Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան
25 Մայիս 2022
Երբ ինքը եւ իր պես մի քանիսը պիտակավարումներ են անում, թող իմանան, որ ոստիկանական եւ անվտանգության ուժերի թիկունքում երկար թաքնված մնալ չեն կարող. ոստիկանությունը շատ երկար չի կարող ապահովել իրենց տեղաշարժն ու մնացածը. այսօր, մայիսի 25-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իրենց կողմից ԱԳՆ շենք մուտք գործելը եւ շենքը շրջափակելը անվանել էր խուլիգանություն:
«Երբ հայտարարություններ են անում, պետք է հասկանան, որ իշխանությունը հավերժ չի եւ յուրաքանչյուրը իր արած հայտարարությունների, գործողությունների համար ուշ թե շուտ պատասխան է տալու: Խուլիգանն իրենք են, որ երկիրը հետեւողականորեն տանում են կործանման»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ են անելու, եթե չհասնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, վերադառնալո՞ւ են խորհրդարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»:
Անդրադառնալով «Դիմադրություն» շարժման ունեցած ձեռքբերումներին, նա ասաց. «Եթե այս շարժումը չլիներ, արդեն ամեն ինչ վերջացած կլիներ: Երկրորդ, եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում եմ ձեզ, առնվազն ժողովուրդը կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում էր հանձնել երկիրը: Վերջին բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է: Ես վստահ եմ, որ բանավոր խոստումներում, ինչը նաեւ հայտարարվեց, դրան զուգահեռ Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիեւից եւ իր մյուս գործընկերներից, որ հաշվի առնելով ՀՀ-ում իրավիճակը, հույս ունենալով, որ մթնոլորտն ինչ-որ ձեւ կթուլանա կամ կկարողանան կասեցնել: Այս իմաստով ժողովրդի արձանագրած ձեռքբերումն ակնհայտ են»:
Ըստ Սաղաթելյանի, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերված առավելությունները դարձնի վերջնական ու դե յուրե. «Հասկանում են, երբ կորցնեն Հայաստանում Նիկոլ Փաշինյանին, այլևս իրենց ծրագրերը չի իրականանա»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Ի. Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է ավելացնեն ճնշումները, բազմապատկեն ակցիաների ծավալն ու այս իշխանությունը այլևս չի կարողանա դիմակայել. «Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, գոյություն ունի դավաճանական իշխանության հեռացման հանրային պահանջ։ Խնդիրն այն է, որ աջակիցներին դարձնենք մասնակից և ամեն առավոտ այս փողոցային պայքարին նոր թափ տանք»,- ասաց նա։
Նախագահականն ու ԱԽՔ-ն իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որը տեղի է ունենում․ ասաց Իշխան Սաղաթելյանը։
«ՀՀ նախագահը որևէ կերպ չի արձագանքում ազգադավ ծրագրերին, որովհետև ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով։ Հիշում եք, երբ կառավարության նիստում Նիկոլը հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը նաև կկիսի մեր թիմի քաղաքական պատասխանատվությունը, որը նաև ասում էր Արարատ Միրզոյանի պարագայում, ինքն իրեն շրջապատել է այն մարդկանցով, ովքեր պատրաստ են նպաստել այս հայրենադավ ծրագրերին»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը այն հիմնական պաշտոնյաներից է, նշեց նա, ով ամեն օր և ամեն կերպ հիմնավորում է այն բոլոր զիջումները, որն իրենք պատրաստվում են իրականացնել։
«Մեր գործողությունների տրամաբանությունը շատ հստակ է՝ շրջափակել այս հաստատությունների շենքերը և թույլ չտալ իրենց աշխատանքը, որովհետև իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որը տեղի է ունենում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։