Իշխանության գլուխ Փաշինյանի մնալը լրացուցիչ սպառնալիք է Հայաստանի եւ Ղարաբաղի համար․ Արթուր Մոսիյան
05 Մայիս 2022
Մենք եկել ենք աջակցելու, քանի որ սպառնալիքի տակ է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմությանը սատարելուն պետք է մասնակցեն բոլորը՝ լինեն Հայաստանից, Ղարաբաղից, թե Սփյուռքից։ «Մենք չենք պատրաստվում կորցնել մեր հայրենիքը։ Եվ այս դեպքում ես նկատի ունեմ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ղարաբաղը»,- ասաց քաղաքական գործիչը։
Միաժամանակ պատգամավորը հայտնեց, որ իրեն հայտնի չէ Ղարաբաղի հարցով ընթացիկ բանակցությունների օրակարգը։ Նա նաեւ կոչ արեց Հայաստանի ներկայիս վարչապետին ավելի պարզ եւ հստակ խոսել։ «Նա նորից ստում է։ Մինչ այդ նա նույնպես շատ բաներ էր ասում, բայց հետո տեսանք կապիտուլյացիայի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը։ Նա ամեն ինչ գաղտնի էր պահում ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունից, այնպես էլ հայ հանրությունից ու Հայաստանի կառավարությունից։ Այս մարդը արդեն չորս տարի է, ինչ իշխանություն է, եւ ամեն Աստծո օր, գիշեր թե ցերեկ, փոխում է իր կարծիքը։ Ամեն անգամ նոր բան է ասում։ Նա վստահություն չի վայելում ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի մեր հայրենակիցների շրջանում»,- ասաց Մոսիյանը։ Ընդդիմադիրը համոզված է, որ իշխանության գլուխ Նիկոլ Փաշինյանի մնալը լրացուցիչ սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար։
«Ցուցարարներն օր օրի ավելանում են։ Նրանց շարքերն ընդլայնվում են։ Այնպես որ, այլ ճանապարհ պարզապես չկա։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ զրկվել հայրենիքից։ Հայաստանի եւ Ղարաբաղի ոչ բոլոր բնակիչներն են Նիկոլ Փաշինյանի նման։ Մենք այս տեսակից չենք։ Այս մարդիկ դեռ ասելիք ունեն»,- ամփոփեց Դաշնակցության ներկայացուցիչը։