«Դիմադրություն» շարժման երթը եւ հանրահավաքը․ շրջափակվեց ՀՀ կառավարության շենքի գլխավոր մուտքը
26 Մայիս 2022
Ֆրանսիայի հրապարակից այսօր, մայիսի 26–ին մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման բազմամարդ երթը։
Շարժման մասնակիցների ձեռքին կային անգլերեն գրություններով պաստառներ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բացե՛ք ձեր աչքերը», «Փաշինյանը չպետք է խոսի Հայաստանի անունից»։
Երթի կանգառը ՀՀ կառավարության շենքն էր, որտեղ տեղի էր ունենալու Չեռնոգորիայի նախագահի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
«Դիմադրություն» շարժման երթը մոտեցավ ՀՀ կառավարության շենքին:
Հրապարակում ու կառավարության շենքի մոտ կենտրոնացած էին մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Շենքի վերևի հատվածում տեղակայված էին նաև դիպուկահարներ։
Հարյուրավոր ոստիկաններ շղթա էին կազմել, նրանք փորձում էին խոչընդոտել խաղաղ երթի ընթացքը, նրանց պարտադրելով այլ գծով շարվել։
«Այս հրապարակը ոչ ոք իր սեփականը չի կարող համարել»,- հայտարարեցին Շարժման մասնակիցները։
Պատգամավորներն ու ակտիվիստները կանգնեցին ոստիկանների եւ ժողովրդի արանքում՝ սադրանքներից ու միջադեպերից խուսափելու համար։
«Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Ամոթ, ամոթ» վանկարկեցին քաղաքացիները։
Չնայած ոսիկանների դիմադրությանը՝ ցուցարարները ճեղքեցին շղթան՝ շարժվեցին կառավարության շենքի ուղղութամբ և շրջափակեցին այն:
Ւշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Մենք այստեղ ենք, որպեսզի միջազգային հանրությանը, Հայաստան ժամանած ցանկացած պատվիրակության շատ հստակ փոխանցենք ժողովրդի ուղերձը, որ այս շենքում նստած մարդը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և ոչ լեգիտիմ է։ Մենք նախօրոք ասել ենք՝ իզուր դրսից մարդիկ մի հրավիրի, որպեսզի ցույց տաս թե լեգիտիմ ես, մենք հակառակն ենք ապացուցելու։ Եթե դուք այստեղ չլինեիք, Չեռնոգորիայի նախագահը պետք է 15 րոպե առաջ ժամանած լիներ, հետևաբար կեցցեք, հալալ է ձեր կամքին ու վճռականությանը»։
Կառավարության շենքի դիմացի հրապարակը հեղեղած մարդիկ վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Դավաճան, հեռացիր»։
Քանի որ կառավարության մուտքը բողոքի գործողություն իրականացնողների և ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից փակ էր, Նիկոլ Փաշինյանը Չեռնոգորիայի նախագահին դիմավորել էր շենքի հետնամուտքում։
««Եկել հասել ենք այստեղ, մուտքը փակել ենք, տարել են ինչ-որ գարաժներով երկրի նախագահ են ընդունել, մենք մեր առջև դրված խնդիրը կատարել ենք»,- Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին դիմելով՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա կոչով «Դիմադրություն» շարժման մասնակիցները ապաշրջափակեցին Կառավարության շենքը եւ քայլերթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաքը շարունակվեց։
Ելույթներով հանդես եկան ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, անհայտ կորած զինվորի (Արայիկ Բաղդասարյան)քույր Լուսինե Բաղդասարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադեւոս Ավետիսյանը, Լիլիթ Գալստյանը:
Համախմբման համար նախ պետք է մեր երկրում լիարժեք արդարություն լինի․ այն մեր երկրից լիարժեք հեռացրել են․ իր ելույթում ասաց Թադևոս Ավետիսյանը։
Վերջին չորս տարիներին կատարվածը ներկայացնելով՝ Ավետիսյանը նշեց, որ որոշակի շրջանակներին դուր գալու համար մի քանի քայլ են կատարվել, որոնք հանգեցրեցին սոցիալական խնդիրների խորացմանը։
Նա նաև նշեց, որ անընդհատ բարձրանում են սննդամթերքի գները՝ վնասելով և գյուղացուն, և քաղաքացուն։ Անդրադառնալով պաշտոնյաների պարգևատրումներին, Ավետիսյանն ասաց, որ դրանք ինքապարգևատրումներ են և ապօրինի են։
Թադևոս Ավետիսյանը թվարկեց մի քանի հիմնավոր տնտեսական փոփոխություններ, որ անելու են Նիկոլին հեռացնելուց հետո։
Մենք կալանավայրից ստանում ենք մեր ընկերների գոտեպնդող, մեզ նոր լիցք տվող ուղերձները ու ես ասում եմ՝ Բելը երբեք չի կարող հաղթել Հայկին․ հայտարարեց Լիլիթ Գալստյանը։
«Փորձում են ասել, որ մեր շարժումը մարում է․ դուք շփոթված եք, դուք մոլորված եք, կարողացեք հաղթել ձեր միջի վախերը և նայել իրականության աչքերին»,-ասաց նա։
Լիլիթ Գալստյանը ներկայացրեց 160-ից ավելի մտավորականների կոչը հայ ժողովրդին։ Նա ընթերցեց ուղերձից մի հատված․
«Հայ մտավորականը լռելու իրավունք չունի։ Այս ճակատագրական իրադարձությունների համապատկերում, սերունդների առջև արժանապատիվ կեցվածք պահպանելու մտահոգությամբ կա միայն մեկ խնդիր՝ վճռական կանգնել և կանխել երկրի կործանումը։ Մենք ՝ բոլորս, պատասխանատվություն ենք կրում ապագայի հանդեպ և հանդես ենք գալիս ՝ ի պաշտպանություն համաժողովրդական պայքարի,որն ուղղված է Արցախի փրկությանը, մեր արժանապատվության և համերաշպության վերականգնմանը։ Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ հանուն մեր արժանապատիվ ապագայի միասնականությամբ կարող ենք կասեցնել այս կործանարար ընթացքը ու մասնակից դառնալ Հայոց պետականության վերածննդին»։
Նա հայտնեց, որ կոչի տակ ստորագրել են 4 ակադեմիկոս, 40-ից ավելի դոկտոր պրոֆեսորներ, ժողովրդական արտիստներ, արվեստի վաստակավոր գործիչներ, գիտնականներ։
«Նրանք չեն վաճառվում 30 արծաթով և նրանց չի վախեցնում այս վարչախմբի ահաբեկչությունները»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Ցուցադրվեց տեսահոլովակ՝ «Դիմադրություն» շարժման կազմակերպած այսօրվա կարեւոր գործողությունների մասին։
ԱԺ արտահերթ նիստը, որը պահանջել էին խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, օրենքի ուժով այսօր նշանակվել է․ հանրահավաքի ավարտին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին նախատեսված նիստին, որի օրակարգում խորհրդարանական ընդդիմության հայտարարությունն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացների վերաբերյալ։
Իշխան Սաղաթելյանն այս առնչությամբ ասաց՝ իշխող մեծամասնությունն այդքան համարձակություն չի ունենալու՝ ստորագրելու նշված հայտարարությունը։
«Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,- ասաց նա։
«Դիմադրություն» շարժումը վաղը շարունակելու է անհնազանդության ակցիաները, ակցիաներ կլինեն նաև մարզերում․տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը հանրահավաք չենք ունենալու, մեզ համար լինելու է աշխատանքային օր, իսկ մայիսի 28-ին՝ 18.00 հրավիրում ենք համապետական հանրահավաք։ Մինչև հանրահավաքը՝ 16.00, Սարդարապատից տեղի կունենա մեծ ավտոերթ դեպի այս հրապարակ։ Հրապարակում 18.00 տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ երթ»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մայիսի 28-ի հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու Ստեփանակերտում։
https://youtu.be/otx7qhBzjhc