Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են
20 Մայիս 2022
«Դիմադրություն» շարժումն այսօր, մայիսի 20-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթ մեկնարկեց նախագահական նստավայր, որտեղ տեղի էր ունենալու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26 է ժամանելու Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահը, և այնտեղ արտահայտելու են իրենց քաղաքական պահանջները, բացահայտելու այս իշխանության ստերը․ «Մեր նպատակն է ցույց տալ, որ Նիկոլը չունի որևէ մանդատ՝ բանակցելու Հայաստանի և Արցախի հարցում, և եվրոպական երկրները աչքերը փակ են պահում այս բռնատիրական դրսևորումների դեմ, որ կա Հայաստանում»։
Երթի մասնակիցների ձեռքին կային հայերեն եւ անգլերեն գրություններով պաստառներ, քաղբանտարկյալների նկարներ։
«Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահի շարասյունը մտավ Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, որտեղ հավաքված էին մեծ թվով ոստիկաններ։ Ակցիայի մասնակիցների առջև նրանք մի քանի շարք պատ կազմեցին։
Նախագահական նստավայրից երթը շարժվեց Հանրապետության հրապարակ՝ «Մարիոթ» հյուրանոց, որտեղ տեղի էր ունենալու քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Հյուրանոցի մոտ ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանը հայտարարեց․ «Եկել ենք հստակ ուղերձով՝ այն մարդը, որն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, անելիք չունի Հայաստանում։ Եկել ենք Նիկոլ Փաշինյանին ասելու, որ դու Հայաստանում իշխանություն չունես»։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դիկտատոր», «Առանց Թրեյսի Հայաստան», «Հեռացի՛ր, Թրեյսի»․ վանկարկում էին հյուրանոցի դիմաց հավաքված քաղաքացիները։
Քիչ անց մեկնարկեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Freedom House կազմակերպության նախաձեռնությամբ «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը:
Ոստիկանները շղթա կազմեցին հյուրանոցի դիմաց: ժամանեց Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանական բազմաթիվ ուժերով ու թիկնապահներով շրջապատված, «Նիկո՛լ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» վանկարկումների ներքո նա մուտք գործեց «Մարիոթ» հյուրանոց։
Մի քանի ընդդիմադիր պատգամավորներ մտան հյուրանոց, փորձեցին մուտք գործել միջոցառման անցկացման սրահ։ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դիմեց ՊՊԾ աշխատակիցներին․ «Ձեզ խնդրում եմ, ինձ թույլ տալ իմ մեսիջը ներկայացնել և՛ միջազգային ներկայացուցիչներին, և՛ տեղի իշխանություններին, իմ ընկեր քաղբանտարկյալ Գոռ Սարգսյանի նկարը փոխանցել նրանց»։ Սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ նրանց անունները բացակայում են ցուցակներից։
Պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև լարվածություն առաջացավ։
ԱԺ պատգամավորները չեն բանակցում որևէ տեղ մտնել-չմտնելու համար, ԱԺ պատգամավորները կարող են մտնել և հայտնել ժողովրդի մանդատով տրված իրենց մոտեցումները։ Այսուհետ Նիկոլ Փաշինյանը և իր խմբավորումը փակ դռների հետևում է շարունակելու իր խղճուկ պաշտոնավարումը, մինչև որ վերջանականապես ժողովրդի հաղթանակը արձանագրվի․ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Մարիոթ հյուրանոցից դուրս գալուց հետո։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանաջով բողոքի ակցիան լուսաբանող լրագրողներին եւս թույլ չեն տվել ներս մտնել եւ մասնակցել Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումին։
«Մարիոթ» հյուրանոցի մոտ ակցիան ավարտվեց․ «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա եւ փակեցին Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկը:
Երթի մասնակիցները նստեցին փողոցում, երգեցին հայրենասիրական երգեր:
Ոստիկանության ներկայացուցիչը կոչ արեց ողջամիտ ժամկետում ազատել խաչմերուկը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ երբ ցանկանանք, այդ ժամանակ էլ կազատենք փողոցը:
Չնայած անձերեւին «Դիմադրություն» շարժման մասնակիցները ժամը 16։30 Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Մատենադարան, ուր այցելել էր Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահը։
Նրանց ձեռքին պաստառներ կային՝ քաղբանտարկյալների, բռնություններ կիրառած ոստիկանների ու ԱԺ ՔՊ ական մի շարք պատգամավորների նկարներով։
Ոստիկանները Մատենադարանից ներքև պատ էին կազմել, թույլ չէին տալիս, որպեսզի երթի մասնակիցներն առաջանան, բարձրաձայնելու իրենց բողոքի ձայնը։
«Նիկոլն այստեղ չունի իշխանություն։ Փորձում է օգտագործել բոլոր օտարերկյա ներկայացուցիչներին, Հայաստան այցելող երկրների ղեկավարներին ըստ իր նպատակահարմարություն, այնպես, ինչպես իրեն է հարմար։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում, ժողովրդավարության հետ բացարձակ աղերս չունի»- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մատենադարան է այցելել «Նիկոլ մարդասպան», «թուրք» վանկարկումների ներքո:
Անբարենպաստ եղանակի պատճառով «Դիմադրություն» շարժման այսօրվա ժամը 19։00 հանրահավաքը չի կայանա․ տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հանրահավաքը տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում վաղը՝ մայիսի 21-ին ժամը 18։00-ին։
https://youtu.be/QFeFXjhoEd8