Տարբեր ուղղություններով ավտոերթ Երեւանում եւ բողոքի ակցիա Երևանի Մետրոպոլիտենում
23 Մայիս 2022
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են։
Այսօր, վաղ առավոտից Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով իրազեկման անհնազանդության ավտոերթ է իրականացվել․ մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Արտաշատից եկող ճանապարհին ավտոերթի մասնակիցներին կանգնեցրել են պարեկային ծառայության աշխատակիցները ու անակնկալ որոշել ստուգել նրանց փաստաթղթերը՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը պարեկների այս գործողությունը որակել է սադրանք։
«Ոստիկաններն իրենց գործողություններով փաստացի սադրեցին խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Որոշեցինք դուրս գալ ավտոմեքենաներից և փակել ճանապարհը։ Սա բացառապես ոստիկանական ոչ համաչափ գործողությունների հետևանք է»,-հայտարարեց նա։
Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ երթևեկելի մասում մեքենաներ կանգնեցնելը և վթարային իրավիճակ ստեղծելը, թե իբր փաստաթուղթ են ստուգում՝ անհասկանալի է և անընդունելի։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա են իրականացրել մետրոյի կայարաններում:
Երիտասարդները նստել են մետրոյի վագոնների դռների միջեւ, թույլ չտալով, որ գանցքը շարժվի: Արցախի դրոշներով նրանք շրջել են մետրոյի կայարաններում վանկարկելով՝ «Արցախ», «Արցախ», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Որոշ ժամանակ անց կարմիր բերետավորները բերման են ենթարկել երիտասարդներից մի քանիսին։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ բերման են ենթարկել նաև անչափահաս երեխայի։
Ակցիա իրականացնելու ժամանակ մետրոյի գնացքի վագոնի վրա փակցվել է Արցախի փոքրիկ դրոշի պատկերով ստիկերը, որը սակայն Մետրոպոլիտենի աշխատակիցները պոկել են։
«Մի պոկեք Արցախի դրոշը, մի նմանվեք թուրքի». ասել են ակցիայի մասնակիցները։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ամփոփել է նախորդ շաբաթը՝ գնահատելով, որ արդյունքները ակնհայտ են․ «Նույն ոգով, ավելի վճռական սկսում ենք շաբաթը. ազգի հաղթանակը անխուսափելի է»։
https://youtu.be/H54f3kxQKq4