Համաժամանակյա անհնազանդության երթ տարբեր ուղղություններով․ Երեւանում ճանապարհային երթեւեկությունը կաթվածահար էր
06 Մայիս 2022
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու Հայաստանի և Արցախի անվտանգությամբ անհանգստացած քաղաքացիների բողոքի ակցիաներն ու անհնազանդության գործողությունները շարունակվում են։ Այսօր, մայիսի 6-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրության» շարժման երթը 4 ուղղություններով․ տեղ են ունեցել անհնազանդության ակցիաներ։
Քաղաքի տարբեր ուղղություններով ոստիկանությունը մեծ քանակով զորք էր կուտակել։
Երթերի ժամանակ պարբերաբար տեղի են ունեցել բախումներ։
Լարված իրավիճակներ են ստեղծվել քաղաքի մի շարք պողոտաներում։
Իրավիճակը հատկապես ծայրահեղ լարվել է Արգիշտի-Մաշտոց-Հաղթանակի կամրջի հատվածում, երբ «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են երթևեկելի հատվածն ու կաթվածահար արել երթևեկությունը։ Հայտնվել են կարմիր բերետավորները և բռնի ուժ կիրառել երթի մասնակիցների նկատմամբ՝ բերման ենթարկելով նրանցից մի քանիսին։
Իշխան Սաղաթելյանը հորդորեց չտրվել սադրանքների։
Իրավիճակը լարվել է նաեւ Բաղրամյան պողոտայում, երբ երթի մասնակիցները որոշել են ամբողջությամբ փակել պողոտան։ Ոստիկանները փակել են նրանց ճանապարհը եւ թույլ չեն տվել առաջ գնալ։
Այսօր, Երեւանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել 50 անձ։
Նշենք, որ այսօրվա երթին մասնակցում էր նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որին ոստիկանները բերման ենթարկեցին։
«Դիմադրության» շարժման երթը Երեւանի փողոցներում մի շարք գործողություններ իրականացնելուց հետո, վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ՝ որտեղ ժամը 19։00-ին տեղ կունենա հանրահավաք։
https://youtu.be/Z9w3n7rkgaM