Համաժամանակյա անհնազանդության երթ Երեւանում ՝ տարբեր ուղղություններով
10 Մայիս 2022
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու Հայաստանի և Արցախի անվտանգությամբ անհանգստացած քաղաքացիների բողոքի ակցիաներն ու անհնազանդության գործողությունները շարունակվում են։
Այսօր, մայիսի 10-ին մեկնարկել է «Դիմադրության» շարժման երթը 4 ուղղություններով․ տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Պայքար» վանկարկումներով երթի մասնակիցները քայլել են Երևանի փողոցներով։
Նրանք քաղաքացիներին կոչ են արել միանալ իրենց պայքարին, քանի որ միայն միասնական ջանքերով կարելի է արդյունքի հասնել։
«Միասին կարող ենք կասեցնել այս իշխանությունների ազգադավ ընթացքը, Հայաստանը, Արցախը պետք է ապրեն»,- ասում էինք նրանք երթի ժամանակ եւ վանկարկում՝ «Միություն, պայքար, հաղթանակ»։
Քաղաքի տարբեր ուղղություններով ոստիկանությունը մեծ քանակով զորք էր կուտակել։
Երթերի ժամանակ պարբերաբար տեղի են ունեցել բախումներ։
Լարված իրավիճակներ են ստեղծվել քաղաքի մի շարք փողոցներում։
Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանյան լճի մոտ․ երբ երթի մասնակիցները փակել են ճանապարհը: Ոստիկաններին ի վերջո հաջողվել է ուժով այն բացել, բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների:
Իրավիճակը հատկապես լարվել է Երեւանի Զեյթուն թաղամասում, «Երեւան Սիթիի» մոտ․ Ցուցարարները ինչ-որ պահի նստել են փողոցում եւ հայրենասիրական երգ երգել: Այդ պահին սեւ եւ կարմիր բերետավորները առանց զգուշացնելու նետվել են ցուցարարների վրա եւ ուժով բերման ենթարկել նրանց:
Ցուցարարներն վանկարկել են՝ «Նիկոլ դավաճան»:
«Ինչքան ձերբակալեն, 10 այդքան ավելանալու ենք»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Այնուհետեւ իրավիճակը հանդարտվել է եւ ընդդիմադիրները շարունակել են իրենց երթը Դավիթ Անհաղթի փողոցով:
«Դավիթ Անհաղթ» փողոցում գտնվող հիմնարկությունների շատ աշխատակիցներ միացել են Նոր Նորքից մեկնարկած երթին։
Երթին են միացել նաև Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի շատ դասախոսներ, ինչպես նաև իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը։
Այսօր, Երեւանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիներ։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է այսօրվա 4 ուղղություններով երթին․
«Այս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը։ Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում՝ Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամաբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը շարունակում են երթերին անդադար միացող մեր արժանապատիվ քաղաքացիները։ Մենք երեկ հայտարարել ենք, որ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական։ Կհանդիպենք 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում»,- գրել է նա։
«Դիմադրության» շարժման երթը Երեւանի փողոցներում մի շարք գործողություններ իրականացնելուց հետո, վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ՝ որտեղ ժամը 19։00-ին տեղ կունենա հանրահավաք։
https://youtu.be/G980juvNHz4