Նիկո՛լ, դու չես կարողանում սպասարկել Հայաստանի ու հայ ժողովրդի շահը՝ պետք է գնաս և վերջ
21 Մայիս 2022
Այսօր դուք ցույց տվեցիք, որ եթե որևէ մեկը համարձակվի որևէ փաստաթուղթ ստորագրել՝ ինքը Հայաստան չի մտնելու՝ Ֆրանսիայի հրապարակում այսօրվա հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանություններին օգնության է շտապել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, ով հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ներսից՝ արմատական ուժերի, իսկ դրսից՝ Սփյուռքի ճնշման տակ է։
«Այո՛, ճիշտ եք ասում՝ Հայաստանի իշխանությունը ժողովրդի կողմից ճնշման տակ է, Սփյուռքը ոտքի է, Արցախի ոտքի է, իսկ ձեր գործընկերը Հայաստանում՝ մերժված»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Թուրքիայի բացահայտ աջակցությունը Հայաստանի օրվա իշխանությանը շատ բնական է, ասաց նա, որովհետև հայտնվել է մի իշխանություն, ով հլու-հնազանդ կատարում է Թուրքիայի իշխանության պահանջները, հետևաբար, մենք մտածում ենք, որ նոր աջակցություն է լինելու իրենց կողմից․ բայց հիասթափեցնեմ բոլորին՝ այլևս որևէ մեկը որևէ կերպ Նիկոլին փրկել չի կարող, Նիկոլը այլևս չկա։
«Նիկո՛լ, դու ոչինչ ես, դու ոչնչություն ես արդեն, դու չես կարողանում սպասարկել Հայաստանի ու հայ ժողովրդի շահը՝ պետք է գնաս և վերջ»,-հայտարարեց նա։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը, որում ասել էր․ «Այն, ինչ ինձ անհանգստացնում է Հայաստանում՝ ատելության խոսքն է, ես ցնցված եմ այն լեզվի պատճառով, որ օգտագործվում է Հայաստանում նույնիսկ պետական հաստատություններում և Ազգային ժողովում»։
Տիկի՛ն դեսպան, պատասխանեց Իշխան Սաղաթելյանը, մենք ևս ցնցված ենք Հայաստանում գոյություն ունեցող ատելության մթնոլորտից, բայց Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողը ունի կոնկրետ հասցե, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան։
«Ուրեմն, երբ վարչապետի աթոռին հայտնված անձը ԱԺ-ում ասում էր՝ «թաթիկներդ կկտրեմ», «կծեփեմ ասֆալտին», «ծնոտդ կջարդեմ», ընտրարշավի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետևից, ասում էր «ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ»՝ ձեզանից որևէ մեկը ձայն չէր հանում, լռում էր, և այսօրվա այս իրավիճակի պատասխանատվությունը կիսում եք նաև դուք։ Հետևաբար, այո՛, Հայաստանում ատելության խոսքը պետք է վերանա, Հայաստանում պետք է լինի համերաշխություն, բայց դա պետք է լինի առանց Նիկոլ Հայաստանում»,–հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ միջազգային գործընկերների հետ ամբողջ ծավալով աշխատելու են ոչ թե կեղծ բարեփոխումների, այլ իրական ժողովրդավարություն ունենալու համար։
Վաղը երթ կամ հանրահավաք նախատեսված չէ․ Ֆրանսիայի հրապարակում բովանդակային քննարկումներ են լինելու։
Վաղը տեղի կունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Երեկոյան տեղի կունենա մշակութային ծրագիր, որից հետո շարժման անդամները կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին:
«Վաղը նաեւ հույս ունեմ, որ Բրյուսելում մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/TCGTZsIPh6Y