Մենք տեր ենք մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը. Իշխան Սաղաթելյան
04 Հունիս 2022
Քիչ առաջ Ալիևը թվիթերյան գրառում է արել․ «Բոլորը պետք է իմանան պատմությունը․ 1920 թ-ին Սովետական Միության որոշմամբ մեր պատմական հողը՝ Արևելյան Զանգեզուրը, բաժանվեց Ադրբեջանից և տրվեց Հայաստանին։ Սա պատմական անարդարություն էր մեր ժողովրդի նկատմամբ». Ֆրանսիայի հրապարակում՝ այսօրվա հանրահավաքի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Սա ասել է Ալիևը։ Երբ մենք ասում ենք, որ վտանգը միայն Արցախով չի սահմանափակվում՝ այս մարդիկ կտոր-կտոր հանձնելու են մեր հայրենիքը ու բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ այս աղետը իրենց դռանը չոքելու՝ իրենց բնակարաններում սպասում են․ հենց սրա մասին ենք ասում։ Ակնհայտ է, որ թշնամին հավակնություն ունի Սյունիքի նկատմամբ և այս ժամանակահատվածում որոշակի առաջընթաց է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, և եթե այս դավաճանները մնան, հետևողականորեն թուլացնեն մեր երկրի պաշտպանությունը, բանակը վերջնականապես տանեն կազմաքանդման՝ թշնամին շարժվելու է դեպի Հայաստան ու մինչև Երևան»,-ասաց նա։
Երբ ասում էինք նոյեմբերի 9-ից հետո հեռացիր, որ գոնե այսքանը կարողանանք փրկել, հենց սրա համար էինք ասում՝ նշեց Սաղաթելյանը։
«Ուրեմն և՛ Ալիևը, և՛ Ադրբեջանի ժողովուրդը, և՛ ամբողջ աշխարհը թող իմանան՝ հայ ժողովուրդը ծնկի չի գալու, հայ ժողովուրդը այս ամենը համարում է ժամանակավոր ու սրանց հեռացնելուց հետո մենք տեր ենք մեր երկրի պաշտպանությանը ու անվտանգությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հայաստանի ու Արցախի նկատմամբ բոլորի հավակնությունները հաջողության չեն հասնելու՝ վստահեցրեց նա։
«Այսօր թուրք-ադրբեջանական դաշինքը Հայաստանում, դժբախտաբար, ունի հենարան․ երբ այդ հենարանը ջարդենք՝ այդ ծրագրերը կիսատ են մնալու և այդ օրվանից ունենալու ենք նոր արշալույս»,-ասաց նա։
Հանրահավաք եւ երթ վաղը նախատեսված չէ, Ֆրանսիայի հրապարակում կանցկացվեն քննարկումներ:
«Վաղը երեկոյան կհայտարարենք հաջորդ շաբաթվա անելիքները, ծրագրերը: Հաջորդ շաբաթ Հայաաստան են ժամանելու տարբեր միջազգային պատվիրակություններ, կան տարբեր կարեւոր միջոցառումներ, որի մասին կպլանավորենք մեր աշխատանքները եւ ձեզ կտեղեկացնենք: Վստահ եղեք, ոնց որ սկսել ենք, մեր պայքարը այսպես կազմակերպված կտանենք մինչեւ վերջ ու այս պայքարը այլ ելք չունի, քան հաղթանակը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/_JkG6MMC3cI