«Զարթնի՛ր, Լաո»․ Հանրահավաք-երթ․ շրջափակվեց կառավարության 3-րդ մասնաշենքը
13 Մայիս 2022
Այսօր, մայիսի 13-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը։
Երթի կանգառը Հանրապետության հրապարակն էր, որտեղ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել։ Կառավարության շենքի կողքով անցնելիս երթի մասնակիցները բարձրացրեցին բռունցնքները։
«Բռունցքները բարձր։ Թող այս շենքում նստած դավաճանը տեսնի քանի հազար վարչապետ է եկել իր հետևից»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Այնուհետև երթի մասնակիցները շրջափակեցին կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր մուտքներն ու ելքերը։
«Ներս չենք մտնում, դռներն ենք շրջափակում։ Մենք բազմիցս ասել ենք, որ պետական կառավարման համակարգն այլևս չի սպասարկում մեր ժողովրդի շահերը»,- հայտարարեց Սաղաթելյանը։
«Հանրային ծառայողների վրա լուրջ ճնշումներ են գործադրում այս ուսապարկերը, բազմաթիվ մարդկանց, նույնիսկ հանրային ծառայողների բարեկամները, եթե մասնակցում են հանրահավքներին, իերնց աշխատանքից ազատում են: Սրանով նախ մեր աջակցությունն ենք հայտնում իրենց, որ իմանան՝ իրենք մենակ չեն և դուրս գան միանան այս պայքարին,-ասաց նա։
Ոստիկանության կարմիրբերետավորները ճանապարհ բացեցին, որպեսզի կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքից:
Ոստիկանները շղթա կազմեցին եւ աշխտակիցները հերթով սկսեցին դուրս գալ:
Երթի մասնակիցները բացականչեցին՝ «ամոթ»: Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, բայց կարճ ժամանակ անց հանդարտվեց:
Մոտ մեկ ժամ տեւած շրջափակումը դադարեց եւ երթը շարունակվեց նալբանդյան փողոցով։
ժամը 20։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։
Ելույթներ ունեցան ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ՀՀԿ ԵԿ ղեկավարը Հենրիխ Դանիելյանը, երեք պատերազմների մասնակից, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը, ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Իր ելույթում Թադեւոս Ավետիսյանը դիմեց իշխանությանը․ Ձեր ձախողումները մեր վզին չփաթաթեք, դուք ստախոս եք։
«Այսօրվա իշխանությունները երկիր հանձնող են, թրքահպատակ, հայը հայի դեմ հանող։ Նրանք, ովքեր մտածում են՝ այս իշխանությունները, երկիրը հանձնելով, իրենց համար հաց ու ջուր են բերելու՝ սուտ է»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով։ Աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա, այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի։ Հանրային լայն ժողովրդական ճնշման տակ իշխանությանը հեռացնելու միակ ճանապարհը սա է։ Երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն։ Այդ փուլում ենք և օրեցօր սա ապացուցելու ենք»։
Ներկայացնելով վաղվա և մայիսի 15-ի անելիքները՝ Իշխան Սաղաթելյանը ասաց. «Մայիսի 14-ին Դիմադրություն» շարժումը հանրահավաք և երթ չունի․ հարթակը տրամադրվում է ծրագրային քննարկումների ողջ օրը։
Ժամը 13։00-14։00-ը մշակութային ծրագիր, 14։00 Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը, հետո մասնագետները սոցիալ-տնտեսական քննարկում կանցկացնեն, 16։30 մյուս քննարկումը, ուր հրավիրված են լինելու բանիմաց մարդիկ, 18։00-ից հետո մշակութային ծրագիր։
Կիրակի՝ մայիսի 15-ին, 18։00 Ֆրանսիայի հրապարակում համահայաստանյան մեծ հանրահավաք է նախատեսված։
Նշենք, որ այսօր տեղի են ունեցել անհանազանության ակցիաներ․ «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում տարբեր ուղղություններով անհնազանդության ավտոերթեր, իսկ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամները՝ երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ։
https://youtu.be/NGRU3mMwwo8