«Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում
06 Հունիս 2022
Հունիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել քննարկում՝ «Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արամ Վարդեւանյանը, Թադեւոս Ավետիսյանը եւ Արթուր Խաչատրյանը։
Մեզ մոտ նկատվում է նահանջ ժողովրդավարությունից, որը տանում է դեպի բռնապետություն. քննարկման ժամանակ ասել է Արամ Վարդեւանյանը։
Պատգամավորը նաեւ նշել է, թե ինչով է դա արտահայտվում․ «Սկսած այն պահից, երբ դատական իշխանությունը մեզ մոտ վերածվում է ոչ թե անկախ մարմնի, այլ մարմնի, որը սպասարկում է օրվա իշխանության, գործադիր իշխանության կամքը, մեզ մոտ արձանագրվում է այդպիսի նահանջ ժողովրդավարության տեսանկյունից։ Ասել, որ նախկինում նման խնդիր չկար, ես նման պնդում չեմ անի, որովհետեւ այդ խնդիրը եղել է նաեւ նախկինում։ Մենք եթե դատական համակարգի վերաբերյալ ընդհանուր գնահատական տանք, դա այն է, որ դատական համակարգը զարգացել է էվոլյուցիոն ճանապարհով, բայց բավարար չի զարգացել»։
Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ 4 տարի առաջ իշխանությունները ժողովրդին խոստանում էին ամեն ինչ. աղքատին ասում էին` վերացնելու ենք աղքատությունը, միջին խավին ասում էին, որ դու ավելի լավ ես ապրելու, ասում էին` երջանկություն ենք բերելու ընտանիքներին, գործազրկությունը կրճատելու ենք անհամեմատ, նպաստից տանելու ենք աշխատանք։
«Ես կարծում եմ, որ ժողովրդավարության հիմքը բարեկեցությունն է, բացառված է, որ աղքատ, վատ ապրող սոցիալական բեռի տակ կքած քաղաքացին, որը կազմում է ազգաբնակչության 50 տոկոսից ավելին, այդ երկրում ունենա ժողովրդավարություն, անվտանգություն եւ կայուն զարգացում»:
Նրա խոսքով` քաղաքական դրդապատճառներից ելնելով իշխանությունը բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը վերցրին եւ դրեցին ցածր եկամուտ ունեցողների վրա` ավելի խորացնելով այդ մարդկանց խնդիրը:
Արթուր Խաչատրյանը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը միաջզգային հարաբերություններին․ «Նա հայտարարում էր, որ ժողովուրդն իրեն չի ասել, թե ինչ որոշում է ուզում, նա ասում էր, որ իրեն ընտրել է Արցախի ժողովուրդը։ Նա փորձում էր բոյկոտել, ձախողել բանակցային գործընթացը։ Երբ բանակցությունները ձախողվում են, պատերազմ է սկսվում։ Նա գիտակցաբար կամ անգիտակցաբար ձախողեց բանակցությունները։ Նա հակամարտության գնաց միջազգային հանրույթի դեմ, նա լրիվ փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ երկրների հետ»,- նշել է պատգամավորը։
Այլեւս առաջընթաց չկա նաեւ Եվրոպայի հետ հարաբերություններում՝ ինստիտուցիոնալ տեսանկյունից, իսկ ԱՄՆ-ը դեռեւս երբեք Հայաստանին այդքան քիչ արտաքին աջակցություն չի ցուցաբերել, որքան հիմա։ Բացի այդ, փչացել են հարաբերություններն Իրանի հետ։
«Պետությունն այսօր կանգնած է կործանման եզրին»,- ասել է Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում