Այստեղ է կերտվում վաղվա Հայաստանը․ Լիլիթ Գալստյան
07 Մայիս 2022
«Ես իմ պայքարի աննկուն քույրերին ու եղբայրներին հայտնի երգի խոսքով պետք է ասեմ. «Ես մեռնեմ մեր պայքարի ճշմարտությանը»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքի իր խոսքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Մեր ցանած սերմերը ծիլեր են տալիս։ Մեր պայքարն ալիքվում է Սփյուռքում, հասնում Հայաստանի մարզեր։ Սա խոսում է, իրապես, մեր պայքարի ճշմարտության, ազնվության մասին։ Հայաստանում այսօր երկիշխանություն է, այստեղ է իրական իշխանությունը։ Այստեղ է կերտվում վաղվա Հայաստանը, իսկ վախեցած իշխանությունը պատսպարվել է Ազգային Ժողովի ճաղավանդակների հետևում։ Նույնիսկ զոդած ճաղավանդակները ձեզ չեն փրկելու, ձեզ չեն փրկելու ոստիկանական հոծ զորքերը, վահանները, չի՛ փրկելու ոչինչ։ Դուք կանգելու եք պատմության դատաստանի առաջ։ Գալու է այդ օրը»,-նշեց Լիլիթ Գալստյանը։
«Ես ուզում եմ իմ խոսքն ուղղել այն մտավորականներին, որոնք ճակատագրական օրերին նախընտրում են լռել՝ ասելով, որ մեր գործը ստեղծագործելն է։ Այո՛, սիրելիներ։ Մեր գործը ստեղծագործելն է, եթե մենք ապրեինք սովորական, ոչ օրհասական պայմաններում, մինչդեռ այսօր Հայաստանը կանգնած է պետություն, երկիր ունենալու և չունենալու սահմանագծին։ Այսօր այս հրապարակում է որոշվում մեր ճակատագիրը։ Ձեր կոչումը սեփական ժողովրդի կողքին կանգնելն է, չկա ավելի թանկ ստեղծագործություն, քան հայրենիք ու պետություն կերտելը։
Սիրելի մտավորականներ, կույր պետք է լինել, որ չտեսնել Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը Ցեղասպանության երթն է։ Այն երթն է, որ հարյուր տարի առաջ սկսեց թուրքը։ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը հավատացել էին թուրքի խաղաղությանը, բայց այն դարձավ մահ ու Դեր Զոր։ Այդ երթն այսօր էլ շարունակվում է։
Հա՛յ մտավորական, կանգնիր քո ժողովրդի կողքին, դա է քո կոչումը։ Մի՞թե դու այսօր չտեսար հայ մայրերի երթը, որն առաջնորդում էին հերոսածին մայրերը։ Էլ ո՞վ, եթե ոչ նրանք, լավագույնը գիտեն խաղաղության գինը։ Բայց նրանք Նիկոլից խաղաղություն չեն սպասում։
Սիրելի մտավորականներ, մենք սպասում ենք ձեզ, մեր բանակը պետք է մեծանա, նահանջի ճանապարհ չկա։ Մենք նաև տեսակի կռիվ ունենք։ Մենք միասին կերտելու ենք Նիկոլից հետոյի Հայաստանը։ Ոտքի հայ մարդ, հայ մտավորական, հայ երիտասարդ»,-ելույթի վերջում ասաց Լիլիթ Գալստյանը։
https://youtu.be/tSR7ZUFH0J4