«Դիմադրության» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում
06 Մայիս 2022
Ֆրանսիայի հրապարակում մայիսի 6-ի երեկոյան, տեղի ունեցավ «Դիմադրության» շարժման հերթական բազմահազարանոց հանրահավաքը։
Ելույթներով հանդես եկան «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը, տնտեսագետ Կարեն Մկրտչյանը, ՀՀ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, Վայոց Ձորից ֆերմեր Տիգրան Եղոյանը, ԵՊՀ ուսանողուհի Եղեգնի Բաբայանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որովհետեւ չի կարողանում կամ չի ցանկանում պաշտպանել Հայաստանը եւ Արցախը․ իր ելույթում ասաց վեց տարի առաջ Կանադայից վերադարձած տնտեսագետ Կարեն Մկրտչյանը։
«2018 թվականին ես մասնակցել եմ իշխանափոխության ցույցերին, փակել եմ փողոցներ, սակայն ես խաբվել եմ, որովհետեւ Նիկոլի էությունը կեղծիք է։ Նիկոլ, դու մեր լուսավոր տղերքին զոհել ես ու դրա համար պետք է գնաս։ Կոչ եմ անում բոլորին, եթե չեք ուզում որեւէ մեկի կողքին կանգնել, եկեք միայնակ կանգնեք, բայց ձեր ձայնը լսելի դարձրեք։ Եթե մենք բոլորս միասնական լինենք, որեւէ նոր իշխանություն փորձ չի անի վերադառնալու նախկինին»,- նշեց Մկրտչյանը։
Ելույթներն ընդմիջվում էին օրվա հիշարժան դեպքերը ներկայացնող տեսանյութերով և հատուկ պատրաստված տեսահոլովակներով:
Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին վարչապետի հրաժարականի պահանջով՝ Դիմադրության շարժման ծանոթ կարգախոսները:
Իր եզրափակիչ խոսքում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա իրենց գործողությունների ծրագիրը․
Վաղը՝ ժամը 13-ին, Վանաձորում հրավիրում ենք հանրահավաք, 9։30 ավտոերթով Երևանից կշարժվենք:
«Ժամը 12-ին Երևանում Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա երթ, որին կմասնակցեն բացառապես կանայք ու աղջիկները։ Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մշակութային ծրագիր, իսկ 20։00-ին կրկին հանրահավաք, որից հետո էլ երթ։ Իսկ ժամը 13։00-14։00-ը Երևան քաղաքում բարձր երաժշտությամբ՝ «Արցախն է կանչում», ու «Զարթնիր Լաո» երգերով, մեքենաները երթ կիրականացնեն»։
«Պայքար, միություն, հաղթանակ»՝ վանկարկեցին հրապարակում հավաքված քաղաքացիները։
https://youtu.be/8t54SuKlTyk