկ Քոչարյանն ու իր տղան, մնացածները։ Սրիկայությանը վերջապես չափ ու սահման կա, թե ոչ։
Իսկ եթե իրենք մեզ վախեցնում են լագերներով, բանտարկություններով, իրենց օրը շատ մոտ է, իրենք են դավաճանություն գործել պետության, հայրենիքի նկատմամբ։ Իրենք ի՞նչ իրավունք ունեն այդ թեմայից խոսել։ Միայն սպառնալիք, բռնություն։ Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ակնհայտ փորձում են մեկ մարդու դիկտատուրա հաստատել։ Դիմում եմ միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին, պետք է արձագանքեն, իրենք իրենց լռությամբ նպաստում են որպեսզի օրվա իշխանությունը ապօրինի ճնշումներ գործադրի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»։