«Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը դեպի Ոստիկանության կենտրոնական շենք
18 Մայիս 2022
Մայիսի 18-ի երեկոյան ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը։
Ուղիղ 30 տարի առաջ այս օրը ոգևորած Շուշիի ազատագրման պայքարով և սրընթաց հարձակում գործելով Բերձորի, Բերդաձորի ուղղություններով հայ ժողովուրդը Արցախը Հայաստանի հետ միասին միացրեցին մեր երկու պատմական մասերը, դա յուրովի հաղթանակ էր դա միասնության տոն էր և այդ միասնական պայքարի և միանսական ջանքերի շնորհիվ հետագայում մենք հասանք հաջողությունների․ իր ելույթում ասաց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
«Այս իշխանությունների օրոք իջեցվեց հաղթանակի նշաձողը, եռատոնը դարձավ միայն մեկ հաղթանակ, այս իշխանության օրոք անկախության նշաձողը իջեցվեց մանրահատակի մակարդակի, խաղաղությունը իջեցվեց խաղաղություն մուրալու մակարդակի»,-ասաց նա։
Ավագ դպրոցի աշակերտուհի Կաքավիկը բեմահարթակից կոչ արեց իր հասակակիցներին ․ «Եթե ձեր մեջ քաջություն կա, եկեք այս հրապարակ, գոնե մեկ ժամով շրջեք վրաններում և նայեք մարդկանց աչքերի մեջ։ Վստահ եմ, որ այդ ամենից հետո կհամոզվեք, որ սա հայրենանվեր պայքար է»,-ասաց նա։
«Այս իշխանությունը, որի համար Շուշին դժգույն էր ու դժբախտ, այդպիսին է դարձրել մեր իրականությունը, կյանքը, որում մենք պետք է ապրենք մեր ամենալուսավոր օրերը։ Մեր այս օրերը, սակայն, անլույս են ու խավար։ Այո՛, նաև մենք ենք թույլ տվել խավարամտությունն իշխի Հայաստանում»,-հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը իր ելույթում անդրադարձավ զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Արթուր Գալեյանին ձերբակալելու դեպքին, նշելով, որ մի քանի պատգամավորներով եղել են Քննչական վարչությունում, միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը փոխելու և անձնական երաշխավորություն են ներակայցրել։
«Քիչ առաջ իմացանք, որ նախաքննություն իրականացնող մարմինը որոշել է Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխի և կիրառի ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին։ Մենք որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու»,-ասաց Վանեցյանը։
Այսօրվա համատարած բռնությունների ֆոնին, հայտարարությամբ հանդես է եկել ԱՄն դեսպան ԼԻն Թրեյսին․ իր ելույթում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Հարգարժան դեսպան, ես խորը ափսոսանք եմ հայտնում Ձեր այսօրվա հայտարարության առնչությամբ։ 2018 թվականին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի։ Գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարությունը բռնաբարելու հետևից։ Ինչ վերաբերում է 2021 թվականի ընտրություններին, հիշեցնում եմ ձեզ հարգելի դեսպան, հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և առհասարակ երկիրն նոր զիջումների տանելու մանդատը չի տվել»,-ասաց Սաղաթելյանը։
Առիթից օգտվելով՝ Սաղաթելյանը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները մեր կարևոր գործընկերները։
«Ի տարբերություն Նիկոլի՝ մենք Մոսկվայում չենք բամբասում ամերիկացիներից և եվրոպացիներից, իսկ Վաշինգտոնում և Բրյուսելում՝ Մոսկվայից, մենք շատ հստակ ձևակեպել ենք մեր օրակարգը և պատրաստվում ենք լիարժեք համագործակցության»,-ասաց նա։
Կրկին դիմեց հարգարժան դեսպանին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վերջ տվեք երկակի ստանդարտներին, դուք լռել եք երբ օրվա իշխանությունը շրջափակում էր դատարանները, դուք լռում եք տասնյակ քաղբանտարկյալների դեպքում, դուք այսօր լռում եք, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի և անհամաչափ ուժ, դուք ձեր լռությամբ նպաստում եք, որ Հայաստանում լինի բռնապետություն։
Այս և մնացած բոլոր թեմաներով, ասաց Իշխան Սաղաթելյանը, իրենք պատրաստ են հանդիպել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ և ավելի մանրամասն ներկայացնել իրավիճակը։
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վերջին շաբաթվա ընթացքում ոստիկանության ստացած պարգեւավճարների թիվը, խոսեց ոստիկանության ապօրինությունների մասին եւ հայտարարեց, որ երթով կգնան ոստիկանություն՝ պահանջելու, որ վերջ տան անօրինական գործողություններին եւ պատասխանատվության ենթարկեն բռնություն գործադրած ոստիկաններին։
Նա ոստիկանապետին դիմեց՝ 3 հստակ պահանջով․
1․ Պետք է անհապաղ կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր և երեկ գործել են ապօրինություններ և նրանք բոլորը անուն առ անուն պետք է ենթարկվեն պատասխանատվության,
2․ Պետք է սկսվի իրավական գործընթաց՝ պարզելու այս հանցագործությունները կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները,
3․ Որպեսզի ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ, և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն մեր քաղաքացիների նկատմամբ։
Քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Ոստիկանություն՝ այս պահանջները ուղիղ և անմիջական փոխանցելու համար։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով հասան ոստիկանության կենտրոնական շենք։
«Ամոթ, ամոթ, ամոթ»,– վանկարկեցին երթի մասնակիցները։
Իշխան Սաղաթելյանը հանդիպում պահանջեց ոստիկանապետից՝ իրենց պահանջները ներկայացնելու համար։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ընդունեց հանդիպման առաջարկը:
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ մի քանի պատգամավորներով գնում են հանդիպման, ապա կորոշեն հետագա գործողությունները։
Ընդդիմադիր պատգամավորների ու ոստիկանապետի հանդիպումն ավարտվեց։
«Ոստիկանապետը փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավել քրեական գործեր և այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն։
Ավտոերթերի ընթացքում 80-ից ավել ավտոմեքենաներ բռնագրավված էին․ պայմանավորվել ենք, որ բոլոր մեքենաները կվերադարձվեն։
Այս պահին մեր պահանջների հիմանական մասը համարում են բավարարված, բայց նաև ասում եմ՝ հետևողական ենք լինելու ու սպասելու ենք կոնկրետ արդյունքների»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Երթը վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաքը շարունակվեց։
«Այն, ինչ այսօր կատարվեց, բռնության պատվեր էր։ Բոլորս էլ գիտենք, թե ով է պատվիրատուն»,- հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ խոսելով այսօր խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստկանության պահելաոճի ու գործողությունների մասին։
«Այն, ինչ այսօր կատարվեց պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Արեգնազ Մանուկյանի, իր նկատմամբ, օրենքի կոպտագույն խախտում է և ոստիկանության առանձին ներկայացուցիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա։
Վաղն առավոտյան 08։00-ից շարունակում ենք բողոքի խաղաղ անհնազանդության ակցիաները, միացեք այդ ակցիաներին։ Որքան շատ լինենք, այնքան մեծ գործ կանենք»,- հանրահավաքի ավարտին ասաց Իշխան Սաղաթելյանը։
Երեկոյան 19։00-ին կրկին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
Իշխան Սաղաթելյանը խոսքն ավարտեց «Միություն, Պայքար, Հաղթանակ» կարգախոսով։
https://youtu.be/qpt7oFeZ53E