Փաշինյանի իշխանությունը որքա՞ն կարող է ծվարել վահանների հետեւում․ Լիլիթ Գալստյան
09 Մայիս 2022
Իշխանությունը գիտակցում է իր օրերի վերջնաժամկետը եւ իր հենարանը մնացել է բռնությունը եւ ուժային կառույցները. այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում երկիշխանություն է, եւ այդ երկիշխանության պատկերն այնքան ցցուն է Ֆրանսիայի հրապարակում հանրային ընդվզման օրեցօր մեծացող ալիքի եւ Ազգային ժողովի զոդված պարիսպների հետեւում։ Այդ վահանների եւ հոծ բազմության հետեւում որքա՞ն կարող է ծվարել Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Գալստյանը։
Լիլիթ Գալստյանի խոսքով՝ իշխանությունը բռնաճնշումներով եւ մարդաորսությամբ փորձում է ճնշել ընդվզման ալիք։
«Տեսնելով, որ ՀՅԴ-ն «Դիմադրություն» շարժման առաջամարտիկներից է, բռնություններ են սկսել մեր կառույցի նկատմամբ։ Մեզ հնարավոր չէ մահակներով, բանտերով, Նիկոլ Փաշինյանի ստահակական հայհոյանքներով վախեցնել։ Արժանապատիվ հայ ժողովուրդը արթնացել է։ Այն Փաշինյանը, որը սիրով եւ թավիշով եկավ իշխանություն, այժմ եթե համարձակություն ունի, թող գեթ մեկ վայրկյան անցնի փողոցը հեծանիվով»,- նշեց Լիլիթ Գալստյանը։