«Դիմադրության» շարժման համազգային հանրահավաքը եւ քայլերթը
09 Մայիս 2022
Մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման համազգային հանրահավաքը։ Հանրահավաքից առաջ ներկայացվեց համերգային ծրագիր։
Ապա ելույթներ ունեցան ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, Արցախի խորհրդարանի 3 գումարման պատգամավոր ու Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ԱՄՆ-ից հանրահավաքին մասնակցելու համար Երևան ժամանած, գործիչ Հովիկ Սալիբան, Սիսական գնդի հրամանատար Աշոտ Միանասյանը («Աշոտ երկաթ»)։
Հանուն ուժեղ Հայաստանի և հանուն ինքնության փրկության՝ Սփյուռքը կզորակցի Հայաստանին․ իր ելույթում ասաց Հովիկ Սալիբան։
«Ողջ հայ ժողովուրդը աշխարհով մեկ համախմբված է երեք սկզբունքների շուրջ: Ստեղծել հզոր պետութիւն, որը խարսխված է ազգային գաղափարախոսության, հաջող տնտեսության, արդար դատաիրավական համակարգի և հզոր բանակի վրա: Արցախյան ազատագրական պայքարը առաջնորդել դեպի հաղթանակ: Արցախը ոչ մի դեպքում չի կարող լինել Ազրբեջանի կազմում,-ասաց նա
«Իմ աբողջ հոգով, սրտով, իմ ամբողջ էությամբ ես ձեզ հետ եմ, եթե պետք է, քայլում եմ Երևանի փողոցներով, և եթե պետք է, ես փակում եմ այդ փողոցները»,- ԱՄՆ-ից ուղիղ տեսակապով Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին ողջունեց հայազգի դերասան Լևոն Շարաֆյանը։
Համազգային հանրահավաքին ելույթ ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որը ներկայացրեց մի քանի քայլեր, գործողություններ, սկզբունքներ, որոնք պետք է իրականացվեն այս իշխանությունների հեռացումից հետ։
Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո, «Դիմադրության» շարժումը քայլերթ իրականացրեց Բաղրամյան եւ Պռոշյան փողոցներով եւ Մեսրոպ Մաշտոցի պողոտայով։
Երթի մասնակիցները, հասնելով մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում նշանակալի ավանդ ունեցող հայ զորավարի հիշատակին։
Ապա շարժվեցին դեպի Պռոշյան փողոց։ Կառավարական առանձնատների մոտ բազմաթիվ ոստիկաններ հոծ շարքերով պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանի կեցավայրը։
Այսօր էլ բազմաթիվ քաղաքացիներ իրենց պատուհաններից, պատշգամբներից ողջունում էին Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին։
Երթից հետո շարժման մասնակիցները վերադարձան Ֆրանիսիայի հրապարակ, որտեղ շարունակվեց հանրահավաքը։
Նիկոլ Փաշինյանը կա՛մ անցնցում հրաժարական է տալիս, կամ «Դիմադրության» շաժումը երկիրը կանգնեցնում է․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Վաղը հայտարարված է դասադուլ և գործադուլ։
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները․ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։
1․ Գայի պողոտա՝ Մեգա մոլի դիմացից,
2․ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի մոտից,
3․ 15 թաղամաս՝ Չավուշի արձանի մոտից,
4․ Կայարան՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից․
այս հասցեներից ժամը 12։00 երթերը շարժվելու են և պարալիզացնեն քաղաքը։
«Առավոտյան նույնպես տեղի կունենան անհնազանդության տարբեր ակցիաներ։ Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք»,- խոսքը եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։