Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության խաղաղ ակցիաներ Երեւանում
19 Մայիս 2022
Այսօր, մայիսի 19-ին վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության խաղաղ ակցիաներ է իրականացրել Երեւանի բոլոր թաղամասերում ։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակել: Ոստիկանները փորձել են վերականգնել երթևեկությունը։
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթը ակցիայի ընթացքում մի պահ կանգ է առել Պետական եկամուտների կոմիտեի շենքի առջև։
«Երեկ էս կոմիտեի ղեկավարն ավել-պակաս հայտարարություններ է արել, թե Հայաստանում չկա Նիկոլի հեռացման հանրային պահանջ։ Էս Սորոսի դաստիարակություն ստացածը, որ եկավ, արդարադատության նախարարությունը քանդեց, հիմա էլ ՊԵԿ-ն է օգտագործում քաղաքական նպատակների համար։ Մենք տեղեկություններ ունենք, որ քայլեր են կատարվում մեր այն աջակիցների նկատմամբ, ովքեր մասնակցում են հանրահավաքին։ Եկել ենք այստեղ զգուշացնելու՝ զբաղվիր քո պարտականություններով ու լիազորություններով ու մնա չափերիդ մեջ և այլևս չփորձես գնահատական տալ այս շարժման մասնակիցների գործողություններին։ Մենք գիտենք՝ որտեղ ես դաստիարակություն ստացել, ինչ արժեքներով ես ապրում։ ՊԵԿ-ը տարիներ շարունակ ծառայել է մեր պետությանը, երբեք չի ծառայի որևէ անձի։ Այն ճնշումները, որ գործադրում եք Դիմադրության շարժմանը աջակցող գործարարների հանդեպ՝ բոլորը ֆիքսվում են», – ՊԵԿ-ի դիմաց հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ներկաները վանկարկել են «Առանց նիկոլ Հայաստան»։
Մոտ 15 րոպե փակ է մնացել Տերյան փողոցի խաչմերուկը․ քաղաքացիներից մեկը մեքենան կանգնեցրել է և միացել երթին, մյուսները ողջունել են մեքենաների միջից, եռագույն դրոշ ցուցադրել։ Ցուցարարները գունավոր ծուխ են բաց թողել․ մի խումբ երիտասարդներ պարել են ազգային պարեր։
Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում անհնազանդության ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց է սկսվել․ երթի մասնակիցներից մեկը բարձրացել էր ավտոբուսին վրա եւ ծածանել Հայաստանի դրոշը: Ոստիկանները փորձել են բերման ենթարկել երիտասարդներին իսկ ցուցարարներին հեռացնել երթեւեկելի մասից:
Երևանում խցանումների մեջ մնացած շատ քաղաքացիներ ողջունել են խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնողներին, իրենց աջակցությունն են հայտնել, և նույնիսկ միացել նրանց պայքարին:
Երևանի փողոցներում «Առանց նիկոլ Հայաստան» անհանզանդության ակցիաները շարունակվում․ 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
https://youtu.be/Dh2Op50ZOA8