«Դիմադրության» շարժման ավտոերթը եւ հանրահավաքը Գյումրիում
08 Մայիս 2022
Աշտարակի խճուղուց այսօր վաղ առավոտից մեկնարկեց «Դիմադրության» շարժման ավտոերթը դեպի Գյումրի, որտեղ ժամը 13։00-ին նախատեսված էր հանրահավաք:
Հոռոմի խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ փակեցին ճանապարհը, «Դիմադրություն» շարժման անդամներին թույլ չտալով մեկնել Գյումրի։
Քիչ անց, սակայն իրավիճակը հարթվեց եւ ավտոերթը հասավ Գյումրի, որտեղ տեղի ունեցավ նախատեսված հանրահավաքը։
ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանն անդրադառնալով ճանապահին տեղի ունեցած միջադեպին ասաց․ «Սա Նիկոլ Փաշինյանի ամենաստոր արարքներից մեկն է. հային հանել հայի դեմ՝ օգտվելով ծնողների զգացմունքային իրավիճակից, օգտվելով այն փաստից, որ իրենից է կախված գերեվարվածների վերադարձը։ Հային հայի դեմ հանելով՝ նա փորձում է զսպել ընդդիմության հավաքները։ Հիմա մենք ասում ենք, Նիկո՛լ, քեզ մոտ չի ստացվելու, որովհետև արժանապատիվ հայ մարդիկ ոտքի են կանգնել դուրս շպրտելու քեզ, վերականգնելու մեր կոտրված ողնաշարը»։
«Մենք ժամանակ չունենք, ժողովուրդ ջան, թշնամին եկել, մեր տուն է մտել։ Սա պաշտոնի, մեկ հոգու, մի խումբ մարդկանց պայքար չէ, սա բոլորիս պայքարն է և մենք պետք է դառնանք մեկ բռունցք»,- հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Գյումրեցի քանդակագործ Արտյուշ Գևորգյանի խոսքով՝ Գյումրու Թատերական հրապարակ են եկել կայացած, ինտելեկտուալ մարդիկ, քանի որ իրենց ապրած 34 տարվա կյանքը, իրենց երիտասարդությունը, որ եղել է հանուն Արցախի, սուտ լինել չի կարող, որովհետև Նիկոլը չի կարող Արցախը միացնել Ադրբեջանին, որովհետև իրենց երեխաները պայքարել և պայքարելու են դրա համար: Նա կոչ արեց գյումրեցիներն տեր կանգնել իրենց երկրին, որի մասնիկն են:
Շիրակի պետական համալսարանի դասախոս Երեմ Մալխասյանը հանրահավաքի ժամանակ դիմեց Փաշիյանին՝ ի՞նչ է, հիմա մեր Տավուշն ու Սյունիքն էլ են գորշ ու մռայլ քաղաքներ, հանձնենք թուրքին, որքան կարելի է լռել: Հեռացի՛ր, թող ազգը հանգիստ ու խաղաղ ապրի։ Նա ավարտեց խոսքն ասելով՝ «Առանց նիկոլ Հայաստան»։
Իր ելույթում ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց այս իշխանությունների դիրքորոշումը գերիների խնդրի մասին․ «Հիշո՞ւմ եք՝ ասացին, մեր տղաները չեն նեղանա, որ մեկ-երկու ամիս ավելի մնան Բաքվի բանտերում»։
Նա նշեց, իշխանությունները հայտարարել են, գերիների հարցը համարվում են փակված, իսկ հիմա այդ մարդկանց դժբախտությունը ցանկանում են շահարկել, փորձում են նրանց էլի խաբել։
«Այդ մարդիկ՝ իշխանությունները, թող իրենց խոստումը կատարեն։ Չորս տարի կլինի, որ Փաշինյանը վարչապետ է։ Այս ընթացքում ի՞նչ է արել, որ մարդկանց ասում է՝ ինձ էլի ժամանակ տվեք։ Ո՞ր խոստումն է կատարել։ 2018-ին ասում էր՝ ձեզ երջանկություն կբերեմ։ Ես խոսքս ուղղում եմ Հոռոմի խաչմերուկում հավաքված մարդկանց, դուք երջանի՞կ եք, ձեզ երջանկություն բերե՞լ է։ Հիմա ասում է խաղաղություն կբերեմ, խաղաղություն ծնկի իջած չեն ստանում, աշխարհի ոչ մի թույլ ժողովուրդ խաղաղ չի ապրում, մուրալով խաղաղություն չկա»,-ասաց նա։
«Առանց նիկոլ Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկեցին հանրահավաքի մասնակիցները:
Հանրահավաքն ամփոփեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը․ Վաղը՝ մեր հաղթանակի օրը, Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը պետք է տեսնի, թե հաղթող ժողովուրդը ոնց է լինում:
Վերջինս ներկաներին կոչ արեց ժամը 17:00-ին գալ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ վաղը՝ մայիսի 9-ին, պետք է մեծ հանրահավաք տեղի ունենա:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Գյումրիի հանրահավաքին․
«Չնայած իշխանական բոլոր սադրանքներին, այս պահին Գյումրիում բազմահազարանոց հանրահավաք է:
Հայաստանը ոչ միայն արթնացել է, այլև ոտքի է կանգնում»,-գրել է նա։