«Ազգակործան պատուհասի» հետ սեղան նստելու հարց չունենք․ Իշխան Սաղաթելյան
05 Մայիս 2022
Մեր ժողովրդի վզին հնարավոր չի զիջում փաթաթել, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքի իր խոսքում՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին․
«Հարգելի պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր 1997 և 98 թվականներին, որ հնարավոր չէ, պետք է զիջել, աշխարհը մեր դեմ է, Սերգո ջան լավ չես ապրի քանի դեռ Արցախը չենք զիջել։ Կյանքը ցույց տվեց, որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն և մենք Արցախը չզիջեցինք ու զարգացանք։
2018-ին իշխանության եկան քո գաղափարները կրողներն ու հոգեզավակները, որոնք Արցախի 72 տոկոսը տվեցին։ Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը ոչինչ չեք կարող փաթաթել»։
Ինչպես դու էիր ասել, ազգակործան պատուհասի հետ սեղան նստելու հարց չունենք, հավելել է Սաղաթելյանը՝ ի պատասխան Փաշինյանի հետ սեղանի շուրջ նստելու՝ առաջին նախագահի առաջարկին։
Վաղվա անելիքների մասին․
– Վաղը պետք է պարալիզացնենք ամբողջ քաղաքը։ Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում Ժամը 12:00-ին, բաժանվում ենք 4 խմբի։ Երթերը պետք է լինեն շատ մեծ քանակությամբ, որ ոստիկանությունը հնարավորություն չունենա բերման ենթարկելու:
– Պիտի հասնենք նրան, որ ուժային կառույցները չկարողանան ժողովրդի ցասումը որևէ կերպ կասեցնել:
– Ընդամենը 10 օրվա մեջ ժողովրդի մեծ մասին ոտքի ենք հանել։ Եթե էլի ավելանանք և ամբողջ իրադրությունը վերցնենք մեր տիրապետության տակ, հաշված ժամերի ընթացքում իշխանությունն անցնելու է ժողովրդին։
– Ակցիաներին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է մոտենան Ֆրանսիայի հրապարակի վրաններին, գրանցվեն, թողնեն իրենց հեռախոսահամարը, որ ներգրավվեն կոնկրետ միջոցառումներին։
– Շաբաթ օրը խոշոր ավտոերթով գնալու ենք մեր գեղեցիկ քաղաքներից մեկը՝ մեր մարզային բնակչության կողքին լինելու, ակտիվացնելու, համախմբելու և միասին Երևան գալու:
– Ուշադրություն մի դարձրեք բամբասանքներին ու խոսակցություններին։ Համախմբված, կազմակերպված, իրար աչքերի մեջ նայող, պարզ, անկեղծ կպնում ենք՝ այս պայքարը հաջողելու համար։ Բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները կան։ Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին։
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/dnCnlQG4pjY