Իշխանությունը բանակցային գործընթացներում մեր դիրքերը պաշտպանելու բանաձեւը չի գտել․ Արմեն Ռուստամյան
26 Մայիս 2022
Մադրիդյան սկզբունքների կիրառման արդյունքում հանրաքվեի արդյունքը լինելու էր նույնը, բայց լինելու էր ճանաչում միջազգային մասշտաբով, ինչն ամենամեծ արդյունքը կարող էր լինել․ այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ շենքի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Այս իշխանությունն իսկապես բանակցային գործընթացներում մեր դիրքերը պաշտպանելու բանաձեւը չի գտել։ Մադրիդյան սկզբունքներն ինքնին փոխզիջումային փաստաթուղթ էր։ Մենք կատարել ենք շատ գրագետ քայլ՝ մեր զիջումը համարելով այն, որ կարելի է եւս մեկ հանրաքվե անցկացնել Արցախում, հատկապես որ վստահ ենք, որ արդյունքը նույնն է լինելու։ Խոսքը գնում էր Արցախում հանրաքվեի մասին, ոչ թե Ադրբեջանի ամբողջ տարածքով եւ դա պետք է լիներ նույն համամասնությամբ, ինչ-որ եղել է 1988 թվականից սկսած։ Զարմանալի է, որ այսքան տարի պաշտոնի լինելով չեն հասկացել, որ այն մեր կողմից շատ գրագետ քայլ է եղել»,- ասաց Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրենք համարել են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պետք է լինի ոչ թե միակողմանի, այլ միջազգային գործընթացով ճանաչացված, ինչպես Կոսովոյի տարբերակն է։
«Բանակցությունը բերում է փոխհամաձայնության, որտեղ կա համախոհություն, ինչն էլ նշանակում է, որ մեկը մյուսին տալիս է վետոյի հնարավորություն։ Եթե չոր տրամաբանությամբ նայեինք, առհասարակ բանակցությունների մեջ չպետք է մտնեինք, եւ ասեինք, որ Արցախը հռչակել է իր անկախությունը, ուզում եք՝ ճանաչեք։ Այս տրամաբանությամբ ինչպե՞ս կարելի է երկիր ղեկավարել եւ բանակցություններից խոսել»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում