Գնալու ենք մինչև վերջ՝ հետ քայլ չկա, նահանջ չկա․ Իշխան Սաղաթելյան
11 Մայիս 2022
Մենք այսօր առաջին անգամ շրջափակել ենք պետական շենքերից Երևանի քաղաքապետարանը։ Հերթով նման կառույցները շրջափակելու ենք, արգելափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքի իր խոսքում։
Նա նշեց, որ այս օրերին Հայաստանում պայքարին զուգահեռ բուռն քայլեր ու գործողություններ են տեղի ունենում սփյուռքում։
«Առաջին օրվանից հայտարարել ենք, որ սա համահայկական և համազգային դիմադրություն է։
Նիկոլ, տեսար ոնց դիմավորեցին քեզ Նիդերլանդների մեր հայրենակիցները։ Ողջ հայ ժողովուրդն է այդպես բնութագրում ու մտածում քո մասին, պարզապես Հայաստանում ման ես գալիս ավտոշարասյուներով, պաշտպանվում ես ոստիկանական բազմաթիվ շերտերով և չես տեսնում մոտիկից՝ ինչ է մտածում ժողովուրդը քո մասին։
Տղա ես, մտիր ժողովրդի մեջ և ողջ պերճանքը կզգաս՝ ինչ է ասում ժողովուրդը քո մասին»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ այս պայքարն անկասելի է, Հայաստանը չի թուրքացվելու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։
Սաղաթելյանի խոսքով, այս օրերին իրենց բերած փաստարկներին, ասելիքին, պայքարին որևէ հակադրություն չկա բացառությամբ այն, որ իրենք դեմ են խաղաղության օրակարգին։
«Սրանք շարունակում են վախեցնել մեր ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, պատերազմ է լինելու։ Սրանք շարունակում են Ալիևով վախեցնել ձեզ։ Նիկոլի վերջին հույսն Ալիևն է ու Ալիևի հետ պայմանավորված սադրանքները։ Չի լինելու, մեզանից լավ խաղաղության գինը ոչ մեկ չգիտի, մենք շարունակ պայքարել ենք այդ խաղաղության համար, բայց խաղաղություն ունենալու համար պետք է ունենալ ուժեղ և մարտական բանակ, պետք է այդ խաղաղությունը պարտադրենք։ Տարբեր խոսակցություններ են պտտվում, այս ամբիոնից հայտարարում եմ՝ մենք մեծապես կարևորում ենք ռուս խաղաղապահ զորքերի առաքելությունը Արցախում»,- ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ահազանգին, որ Հայաստանի կառավարությունը ուռճացրել է քովիդից մահացածների թվերը։
«Այս սրիկա կառավարությունը պատերազմում զոհված մեր տղաներին ներկայացրել է որպես քովիդից մահացածներ․ սրանց սրիկայությանը սահման չկա, ամեն ինչ անում են հանուն իրենց աթոռի։ Թույլ չենք տալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունները մտածում էին՝ կհոգնեն, կհիասթափվեն, մի քանի հավաք, երթ, ցույց կանեն, կպառակտվեն, կգնան տներով ու իրենք կշարունակենք հայրենիքը հանձնել։
«Չի լինելու, այս ազգը ոտքի է կանգնել։ Մենք ձեր յուրաքանչյուրի առջև պատասխանատվություն ունենք։ Ժողովուրդ, գնալու ենք մինչև վերջ՝ հետ քայլ չկա, նահանջ չկա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով վաղվա անելիքների մասին․ առավոտից շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները, պետք է ավելացնել ակցիաների քանակն ու մասնակիցների թիվը։
«Վաղը կլինեն ավտոերթեր։ Երթերից հետո քաղաքի տարբեր հատվածներում կլինեն ակցիաներ, 16։00-ին հավաքվում ենք կրկին այս հրապարակում հերթական կարևոր գործն անելու»,- տեղեկացրեց նա։
«Դիմում եմ Հայաստանի քաղաքական ուժերին, մտավորականներին, ուսանողներին, դասախոսներին, զինվորականներին՝ սա բոլորիդ հարթակն է, եկեք, մասնակցեք, մեր պայքարը ընդլայնենք ու գնանք հաղթանակի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը խոսքն ավարտեց «Միություն Պայքար Հաղթանակ» կարգախոսով։
https://youtu.be/m5-YFNP9J4U