«Զարթնի՛ր, լաո»․ «Դիմադրության» շարժման հանրահավաքը եւ քայլերթը
05 Մայիս 2022
Մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման բազմահազար հանրահավաքը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ վրաններից մեկում քաղաքացիներից մեկը սրտի կաթվածից մահացել է։ Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացու հիշատակը։
Նա նշեց, որ քաղաքացին մահացավ, որովհետև տարածքում շտապօգնության մեքենա չի եղել։
«Քաղաքացին դուրս էր եկել պայքարի, իր կյանքի վերջին ժամերն անցկացրել է այս պայքարում։ Պայքարը շարունակելու ենք նաև՝ հանուն այդ քաղաքացու հիշատակի»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ այսօր շարունակվել են անհնազանդության ակցիաները հանրապետության մի շարք վայրերում։ Իսկ այս պահին փակ է Իջևան-Երևան ավտոճանապարհը։
Նա հայտնեց, որ մեկնարկում է երթ դեպի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ, որից հետո հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում շարունակվելու է։
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո երթը շարժվեց առաջ։ Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։
Նշենք, որ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցել է քայլերթին։
Երթը մի պահ կանգ առավ ՀՀ ոստիկանության շենքի մոտ, որտեղ Իշխան Սաղաթելյանը դիմեց ՀՀ ոստիկանությանը՝ նշելով․ «Իշխող քաղաքական խմբակը ամեն կերպ դրդում է ոստիկանությանը, որ դիմեն բռնությունների»։
Նա կոչ արեց ոստիկաններին չկատարել Փաշինյանի «ապօրինի» որոշումները․ «Զգուշացնում եմ Ներքին զորքերի հրամանատարին, ով տարբեր թելերով կապված է Նիկոլի հետ, պատասխան եք տալու», – ասաց նա
Կորյունի փողոցով անցնելիս՝ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները կանգ առան մի պատշգամբի տակ, որից դրոշով իրենց էր ողջունում արժանապատիվ մի քաղաքացի։ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց իջնել և միանալ պայքարի երթին։ Քաղաքացին իջավ և առաջնորդեց երթը։
«Տեր ենք մեր հայրենիքին», «Պայքար», «Պայքար» վանկարկումներով քայլերթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաքը շարունակվեց։
Ֆրանսիայի հրապարակում բաժանվեցին թռուցիկներ, որոնց վրա QR կոդ էր, որը ներբեռնելով հնարավոր է տեղեկանալ «Դիմադրություն» շարժման գործողությունների մասին։
Հարթակից եղավ առաջարկ՝ պատշգամբներից Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դրոշներ կախել՝ ի աջակցություն այս պայքարի։
Ելույթներով հանդես եկան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի հարազատը՝ Եղիշե Զաքունցը, Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, Պատմական գիտությունների թեկնածու, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Արսեն Ջուլֆալակյանը, ՀՀ Աժ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հանրահավաքի ավարտին եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը: Նա նախ արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին, ասելով․ 2018-ին իշխանության եկան քո գաղափարները կրողներն ու հոգեզավակները, որոնք Արցախի 72 տոկոսը տվեցին։ Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը ոչինչ չեք կարող փաթաթել», ապա խոսեց վաղվա անելիքների մասին։
https://youtu.be/LXzuJkAJQRM