Հայաստանում պետք է ձեւավորվի ազգային իշխանություն․ Արթուր Խաչատրյան
20 Մայիս 2022
«Ազատության» տաղավարում է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը
– Քսան օր է հանրահավաքներ, երթեր, անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, մոտեցե՞լ եք Փաշինյանի հեռացմանը։
– Այս պահի դրությամբ մոտեցել ենք նրան, որ եթե չի կասեցվել, ցավոք սրտի չի կասեցվել, բայց դանդաղել է Հայաստանի կապիտուլյացիոն երկրորդ ակտի ստորագրումը։ Որովհետև եթե այս ցույցերը չլինեին, վստահաբար Հայաստանը գլխիկոր կհամաձայներ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին, որոնց մասին այս իշխանությունը դեռ մի ամիս առաջ էր խոսում, որ սկզբունքային որևէ տարաձայնություն չունեն։
– Բայց հիմա էլ են ասում, բայց Ադրբեջանը համաձայն չէ։
– Հիմա ինչ-որ ծիծաղելի վեց կետ են ներկայացրել, որտեղ, ի պատասխան Ադրբեջանի հստակ ձևակերպված, մեզ համար անընդունելի հինգ կետերին վեց հեղհեղուկ ինչ-որ կետեր են ներկայացրել, որոնք, ցավոք սրտի, էլի Ադրբեջանի համար ծաղրի առարկա են դարձել։ Ասում են՝ նամակը ստացանք, առաջարկությունները ստացանք, և այդ վեց կետերի մեջ որևէ սկզբունքային դիրքորոշում չենք տեսնում, էլի ինչ-որ ճղճիմ ձևակերպումներ են՝ Արցախի կարգավիճակ, իրավունքներ։
– Դուք կարծում եք, որ կասեցրել եք ինչ-որ գործընթաց։
– Ես կարծում եմ, որ գոնե դանդաղեցրել ենք, և այս իշխանությունները տեսնում են, որ հալած յուղի նման մեր հանրությունը, մեր ազգը չի ընդունի այդ կապիտուլյացիան։ Մենք տեսնում ենք, որ մենք գեներացրել ենք դժգոհությունը, մարդիկ փողոցում են, և տեսնում ենք, որ իշխանությունների քաղաքականությունից և գործողություններից դժգոհ և գործողության պատրաստ քաղաքացիների թիվը աճում է։ Եվ իշխանությունները ոստիկանական սադիստական բռնություններով չեն կարողանում մարդկանց հետ պահել բողոքի ակցիաներից։
– Դուք որտեղի՞ց գիտեք, որ աճում է։
– Մեր դիտարկումներն են։ Հաստատ Դանիել Իոաննիսյանի թվերին չենք վստահում։ Ինձ այդ թվերը հիշեցնում են 1988 թվականի Սովետական Միության կոմունիստական կուսակցության խոսափող «Վրեմյա» հաղորդման թվերը, որ ամբողջ ժողովուրդը փողոցում էր, ասում էին՝ кучка экстремистов։ Ես չեմ ասում, թե հիմա ամբողջ ժողովուրդը փողոցում է։ Ես ասում եմ, որ հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են փողոցում, և ոչ թե էն ծիծաղելի թվերը, որոնք հնչեցնում է կառավարության ջերմեռանդ պաշտպանը, որը երբեմն անկախ լինելու համար փոքրիկ քննադատություններ է իրեն թույլ տալիս։
– Այնուամենայնիվ, դա հեղափոխություն չէ։ Դուք կարծես չեք անհանգստացնում իշխանությանը առավոտյան մի քանի փողոց փակելով։
– Ես կարծում եմ, որ եթե իշխանությանը մենք չանհանգստացնեինք, իրենց այդ սադիստական բռնություններին չէին գնա։
– Անհնազանդության իմաստը այն է, որ իշխանությունը չկարողանա պրոցեսը կառավարել։ Հիմա շատ լավ կառավարելի է, րոպեների ընթացքում ձեր ակցիաները կասեցվում են։
– Չէ, այդպես չի։ Եթե մի ակցիա կարողանում են բիրտ ուժ կիրառելով ցրել, ուրիշ ակցիաները չեն կարողանում։ Դա ակնհայտ է։
– Բայց հաջողության համար մարդկանց աչքի առաջ 2018-ի փորձն է, և համեմատության եզրեր առայժմ չկան։
– Ես ձեզ ուրիշ բան ասեմ։ 2018 թվին մարդիկ փողոց իջան, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Չմոռանանք, որ մինչև այդ մարդկանց քանակը փողոցում համեստ էր։ Մենք շարժվում ենք առաջ, մենք չենք ասի, որ հեղափոխությունը նշանակված է մայիսի 21-ին, երեկոյան ժամը 7-ին…
– Խորհրդարան վերադառնալ մտադի՞ր եք։
– Վերադառնալ իհարկե մտադիր ենք։ Բայց իհարկե ո’չ վաղը, ո’չ էլ մյուս օրը։ Վստահեցնում եմ, որ տեղյակ կլինեք դրա մասին։
– Ինչքա՞ն եք պատրաստվում մնալ փողոցում։
– Մինչև Հայաստանում չձևավորվի ազգային իշխանություն։
Մանրամասները՝ տեսանյութում