Անթույլատրելի է հարվածի տակ դնել համաժողովրդական պայքարը
01 Դեկտեմբեր 2018 ՀՅԴ անդամ, ՀՅԴ ցուցակով Քանաքեռ-Զեյթունում առաջադրված թեկնածու Գեղամ Մանուկյանը Հ 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստան-Արցախ իշխանությունների միջև ստեղծված որոշակի լարվածության մասին: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի աղմկահարույց ձևակերպումից հետո, թե` հեղափոխական շարժումը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև սկսվեցին փոխադարձ պարզաբանումներ, տարաբնույթ մեկնաբանություններ, մեղադրանքներ:
«Ես դա առճակատում չէի կոչի, որովհետև Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության մասին հայ հավաքականության ցանկացած շերտ, ցանկացած խավ, ու հատկապես օրինական ճանապարհով ընտրված Արցախի ղեկավարությունը կարող են տեսակետներ ու մոտեցումներ հայտնել: Թույլ չտալ կարծիք հայտնելը կարող է բերել վտանգավոր ջրբաժանների: Այս առումով Դաշնակցության կոչն է` սթափվել, գիտակցել, և մի պահ կանգ առնել` հանուն ապագայի ու դժվար մարտահրավերների»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նրա համոզմամբ` 30-ամյա պայքարով ձեռք բերված այդ հարստությունը, որը կոչվում է հայկական պետականություն, ազատագրված տարածքներով նոր Արցախ աշխարհ, անթույլատրելի է որևէ ձև թիրախ դարձնել ու հարվածի տակ դնել համաժողովրդական պայքարը: Չպետք է թույլ տալ մեր համազգային համախմբման մեջ որևէ ճեղք, բաժանում` արցախցի-հայաստանցի:
Գեղամ Մանուկյանը անդրադարձավ նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե մայիսից այս կողմ Հայաստան զենք չի մատակարարվել: Այս հայտարարությունից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրանտ Մարգարյանը սխալվում է: Գեղամ Մանուկյանի խոսքով` Հրանտ Մարգարյանը մի շարք մտահոգություններ էր ներկայացրել, ինչը հնարավոր չէ չներկայացել, քանի որ այն Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է կրում ազգային արժեքների ու առկա խնդիրների վերաբերյալ:
«Հրանտ Մարգարյանը բարձրաձայնել էր, թե մտահոգիչ է այն տեղեկությունը, որ Հայաստան մայիսից այս կողմ զենք չի ներկրվել, և ավելացրել էր. «Տա Աստված, որ սխալվեմ»: Ո՞վ մտահոգություն պետք է արտահայտեր, եթե ոչ` Դաշնացկությունը: Հրանտ Մարգարյանը, ինչպես հարիր է համահայկական կառույցի ներկայացուցչին, թույլ չտվեց նման ռազմավարական հարցով հրապարակային բանավեճ ընթանա` ցածր մակարդակով: Ուղղակի նա իր պատասխանով հանդարտեցրեց իրավիճակը»,- ասաց նա:
Դաշնակցության մեջ շերտեր փնտրողը երբեք չի հաջողել. Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը նշեց, որ այդ հարցում էլ Դաշնակցությունը տարբերվում է մնացածներից: Եվ եթե Դաշնակցության որևէ թեկնածու ներգրավված է նախընտրական քարոզարշավում, ապա Դաշնակցության մեկ այլ անդամ աշխարհի որևէ այլ տեղում զբաղված է սփյուռքի վերաշինման աշխատանքներով կամ Արցախի հարցով լոբբիստական աշխատանքներ իրականացնելով, հայապահպանման հարցեր լուծելով և այլն:
«Դաշնակցության օրակարգը ավելի մեծ է, քան 5 տարվա կտրվածքը: Ահա ինչու մի քանի քվեի համար մենք չենք կարող իջնել ցածր մակարդակի բանավեճերի»,- ասաց նա:
Դաշնակցության մեջ շերտեր փնտրողը երբեք չի հաջողել, վստահ է Գեղամ Մանուկյանը: Նրա համոզմամբ` դժվար է մնալ Դաշնակցության մեջ, թե կարգապահության առումով, թե գաղափարականության պատճառով: Դաշնակցությունը գնում է իր ուղով: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական Բագրատ Եսայանի` պատգամավորի թեկնածությունից ինքնաբացարկ հայտնելուն, և դրան հետևած տարաբնույթ մեկնաբանություններին, Գեղամ Մանուկյանը նշեց, որ Բագրատ Եսայանը համարվում է ՄԱԿ-ի աշխատակից, իսկ ՄԱԿ-ը իր կանոնադրությամբ թույլ չի տալիս հրապարակային քաղաքական գործունեությամբ զբաղվել:
«Դաշնակցությունը այնպիսին է, որ նրան հնարավոր չէ արմատախիլ անել: Արմատախիլ անելու կոչեր անողները մի քանի տարուց կտեսնենք թե ուր կհայտնվեն»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
yerkir.am