Քաղաքական պայքարը չպետք է վերածվի քաղաքական թշնամանքի
30 Նոյեմբեր 2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակի հինգերորդ հորիզոնականում գտնվող Սպարտակ Սեյրանյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, ասաց, որ բոլոր տեսակի ընտրություններից առաջ գրեթե անխտրիր քաղաքական ուժերը միշտ խոսում են այն մասին, որ ընտրությունները պետք է անցնեն բնականոն, հարգանքի, կոռեկտության մթնոլորտում, պետք է լինի գաղափարների, ծրագրերի մրցակցություն:
«Ցավոք սրտի, հերթական անգամ ականատես ենք լինում՝ այդ, կարելի է ասել՝ ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական ուժերի միջև չի հարգվում, քանի որ շատերն իրենց քարոզարշավը կառուցում են ոչ թե սեփական ծրագրերը, սեփական գաղափարները և առաջարկները ներկայացնելու տրամաբանությամբ, այլ դիմացինին հարվածելու և վարկաբեկելու տրամաբանությամբ»,-ասաց նա:
Սպարտակ Սեյրանյանն ընդգծեց, որ այդ ամենի արդյունքում հասարակությունը պառակտվում է, և երկրորդ` նշանակում է, որ սեփական գաղափարների և արդյունավետ ծրագրերի պակասը կոմպեսացնում են դիմացինին հարվածելով և վարկաբեկելով. «Ինձ համար այս ամբողջ ընթացքը կարևորվում է մի քանի առումներով. Առաջին՝ շատ կարևոր է, որ ընտրություններն անցնեն լեգիտիմության, օրենքի հարգման, արդարության մթնոլորտում, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է, որ հասարակությունը, պետությունը ընտրություններից դուրս են գալիս ավելի ուժեղ, թե ավելի թույլ:
Եթե ամբողջ քարոզարշավը կառուցվում է հասարակությունը պառակտելու, ինչ-որ գույների բաժանելու, մարդկանց իրար դեմ լարելու տրամաբանությամբ, դա նշանակում է, որ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կլինի մեծամասնություն, որ քաղաքական ուժը որքան պատգամավոր կունենա Ազգային ժողովում, հասարակությունը դուրս է գալու պառակտված»,-ասաց նա:
Սպարտակ Սեյրանյանը հասկանում է, որ քարոզարշավի ընթացքում կարող են լինել որոշակի ձևախեղումներ, բայց չպետք է թույլ տալ՝ քաղաքական պայքարը վերածվի քաղաքական թշնամանքի, որից հետո շատ դժվար է լինելու հասարակությանը միավորել. «Եթե մի քանի քվեի համար դու հասարակության մեջ մտցնում ես թշնամանքի, ատելության տրամաբանություն, դրանից հետո ոչ մեկն այլևս հաղթող չի լինելու, քանի որ անկախ նրանից, որ ուժը կունենա մեծամասնություն, ինքը գործ է ունենալու պառակտված, իրար հետ լարված հասարակության հետ»,-ասաց նա:
Պատգամավորի թեկնածուն չի ցանկանում Դաշնակցության շանսերը գնահատել և ասաց՝ դա ընտրությունների օրը ցույց կտա: «Վայ այն հասարակությանը, որ իր ազգայնական ուժերին քվե չպետք է տա խորհրդարանում ներկայացված լինելու համար, դա նշանակում է, որ տվյալ հասարակությունը խորապես հիվանդ է: Ես չեմ ասում Դաշնակցությանը, այլ ասում եմ ազգային գաղափար ունեցող ուժերին, անհատներին, եթե հասարակությունը չի տեսնում խորհրդարանում, ուրեմն այդ հասարակությունը լուրջ հիվանդ է և շատ լուրջ պատժվելու է դրա համար»,-ասաց նա:
Լիանա Առաքելյան