Մայիսի 28-ի պատմական խորհուրդն ու դասերը (անկախության 104-ամյակի առթիվ)
28 Մայիս 2022
Տակավին ուշ միջնադարում՝ հայոց պետականությունների կորստից հետո, հայ հոգևոր և աշխարհիկ գործիչները, հայ հասարակական-քաղաքական միտքը, իսկ 19-րդ դարի վերջերից արդեն հայ ազգային քաղաքական կուսակցություններն իրենց «Դաշանց թղթերով», «Տեսիլքներով», մշակած ծրագրերով, ռազմավարությամբ ու մարտավարությամբ դեգերել են, ուղիներ փնտրել, դիմել հաճախ անհավասար պայքարի ու զոհողությունների՝ հայրենիքի ու հայ ժողովրդի ազատության և անկախ պետականության վերականգնման համար: Պատմափիլիսոփայական ու քաղաքագիտական պարզ ու մնայուն թեորեմ է այն, որ ազատությունն ու անկախությունը յուրաքանչյուր արժանապատիվ ազգ-ժողովրդի գերնպատակն են, նրա կենսունակության, հոգևոր և բարոյական ամենաբարձր ցուցիչը: Այս իմաստով անբեկանելի է ՀՅԴ ճանաչված տեսաբան ու գործիչ Վ. Նավասարդյանի դատողությունն այն մասին, որ «Անկախութիւնը ազգերի անկապտելի իրաւունքն է, նրանց անվերաքննելի ու նուիրական սեփականութիւնը: Անկախութիւնն ազգ-սուբյեկտի ազատութեան միակ ձեւն է, անկաշկանդ ապրելու եւ ստեղծագործելու միակ միջոցը» :
Հասկանալի է, որ Վ. Նավասարդյանն այս խոսքերն ուղղակիորեն հասցեագրում էր անկախությունը կորցրած հայ ժողովրդին և պատգամում, որ, ինչ էլ լինի, պետք է պայքարել ազգային այդ նվիրական, համամարդկային մեծագույն արժեքի վերականգնման, պահպանման ու առաջընթացի համար: Տեղին է հիշել նաև հայ մեծ մտավորական Ն. Աղբալյանի (Հանգույց) դիտարկումն այն մասին, որ «Ամեն ազգ պէտք է իր քաղաքական հայրենիքն (ընդգծումը մերն է ‒ Ա. Հ.) ունենա» :
***
Դարավոր մաքառումներից և վիթխարի կորուստներից հետո՝ 20-րդ դարասկզբին, հայ ժողովրդին, ի վերջո, գերմարդկային ճիգերով ու կորուստներով հաջողվեց ձեռք բերել անկախություն և Արևելահայաստանի մի փոքր հողակտորի վրա վերականգնել ու կերտել հայոց անկախ պետականությունը: Այդ ամենի համար մենք ամենից առաջ մեծապես պարտական ենք 1918 թ. մայիսյան հաղթական հերոսամարտերին:
Հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշման հարցում, պատմական էքսկուրս կատարելով, կարելի է արձանագրել այն իրողությունը, որ դարեր առաջ հայ քաղաքական միտքը, հայ հոգևոր ու աշխարհիկ գործիչների հայացքը սկզբում ուղղված էին դեպի Արևմուտք, իսկ ավելի ուշ՝ արդեն 18-րդ դարում՝ հիմնականում դեպի Ռուսաստան: Սակայն նրանց քաղաքական-ազատագրական առաքելությունների նպատակն էր ոչ թե պարսկա-թուրքական բռնապետական, ազգային ու կրոնական հալածանքներից ազատագրվելով միանալ, օրինակ, Ռուսաստանին, այլ արևմտաեվրոպական կամ ռուսական քրիստոնյա պետությունների օգնությամբ ազատագրել հայրենիքն ու հայ ժողովրդին և հիմնել սեփական ազգային պետականություն՝ թագավոր կարգելով, ըստ Ի. Օրիի ծրագրի, թեկուզ Պֆայլցի կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին, ըստ Հ. Էմինի՝ վրաց թագավոր Հերակլ 2-րդին, իսկ ռուսահայ թեմի առաջնորդ Հ. արք. Արղությանի կազմած նախագծով՝ իշխան Գր. Պոտյոմկինին և այլն: Այդ ամենով հանդերձ՝ հայ քաղաքական մտքի, ազատագրական գաղափարաբանության ու գործիչների ձգտումը, վերջնանպատակը ոչ թե որևէ զորեղ երկրի միանալն էր, այլ սեփական ազգային պետականություն ստեղծելը՝ թեկուզ ունենալով այլազգի արքա և ստանալով նրա հովանավորությունը:
Դառնալով Մայիսի 28-ի պատմական խորհրդին՝ կարելի է վստահաբար ասել, որ 1918 թ. Մայիսյան հերոսամարտերից ծնվեց անկախությունը, և ստացվեց այնպես, որ մենք առանձնապես հովանավոր պետության կարիքը չունեցանք: Մայիսյան հաղթանակը դրեց դարերով ընդհատված հայոց անկախ պետականության հիմքը: 104 տարի առաջ տեղի ունեցած այդ երկու ճակատագրական իրադարձությունները անբաժանելի ամբողջություն են համայն հայության համար՝ որպես պատմական բեկումնային շրջադարձ: Տեղին ու դիպուկ է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի առաջաբանում տրված այն գնահատականը, որ 1918 թ. Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի համար, հիրավի, «Հայրենական պատերազմ էին», որի հետևանքով ոչ միայն ջախջախվեց և դուրս շպրտվեց հայության դարավոր թշնամին, այլև վերածնվեց հայկական պետականությունը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը, ինչն էլ ազդարարեց հայոց պատմության նորագույն շրջանի սկիզբը :
Առանց չափազանցության կարելի է ասել, որ հայկական հայրենականի գլխավոր հերոսը, աննկուն և կամային մարտիկն ու հաղթանակի կազմակերպիչը, նորահռչակ հանրապետության հիմնադիրը Արամ Մանուկյանն (Սարգիս Հովհաննիսյան) էր, մի անհատականություն, որի տեսակը, ցավոք, պակասում է մեր ժամանակներում: Իբրև կեսդարյա պատմաբան՝ համարձակվում եմ ասել, որ Երևանի դիկտատոր (զուտ դրական իմաստով) Արամին կարելի է համեմատել 17-րդ դարի Անգլիական մեծ հեղափոխության շրջանում դարձյալ դիկտատոր հռչակված Օլիվեր Կրոմվելի հետ, թեև իբրև դիկտատորներ՝ նրանք տարբեր խնդիրներ են լուծել․ Կրոմվելը՝ անգլիական հեղափոխության ժամանակ պառլամենտական Անգլիայում ուժի գործադրմամբ կարգը պահպանելու, երկրում բարենորոգումներ իրականացնելու և երկիրը ժողովրդավարական ուղիով տանելու, իսկ ժողովրդի կողմից անսահմանափակ իշխանությամբ հայոց դիկտատոր ընտրված Արամը՝ մահվան, լինել-չլինելու սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդին համախմբելու, նրան մարտական ոգի ներշնչելու, հաղթանակի տանելու և մայիսի 28-ին անկախ պետականություն կերտելու խնդիրը : Մինչ այդ՝ 1918 թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի վրաց մենշևիկյան խմբակցության նախաձեռնությամբ Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության (ԱԴՀ) փլուզումից և Վրաստանի անկախության ու կովկասյան թաթարների կամ թյուրքերի կողմից «Ադրբեջան» անվանումով պետության հռչակումից հետո, 15 հոգուց բաղկացած Թիֆլիսի Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդը համարձակություն դրսևորեց և, պատասխանատվություն վերցնելով իր վրա, մայիսի 28-ին վճիռ կայացրեց՝ իրեն հռչակելով «հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն» : Զուտ քաղաքական-դիվանագիտական նկատառումով և առաջին հերթին Ռուսաստանից չկտրվելու մտավախությամբ պայմանավորված (ըստ Ս. Վրացյանի՝ «անկախությունը կարող էր ավելի ևս ծանրացնել կացությունը») ՝ Հայոց ազգային խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ անգամ չի եղել «անկախություն» բառը, այդուհանդերձ, բազմակուսակցական կառուցվածք ունեցող, հայ ժողովրդի արևելահայ ամբողջ քաղաքական ներկապնակը ներկայացնող Հայոց ազգային խորհուրդը գնաց համարձակ այդ քայլին, հակառակ դեպքում Արևելահայաստանի գավառները կարող էին բաժան-բաժան արվել հարևան երկրների միջև: Իսկապես, մայիսյան հաղթանակների ձախողումը հղի էր ոչ միայն արևելահայության ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով, այլև հայկական տարածքների բաժանմամբ թուրքական, վրացական և թաթարական ազգային-պետական կազմավորումների միջև:
Հատկանշական է այն փաստը, որ ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունու դեռևս կիսակազմ կառավարությունը միայն 1918 թ. հունիսի 13-ին նախ մեր անմիջական հարևան, հայության հանդեպ մշտապես լոյալ ու չեզոք դիրք գրաված Պարսկաստանի կայսերական կառավարությանը, իսկ այնուհետև ի լուր աշխարհի բազում պետությունների հայտարարեց հայկական դեմոկրատական հանրապետության անկախության հռչակման մասին : Պատմական ավելի քան մեկդարյա ու արդի իրողությունների լույսի ներքո ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը առաջինը հարևան ու բարեկամ Իրանին է դիմել՝ ճանաչելու Հայաստանի անկախությունը, ինչը վկայում է, որ այն ժամանակ էլ ձգտում է եղել ճանաչելու միմյանց անկախությունը։ Դրանից բխող հետևությունները թողնենք Հայաստանի այսօրվա իշխանություններին: Հետագայում ՀՀ-ն ճանաչում ստացավ աշխարհի ավելի քան 40 պետությունների կողմից, և անգամ օրակարգ ներառվեց Ազգերի լիգային անդամակցության հարցը :
Կարող է ծագել առաջին հայացքից պարադոքսալ մի հարց՝ ինչպես է, որ 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական պայմանագրով հայ ժողովրդի դարավոր թշնամի ու ցեղասպան Թուրքիան առաջինը ճանաչեց ՀՀ անկախությունը: Դրա համար դարձյալ պարտական ենք մայիսյան հաղթական հերոսամարտերին, որոնք հարկադրեցին թուրքերին գնալ հաշտության և պաշտոնապես ճանաչել Հայաստանի անկախությունը, թեև մի փոքր հողակտորի՝ ընդամենը 10 հազար քառ. կմ-ի վրա: Գնահատելով այդ երևույթը՝ վաստակաշատ պատմաբան Լեոն նորանկախ Հայաստանը հեգնորեն անվանել է ոչ թե «բնակության տեղ, այլ գերեզման» : Պատմաքաղաքական հետագա դեպքերը, սակայն, ցույց տվեցին, որ Լեոյի այդ հուզական գնահատականը ճիշտ չէր: 1918 թ. աշնանը՝ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, նորահռչակ ՀՀ տարածքն ընդարձակվեց․ ըստ 1919 թ. աշնանը ԱՄՆ-ի Սենատին ուղղված Հովհ. Քաջազնունու՝ «Հայաստանի Հանրապետութիւն» վերտառությամբ հուշագրի՝ այն կազմել է 67․5 հազար քառ. կմ : Հիրավի, մեծագույն ճիգուջանքերով շատ կարճ ժամանակամիջոցում, թերություններով ու բացթողումներով հանդերձ, հնարավոր եղավ ստեղծել ժողովրդավարական պետություն՝ պետաիրավական համակարգով, իշխանության երեք թևերով, ֆինանսատնտեսական կառույցներով, կրթամշակութային հաստատություններով, դիվանագիտական կապերով, ազգային բանակով, պետականության խորհրդանիշներով և այլն:
Անհեթեթ ու անհիմն է խորհրդային-բոլշևիկյան պատմագրության և դրան տուրք տվող որոշ հեղինակների այն պնդումը, թե մայիսի 28-ին Հայաստանի անկախացումը եղել է Թուրքիայի թելադրանքով, այդ օրը «հայ աշխատավորության ստրկացման օրն» է և այլն : Ավելին՝ հաճախ «անկախություն» բառն առնվել է չակերտների մեջ : Մինչդեռ փաստերը, պատմական դեպքերի տրամաբանությունը հուշում են, որ եթե խնդիրը թողնվեր Թուրքիային, ապա նա ոչ միայն Հայաստանը չէր «անկախացնի», այլև հնարավորության պարագայում Այսրկովկասում ևս հայ չէր թողնի և արևելահայոց հարցը կլուծեր արևմտահայոց հարցի նման: Եվ այդ ոճրային ծրագրի կասեցման գործում մենք պարտական ենք ամենից առաջ մայիսյան հաղթական հերոսամարտերին:
Հայոց պատմության մեջ առանձնանում են մայիսյան պատմական երեք առավել հիշարժան իրադարձություններ՝ բոլորիս հայտնի 451 թ. Ավարայրի ճակատամարտը՝ ավելի շատ իր բարոյական հաղթանակով, 1918 թ. Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն ու անկախության հռչակումը և 1992 թ. մայիսի 9-ին (իրականում՝ 8-ին) հայրենի Շուշիի ազատագրումը: Շատերի կարծիքով՝ իր նշանակությամբ ու հետևանքներով առավել մնայունն ու հավերժողը մեզ համար առաջին հերթին 1918 թ. թուրք-հայկական մեծ հայրենական պատերազմն է և դրա վերջնարդյունքում մայիսյան հաղթանակը՝ իհարկե չթերագնահատելով մյուս երկուսի դերը: Ցավով պետք է արձանագրել արցախյան 44-օրյա ձախողված պատերազմի հետևանքով Արցախի խորհրդանիշը հանդիսացող, առայժմ թշնամու կողմից կարծես գերեվարված հնամենի Շուշի քաղաքի կորուստը:
Չխորանալով հանրահայտ պատմության այլ մանրամասների մեջ՝ կարելի է արձանագրել, որ Մայիսի 28-ի 104-ամյա պատմության փորձն ու խորհուրդը փաստում են, որ ժամանակային առումով որքան հեռանում ենք այդ դարակազմիկ և շրջադարձային իրադարձությունից, և որքան ավելանում են մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, այնքան մեծանում է Մայիսի 28-ի պատմական անանց արժեքն ու նշանակությունը՝ հայ ժողովրդի անկախ պետականության պահպանման, անվտանգության ապահովման, ժողովրդավարության և սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային ձեռքբերումներով առաջատար երկրների շարքին դասվելու, զարգանալու և հարատևելու առումով:
Հաղթական մայիսը և Առաջին հանրապետության պատմության փորձն ու դասերը ուսուցանում են ազգային բանակին և սեփական ուժերին ապավինելու գաղափարը՝ իբրև ազգ-ժողովրդի ու պետականության պաշտպանության առավել հուսալի երաշխիք: Տեղին է մտաբերել մեծն Նժդեհի թևավոր դարձած խոսքը․ «Ինքն իրեն յարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանութեան յոյսը դնում է նախ ի՛ր բազուկին, ի՛ր զէնքի վրայ» : Այդ առումով մենք պետք է դասեր քաղենք արցախյան վերջին 44-օրյա ձախողված պատերազմից, որի պատճառները բազում են, այդ թվում՝ օրվա իշխանությունների թույլ տված աններելի սխալները: Հանրահայտ ճշմարտություն է, որ սովորաբար տվյալ ազգ-պետությունը ավելի շատ դասեր առնում է ձախողում-պարտություններից, քան հաղթանակներից:
Կրկին դառնալով միմյանց իրավահաջորդած երեք հանրապետություններին՝ կարելի է ընդգծել դրանց միջև առկա բարձրագույն քաղաքական, հոգևոր-մշակութային իրավահաջորդության ու ժառանգորդության կապը: Հայաստանի երեք հանրապետությունների պատմության պատմաքննական-համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների, բազմակուսակցական համակարգի, գաղափարախոսության, իրավաքաղաքական, տնտեսական և անգամ պետականության խորհրդանիշների և այլ արժեքային համակարգերի առումով, անշուշտ նաև իրենց առջև ծառացած մարտահրավերներով իրար շատ ավելի մոտ ու հոգեհարազատ են Առաջին և Երրորդ հանրապետությունները: Ինչ վերաբերում է 70-ամյա կենսագրություն ունեցող Երկրորդ հանրապետությանը՝ Խորհրդային Հայաստանին, ապա այն, թեև համարվում էր ոչ լիարժեք ինքնիշխան հանրապետություն, այնուամենայնիվ, ՀՍԽՀ, իսկ հետո Հայկ. ՍՍՀ անվանումներով օժտված էր պետականության որոշակի հատկանիշներով՝ իր պետական կառույցներով, իշխանության մարմիններով, վարչական կառուցվածքով, միակուսակցական համակարգով, միութենական սահմանադրության տեղայնացմամբ, պետական խորհրդանիշներով, սկզբնական շրջանում՝ նույնիսկ սեփական բանակով և այլն, թեև նրանում շատ նորմեր ունեցել են պարզապես դեկլարատիվ բնույթ :
Երբ խոսվում է ավելի քան 30-ամյա Երրորդ հանրապետության, նրա առջև ծառացած բազում հիմնախնդիրների և առաջին հերթին Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության, հայրենի հողի պաշտպանության, երկիրը շենացնելու մասին, հարկ է առաջնորդվել այն գաղափարով ու գիտակցությամբ, որ անկախ նրանից, թե այսօր ովքեր են իշխանության ղեկին, և ով է վարչապետի պաշտոնում հայտնվել, նրանք դեռևս պետությունը չեն․ այդ ամենը ժամանակավոր է, մնայունն ու հարատևողը անկախ պետականությունն է ժողովրդի հետ միասին:
Մայիսի 28-ի հոգևոր ու առարկայական խորհուրդներից է ապահովել Հայաստանից ու Արցախից դուրս աշխարհասփյուռ 8 միլիոն հայության մասնակցությունը հայոց պետականության հետագա հզորացմանը։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու սփյուռքահայերի վերադարձը, ինչպես Ն. Աղբալյանն է ասել, իրենց քաղաքական հայրենիք-Հայաստան՝ իբրև իրենց ինքնության, անվտանգության ու զարգացման միակ հուսալի հենարանի ու ապավենի:
Վերհիշելու, գնահատելու և դասեր քաղելու առումով հետաքրքիր է, թե անցած ավելի քան մեկ դարում ինչպես է նշվել Մայիսի 28-ը Սփյուռքում, Խորհրդային Հայաստանում և Հայաստանի երրորդ հանրապետությունում, ի մասնավորի՝ ՔՊ-ական կառավարման վերջին տարիներին: Պետական պաշտոնական մակարդակով վերջիններիս վերաբերմունքը գրեթե չի տարբերվել խորհրդային-կոմունիստական վարչախմբերի վերաբերմունքից: Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա կուսակցական-հատվածական տարանջատվածության հանգամանքն իր դրոշմն է թողել այդ նշանակալի իրադարձության գնահատման ու արժևորման հարցում: Կարելի է ասել, որ հայ հանրության լայն շրջանակներում դեռևս չի ձևավորվել այն հավաքական գիտակցությունը, որ Մայիսի 28-ը միայն ՀՅԴ-ինը չէ։ Ժողովրդի համախմբման, նվիրյալ գործիչների ու կուսակցական կառույցների մեծագույն ջանքերի շնորհիվ շատ կարճ ժամանակամիջոցում՝ ընդամենը 2,5 տարում, տեղի ունեցավ պետականության՝ եռաթև, ժողովրդավարական, բազմակուսակցական հիմունքներով ինստիտուցիոնալ կայացումը: Եվ այդ հաղթանակն ու պետականությունը չեն պատկանում որևէ կուսակցության կամ ինչ-որ վարչախմբի, այլ համայն հայության սեփականությունն են, նրա պատմական հարստությունն ու անմոռաց հիշողությունը և այսօրվա ու վաղվա Հայաստանի ամուր հիմքը:
Արարատ Հակոբյան
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր