«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ քայլերթը
17 Մայիս 2022
Մայիսի 17-ի երեկոյան ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը։
Ելույթներ ունեցան Արցախյան երեք պատերազմների մասնակից Գեորգի Արեստակեսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այս իշխանություններն ասում են՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում կարելի է զորքերի հայելային հետքաշում իրականացնել։ Պետք է բացառել հայելային հետքաշումը»,- իր խոսքում ասաց Աննա Գրիգորյանը։
Նա հավելեց՝ սահմանազատումն ու սահմանագծումը ևս անթույլատրելի է, քանի դեռ ադրբեջանական զորքերը մեր երկրի տարածքում են։
Ելույթներն ընդմիջվում էին օրվա հիշարժան դեպքերը ներկայացնող տեսանյութերով և հատուկ պատրաստված տեսահոլովակներով:
Այնուհետեւ բեմահարթակ բարձրացան արցախյան 44- օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ովքեր ներկայացրեցին Փաշինյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման մանրամասները:
Նրանք պահանջեցին դատախազությունից և քննչական կոմիտեից ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Պահանջեցին նաեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը:
Այն, ինչ այսօր առավոտ արեցիք՝ հրաշալի էր․ իրական անհնազանդության ակցիաների շղթա, շուրջ 60 խումբ ժամը 8-ից սկսած մինչև 11։30 շրջափակեցին փողոցները, կասեցրին երթևեկությունը, կաթվածահար արեցին մայրաքաղաքը և ցույց տվեցին, որ ժողովուրդն է իրադրության տերը. հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման դեպք չի եղել մինչև մինչև այսօր․ 3 ու կես ժամվա մեջ բերման է ենթարկվել 414 հոգի, բայց իրականում թիվը մոտ է 600-ի։
Նաև տեղեկացրեց, որ այսօրվանից Ֆրանսիայի հրապարակում գործում է ամոթի պատ, որի վրա հայտնվելու է բոլոր այն ոստիկանների նկարները, ովքեր ապօրինություններ կգործադրեն ցուցարարների նկատմամբ։
«Հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք և նոր քրեական գործեր մի՛ շալակեք»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի՝ Բաղրամյան-Պռոշյան պողոտայով։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը շարժվեց առաջ։ Հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։
Երթը մի պահ կանգ առավ կառավարական առանձնատների մոտ։ Իշխան Սաղաթելյանը երթի մասնակիցներին կոչ արեց բռունցքները բարձրացնել։
«Նիկոլ, գնա, որ մեր երկրում լինի խաղաղություն եւ կայունություն»,-․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին նշելով, որ նա այստեղ վերջին օրերն է անցկացնում։
«Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկեցին քաղաքացիները։
Հանրապետության հրապարակում բազմահազար քաղաքացիներ միացրեցին հեռախոսի լույսերը եւ բռունցքները պարզած միաձայն գոչեցին՝ «Միություն, Պայքար, Հաղթանակ»։
ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց։
Այս օրերին իշխանությունն ու իր սպասարկուները փորձում են ժողովրդին մոլորեցնել՝ ասելով, որ Ադրբեջանի հինգ առաջարկներին պատասխանել են վեց առաջարկերով։ Փորձում են ժողովրդին մոլորեցնել, թե պաշտպանում են Արցախի շահերը, սակայն իրականում կրկին պատրաստվում են ժողովրդի թիկունքում գնալ գործարքի. հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Ժողովուրդ սուտ են ասում։ Մենք խնդիր ենք դրել, որն իրենք չեն լուծել, որ հստակ հայտարարեն, որ չեն պատկերացնում որևէ լուծում, որի դեպքում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։ Եթե այս ձևակերպումից մեկ բառ ավել պակաս, ապա դա նիկոլություն է, ժողովրդին խաբել է, մենք ձեզ չենք հավատում ․․․ Այո, Արցախը երբեք չի կարող լինելո Ադրբեջանի կազմում»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ վաղը պետք է շարունակեն անհնազանդության ակցիաները, քանզի իշխանություններին հեռացնելու միակ ճանապարհը դա է․ վաղը ժամը 08.00-ին անհնազանդության ակցիաները կվերսկսեն։ Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է արվելու, շրջափակվելու են կառավարական շենքեր։
Նա նաև ասաց, որ այսօր այնքան շատ մարդ են բերման ենթարկել, որ մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներում տեղ չի եղել, և մարդկանց ստիպված տարել են մարզեր։
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել ակցիաները»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը խոսքն ավարտեց «Միություն, Պայքար, Հաղթանակ» կարգախոսով։
https://youtu.be/RcA6P1JCAKA