Այս համազգային շարժումը կասեցնելու է հայոց պետականության կործանման ընթացքը․ Իշխան Սաղաթելյան
26 Մայիս 2022
«Այսօր կրկին ցույց տվեցինք, որ մեր առաջ փակ ճանապարհ, դուռ չկա, որևէ ոստիկանական պատնեշ չի կարող կանգնեցնել այս շարժումը»,- Ֆրանսիայի հրապարակում այսօրվա հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք ունենք հստակ ձևակերպված նպատակ՝ աշխարհին ցույց տալ, որ վարչապետի աթոռին հայտնված անձը չունի մանդատ ժողովրդի անունից բանակցություններ վարելու, չի արտահայտում ժողովրդի կամքն ու ինքը լեգիտիմ չէ։
Նա հայտարարեց, որ այս համազգային շարժումը կասեցնելու է հայոց պետականության կործանման ընթացքը և հայ ժողովրդի համար կերտելու է նոր արշալույս։
«Մենք վաղուց գիտենք, որ մարդկանց կամքը, դիրքորոշումը, տեսակետը ինքը երբեք հաշվի չի առել։ Պարզապես միշտ ցույց է տվել, որ հաշվի է առնում՝ ժողովրդի թիկունքում շարունակ գնալով դավադրությունների և զիջումների։ Մենք դա թույլ չենք տալու»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պահանջած ԱԺ արտահերթ նիստը՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Հայտարարության օրակարգով, տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։
«Դա վերջնական ջրբաժանի օրն է․ այն օրը, երբ մեր հասրակության նույնիսկ այն հատվածները, որ դեռ մի նշույլ կասկածում են, որ սրանք հայրենադավ են և փորձում են երկիրը տանել նոր կապիտուլյացիայի, այն օրն է, որ բոլորը պետք է համոզվեն։ Հունիսի 3-ին կա՛մ իրենք կգան խորհրդարան, կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։ Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն ստորագրելու համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Դիմադրություն» շարժումը վաղը՝ մայիսի 27-ին շարունակելու է անհնազանդության ակցիաները, ակցիաներ կլինեն նաև մարզերում։
Վաղը հանրահավաք չի լինի՝ կլինի աշխատանքային օր։
Իսկ մայիսի 28-ին հրավիրում են համապետական հանրահավաք։
Մինչև հանրահավքը՝ մայիսի 28-ին ժամը 16։00 Սարդարապատից մեծ ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ, ապա 18։00 հանրահավաք, որից հետո երթ։
Մայիսի 28-ին Երևանում հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու Ստեփանակերտում։
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/rHfIP7nbf1U