Փաշինյանը ձախողել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները․ Արթուր Խաչատրյան
19 Մայիս 2022
Մեղավոր է ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ Հայաստանի իշխանությունը, հայտարարում է ընդդիմադիր պատգամավորը երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությունից հետո։
«ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, անվտանգային համակարգ է և եթե դու չես կարողանում օգտագործել այդ անվտանգային համակարգի հնարավորությունները, մեղավորը դու ես, ոչ թե համակարգը: Դա հստակ պետք է ինքը հասկանա», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Երեկ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Փաշինյանը նորից քննադատեց ռազմական դաշինքը՝ Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժմանը չարձագանքելու համար՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի զորքերը մինչ օրս դուրս չեն եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ավելին՝ կազմակերպության անդամ երկրները տարիներ շարունակ Բաքվին զենք են տրամադրել, որն օգտագործվել է հայ ժողովրդի դեմ։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր չի քննադատում ՀԱՊԿ-ին և ստեղծված իրավիճակի համար մեղավոր է համարում Փաշինյանին։
Խաչատրյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը կարող էր և կաջակցեր Հայաստանին, եթե իշխանությունները սխալներ թույլ չտային. «Երբ ինքը դարձավ կառավարության ղեկավար, ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պետք է իրենց սառը վերաբերվեին, որովհետև ինքը քննադատել էր այդ կազմակերպությանը: Բայց ինչ ներելի էր ընդդիմադիր Փաշինյանին, ներելի չի կառավարության ղեկավար Փաշինյանին, այն, ինչ ինքը արեց Գրիգորի Խաչատուրովի հետ, հարված էր ՀԱՊԿ-ի հեղինակությանը և ՀԱԿՊ-ն, իհարկե, նրան դա չէր նեի: Իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ին եղել է արհամարհական, անհարգալից և ՀԱՊԿ-ի վերաբերմունքն էլ նույնը պետք է լինի»: