«Դիմադրության» շարժման հանրահավաքը եւ քայլերթը
07 Մայիս 2022
Մայիսի 7-ի երեկոյան մեկնարկեց «Դիմադրության» շարժման հերթական հանրահավաքը, որին ներկա էին օրվա ընթացքում անհնազանդության ամենատարբեր ակցիաներ, երթեր եւ մարզային ավտոերթ իրականացրած քաղաքացիներ։ Հանրահավաքը սկսվեց համերգային ծրագրով, ապա ելույթներ ունեցան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Հայկազ խաչատրյանի հայրը, ՀՀ ՍԴ աշխատտակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Ելույթ ունեցողները իրենց խոսքում հիմնավորեցին այս իշխանությունների հրաժարականի հրամայականը, մեղադրեցին գործող իշխանությանը՝ երկիրը պարտությունների տանելու եւ ստեղծված իրավիճակում ելք գտնելու անընդունակության մեջ։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթեյանը ներկայացրեց օրվա նշանավոր իրադարձությունները՝ Լոռու մարզ իրականացված ավտոերթը, Ապարան եւ Սպիտակ քաղաքներում տեղի ունեցած հանդիպումները, Վանաձորում քաղաքի բազմամարդ հանրահավաքը, ինչպես նաեւ Երեւանում տեղի ունեցած կանանց եւ աղջիկների երթը։
Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանը հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի։ Երթից հետո քաղաքացիները կրկին կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ շարունակելու հանրահավաքը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը շարժվեց առաջ։ Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։
Քայլերթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբներից և լուսամուտներից։
Քայլերթին էր միացել ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս։
Երթի ընթացքում Իշխան Սաղաթեյանը բոլոր քաղաքացիներին կոչ արեց միանալ այս սրբազան պայքարին։
«Տեր ենք մեր հայրենիքին», «Պայքար», «Պայքար» վանկարկումներով քայլերթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաքը շարունակվեց։
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ վերահաստատեց մեդիափորձագետ Հայկ Դերզյանը եւ ներկաներին հավաստիացրեց, որ իշխանություններն այս օրերին իրենց ողջ քարոզչական զինանոցը օգտագործում են այս շարժումը վարկաբեկելու եւ խեղաթյուրելու համար։
«Այս հրապարակում է իշխանությունը, այստեղ է կերտվում երկրի ապագան»,- իր ելույթում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա դիմեց նաեւ մտավորականությանը եւ մշակույթի գործիչներին՝ ասելով, որ նրանց տեղն այստեղ է, այս հրապարակում։
Հանրահավաքի ավարտին եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը: «Ուժեղ պետությւն ունենալու համար պետք է կառավարման ուժեղ համակարգ եւ միասնական հասարակություն։ Մենք դա կարող ենք կյանքի կոչել։ Մենք ունենք այդ կամքն ու ներուժը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Այնուհետեւ նա ներկայացրեց վաղվա՝ մայիսի 8-ի ծրագիրը։ Առավոտյան՝ ավտոերթ դեպի Գյումրի, իսկ ողջ օրը Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենան արցախյան մշակութային միջոցառումներ։ Մայիսի 8-ին ժամը 13։00-ին հանրահավաք տեղի կունենա Գյումրիում։ «Իսկ մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը, բոլորիդ հրավիրում եմ այստեղ՝ ֆրանսիայի հրապարակ, մեր մեծ հանրահավաքին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
https://youtu.be/XE51u7zx_HE