Կանանց մասնակցությամբ երթ՝ հանուն Հայաստանի և Արցախի
07 Մայիս 2022
«Դիմադրության» շարժման ակցիների շրջանակներում այսօր՝ մայիսի 7-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց բազմահազարանոց երթը՝ բացառապես կանանց և աղջիկների մասնակցությամբ: Երթը կրում էր՝«Հանուն խաղաղության, Հանուն մեր երկրի անվտանգության, Հանուն մեր երեխաների, Հանուն մեր զոհված տղաների ու վաղվա ապահով Հայաստանի, Արցախի» խորագիրը:
«Միացում, Պայքար, Հաղթանակ», «Տեր ենք մեր Հայրենիքին», «Արցախ», «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով, հաղթական երաժշտության հնչյունների ներքո քայլերթը շարժվեց Երեւանի կենտրոնական փողոցներով։
Երթին մասնակցում են ՀՀ ԱԺ կին պատգամավորներ, մշակույթի գործիչներ, «Դիմադրություն» շարժման աջակիցներ, զոհված զինծառայողների մայրեր, քույրեր:
«Մեզ ասում են, որ այստեղ հավաքվածները պատերազմ են ուզում։ Նայեք առաջին շարքերին, որտեղ զոհվածների մայրերն են։ Այս մայրերը զոհաբերել են իրենց ամենաթանկը։ Իշխանական պալատում նստածներին հացնում ենք՝ ո՞նց կարող են այս մարդիկ պատերազմ ուզել։ Այս մարդկանց միակ ուզածը խաղաղությունն ու անվտանգությունն է։ Այս մարդկանց միակ ուզածը կայունությունն է», – ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս մարդիկ հայրենք ունենալու կռիվ են անում, որ կարողանան մյուսներն իրենց երազանքներն իրականացնել։
Դիմելով իշխանությանը՝ ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց․
«Հեռացեք, որ հնարավոր լինի փրկել Արցախն ու Հայաստանը։
Նա վստահեցրեց, որ մարդիկ հայրենիքի կռիվ են անում, ոչ թե աթոռի՝ դա ակնհայտ է ընդամենը մի հայացք նետելով։
«Սա որդեկորույս մոր պայքար է, ասում ենք՝ ոչ պատերազմին, ասում ենք՝ ոչ Նիկոլին»,– վանկարկում էին երթի մասնակիցները։
Կանայք Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ Պարոնյան փողոց, որտեղ կանգ առան՝ հարգելու Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակը։
«Սա թող լինի Նիկոլ Փաշինյանի վերջին սպանությունը»,- ասաց երթը համակարգող կանանցից մեկը։
Պռոշյան փողոցում երթը մի պահ կանգ առան կառավարական ամառանոցների մոտ։ Նրանք պահանջեցին, որ ոստիկանության պատնեշի հետևում թաքնված Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դուրս գան տնից ու մոտենան իրենց։ «Աննա Հակոբյանը ժամանակին «խաղաղության թեզեր» էր ներկայացնում և դրանից հետո պատերազմ բերեցին», – ասաց զոհված զինծառայողների մայրերից մեկը։
Երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Վախկոտ Նիկոլ», «Առանց թուրքի Հայաստան», «Պայքար»հետո «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճան, դավաճան»։
Կանանց մասնակցությամբ երթը հասավ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ․ օրհնության կարգը մատուցվեց հենց եկեղեցու բակում։ Հնչեց Տերունական աղոթքը։
Երեւանում կանանց երթը շարունակվեց՝ չնայած հորդառատ անձրեւին։
https://youtu.be/LJ8OAQtXqCc