Հայաստանում չկա՛ ժողովրդավարություն, կա մեկ մարդու բռնապետություն․ Իշխան Սաղաթելյան
12 Մայիս 2022
«Այսօր մայիսի 12-ն է։ 1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին։ Մեր ժողովրդի կազմակերպվածության և կամքի շնորհիվ, 94թ․-ին կարողացանք պարտադրել թշնամուն՝ կնքել զինադադար»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքի իր խոսքում։
«Մինչև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ը, մայիսի 12-ը մեր համար հաղթանակի օր էր։ Իսկ անցած տարի, մայիսի 12-ին այս դավաճան իշխանության գործունեության հետևանքով Ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզ ՝ գրավելով Սև լճի տարածքը։ Այս օրը ևս պղծվեց այս իշխանության կողմից։ Թշնամին շարունակում է ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ իշխանության կողմից դրա հակադարձումը հաճախ լինում է, իբր՝ այդ տարածքը «հայկական» չէ»,- շեշտեց նա։
Սաղաթելյանը հայտարարեց․ «Մայիսի 12»-ի հաղթանակի օրը ևս վերականգնվելու է։
«Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Ի դեմս նրա, մեր երկրին չեն հարգում ո՛չ մեր թշնամիները, ո՛չ էլ մեր բարեկամ երկրները։ Վստահությունը կորցրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, բարեկամ երկիր Իրանի և բազմաթիվ եվրոպական երկրների նկատմամբ։ Այս մարդը ձախողել է բոլոր ուղղություններով։ Նիկոլը շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, որովհետև ինքը ձեռնտու է այդ երկու պետություններին»,- ասաց Սաղաթելյանը։
«Սրանց իշխանությունը 4 տարվա մեջ 4 մլդ-ով ավելացրել է մեր պետական պարտքը։ Այսինքն՝ սրանց յուաքանչյուր գործունեության մեկ տարին մեր պետության ու ժողովրդի վրա նստել է մեկ մլդ ԱՄՆ դոլար։ Այդ պարտքերը որևէ կերպ չեն նպաստել մեր տնտեսության զարգացմանը կամ տնտեսական աճին։ Դրանք մսխվել են սրանց կողմից և հեռացվելուց հետո բոլորը հատ-հատ բացահայտվելու են»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ գողծող իշխանությունները խոստանալով ժողովրդավարություն, երկրում ստեղծել են բռնապետություն։
«Չեն հարգում քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Տեսնում եք՝ ինչ են անում ընտրված համայնքների ղեկավարների նկատմամբ։
Այս օրերին ոստիկանությունը այս խելագարի հրահանգով, ինչ քայլեր և գործողություններ է ձեռնարկում։ Խոստացան սեր և համերաշխություն, բայց բերեցին ատելություն և պառակտում։
Խաբել են բոլոր ոլորտներում։ Ասացին՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա էլ ասում են՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»։ Հետևաբար՝ հետ կանգնել չկա, հետ քայլ չկա, պետք է հեռացնենք և վերջ»,- հայտարարեց նա։
Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է, ասաց նա, ի դեմս նրա մեր երկրին չեն հարգում ո՛չ թշնամիները, ո՛չ մեր բարեկամները։
Նիկոլը շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, քանի որ նրա մնալը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։
«Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև Ոստիկանությունում․ բազմաթիվ արժանապատիվ ոստիկաններ այսօր հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից։ Ինձ փոխանցեցին, որ մայոր Թովմասյան Խաչիկը, որը կարմիրբերետավորներից է և Հարությունյան Նարեկը՝ ավագ լեյտենանտ, դիմում են գրել և դուրս եկել համակարգից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ 12 օր փողոցում պայքարում են։ Անդրադառնալով միջազգային կառույցների լռությանը, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նրանք իրենց լռությամբ նպաստում են, որ օրվա իշխանությունը շարունակի իր ակնհայտ ապօրինությունները՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
«Վե՛րջ տվեք այդ երկակի ստանդարտներին և իրական գնահատական տվեք այս իրավիճակին։ Հայաստանում չկա՛ ժողովրդավարություն, կա մեկ մարդու բռնապետություն, որը շուտով մենք ջարդելու և ոչնչացնելու ենք»,- շեշտեց նա։
Իշխան Սաղաթելյանը խոսքի ավարտին տեղեկացրեց, որ վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները, իսկ ժամը 16․00-ին կրկին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում։
https://youtu.be/nB7ugc0F49w