Ազգային ժողովի արտահերթ նիստը վերջնական ջրբաժան է. Իշխան Սաղաթելյան
26 Մայիս 2022
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ մայիսի 26-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա խոսել է «Դիմադրության» շարժման ընթացքի, անելիքների մասին, պատասխանել լրագրողների հարցերին։
Մենք միայն նախագահի նստավայրը չենք շրջափակել, այլ նաև Անվտանգության խորհրդի շենքը. խնդիրը պետական ինստիտուտների շրջափակումն էր և ՀՀ արժանապատիվ քաղաքացիները շուրջ 3 ժամ, ըստ էության, կասեցրել են տվյալ հաստատությունների աշխատանքը և մեր առաջ դրած խնդիրն ամբողջությամբ լուծել ենք. ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարցին, թե ինչո՞ւ էր ընդդիմությունը նախօրեին շրջափակել Նախագահական նստավայրը, այլ ոչ թե՝ կառավարության և ԱԺ-ի շենքը, Սաղաթելյանը պատասխանեց. «Կգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը»:
Նա տեղեկացրեց, որ բողոքների ակցիաները ծրագրավորված են և ըստ օրվա, առկա ռեսուրսների և նպատակահարմարության որոշում են, թե այդ օրը ո՞ր շենքը պետք է շրջափակվի և՝ ինչ պահանջներով:
Մենք երեկ հստակ հնչեցրել ենք այն նվազագույն կարմիր գծերը, որով պետք է առաջնորդվի ցանկացած հայանպաստ իշխանություն․ հայտնեց Իշխան Սաղաթելյանը:
«Մենք մեր մոտեցումները հնչեցրել ենք, եւ գիտեք, որ հրավիրել ենք ԱԺ արտահերթ նիստ՝ առաջարկելով, որ այդ հայտարարության տեքստն ընդունվի խորհրդարանի կողմից: Դրանով նաեւ ուզում ենք վերջնականապես փակենք այն խոսակցությունները, որ իրենք ամեն անգամ երկիրը տանում են նոր դավադրության եւ փորձում են հասարակությանը մոլորեցնել, որ նման բան չկա: ԱԺ արտահերթ նիստը վերջնական ջրբաժան է: Ջրբաժան է նաեւ նրանց համար, որոնք գոնե մի նշույլ կասկածում են, որ օրվա չարիքի կառավարությունը փորձւմ է երկիրը տանել նոր զիջումների»,-ասաց նա:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Դաշնակցության օբյեկտները և Օպերայի շենքի հարակից դաշնակցականների սրճարանները չեն միանում հայտարարված գործադուլին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ Դաշնակցությունը որևէ գործարան, կամ օբյեկտ չունի, որովհետև դաշնակցականի ունեցվածքն այլ է, քաղաքական ուժինը ՝այլ, հետևաբար անհատական որոշում է գործադուլին միանալ, թե ոչ:
Սաղաթելյանը նշեց, որ մասնավոր դեպքերին չի անդրադառնում և «Դիմադրության» շարժումը մասնավոր անձանց չի դիմել, այլ հանդես է եկել գործադուլի համընդհանուր հայտարարությամբ և կոչով, որին արձագանքել են բազմաթիվ գործարարներ և եղել են նաև չարձագանքողներ:
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/igcU_LvRw0c
Կարեւորը Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսից
-Կգա ժամանակը և օրը, ու մենք կշրջափակենք նաև կառավարության շենքը։ Քաղաքացիներին հաջողվել է շուրջ 3 ժամ շրջափակման մեջ պահել նախագահի նստավայրի և ԱԽ շենքերը։ Բողոքի ակցիաները պլանավորված են ըստ տվյալ օրվա ռեսուրսի, նպատակահարմարության և ժամանակացույցի։
-Միջազգային հանրության կողմից մենք չենք լսել այն պահանջները, որոնց մասին պնդում է Փաշինյանը։ Դրանք իր և Ալիևի պայմանավորվածություններն են։ Մենք մեր կարմիր գծերի մասին արդեն խոսել ենք։
-Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերտ նիստը վերջնական ջրբաժան կդառնա մեր այն հայրենակիցների համար, ովքեր դեռ կասկածում են, որ օրվա չարիքի կառավարությունը երկիրը տանում է նոր զիջումների։ ՔՊ-ն ունի երկու տարբերակ․ կա՛մ պետք է հիմնավորեն՝ ինչո՞ւ են դեմ կամ ձեռնպահ քվեարկում, կա՛մ տապալեն ԱԺ նիստը։ Երկու դեպքում էլ նրանք փակուղի են մտնում։
-Չի կարող տեղի ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանք, երբ Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Չի կարելի խոսել Արցախի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ մոռանալով Արցախի կարգավիճակը։
-Քաղաքացիները, ովքեր գտնում են, որ Նիկոլը պետք է հեռանա, աջակցում են մեզ, բայց նրանք նաև պետք է դառնան շարժման մասնակիցը։ Վերջին մեկ ամիսը մեր ժողովրդի հպարտության մեկ ամիսն է։ Սա բացառիկ երևույթ է։ Պետք է հասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի, և ոստիկանությունն այլևս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը։
-Այս պայքարը որևէ կերպ և որևէ ձևով չի կարող կասեցվել, շարժումը չի կարող պարտվել, որովհետև պարտությունը հայ ժողովրդի պարտությունն է լինելու։
-Բոլոր նրանք, ովքեր իրենց չափն անցնում են և լեզուները երկարացնում են, պետք է հիշեն, որ հավերժ իշխանություն չեն լինելու, և յուրաքանչյուրն իր ամեն ասածի համար պատասխան է տալու։
-Թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է պատերազմից ձեռք բերված արդյունքները նաև դե-յուրե ձևակերպել։ Նրանք հասկանում են, որ երբ Հայաստանում կորցնեն Նիկոլին, բոլոր պայմանավորվածություններն առոչինչ են լինելու։ Մեր խնդիրն է այդ ամենը կասեցնել։
-Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կայացած, բայց անընդունելի փաստ է, սակայն դատավճիռ չէ։ Մենք շատ լավ հասկանում ենք, ինչպես պետք է երկիրն այս վիճակից դուրս բերել, վերականգնել բանակը, բանակցություններ վարել, միջազգային հարաբերություններ կառուցել, ոտքի հանել տնտեսությունը, որպեսզի մնանք հայ, ունենանք պետականություն և հայկական Արցախ։
-Բաղրամյան 26-ում նախատեսված Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը չեղարկվել է, հետևաբար չեղարկվում է նաև «Դիմադրություն» շարժման ակցիան։
-16։30-17։00-ին տեղի կունենա շարժման քայլերթը՝ հետաքրքիր ուղղությամբ, իսկ 19։00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։