Խոսքը հասցնելը դժվար է, բայց ոչ անհնարին
02 Դեկտեմբեր 2018 «Սպուտնիկ-Արմենիա»-ի եթերում ՀՅԴ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է քարոզարշավի ու ՀՅԴ ծրագրերի մասին:Թեկնածուն ցավով նշեց, որ դժվար է ծրագրային քարոզարշավ իրականացնել, թեև ՀՅԴ-ի ամբողջ նպատակը հենց դա է` քննարկումները տեղափոխել ծրագրային քննարկման դաշտ:

«Պետք է հասկանալ, որ հասարակությունը գտնվում է էյֆորիկ բարձր ֆոնի վրա, երբ էմոցիաները գերիշխում են պարզ դատողություններին:Իհարկե կա ընդգծված ֆավորիտ հեղափոխությունից անմիջապես հետո, այնպես որ խոսքը հասցնելը դժվար է, բայց ոչ անհնարին»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով` երբեմն ֆեյքերի միջոցով փորձ է արվում բացասական ֆոն ստեղծել ՀՅԴ-ի համար, անգամ փորձ է արվել կոտրել իր ֆեյսբուքյան էջը:
«Զզվելի ու գաղջ մթնոլորտ է տիրում սոցիալական ցանցում, նայում ես, թե ով է նման բացասական բաներ գրում, տեսնում ես, որ ֆեյք է, նկար չունի, կամ էլ ապրում է Ամստերդամում: էդպես հայրենիք պաշտպանող ես, արի հայրենիք ու այն պաշտպանի: Ես էլ կարող էի 25 տարի առաջ Ամերիկա գնալ, կարող էի Անգլիայից չվերադառնալ: Բայց վերադարձել եմ, աշխատում եմ, փորձում եմ ինչ-որ բան անել երկրի համար: Լավ եմ անում, թե վատ` բոլորս էլ սխալական ենք, բայց գոնե երկրի ներսում ես, ու փորձում ես ինչ-որ օգուտ տալ: Ոչ թե 15 տարի առաջ գնացել ես Ամստերդամ ու ղժվժում ես, թե հեղափոխության պաշտպանն ես, բոլորը սրիկա են, բացի մեկից»,- ասաց նա:
Արթուր Խաչատրյանը խոսել է Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՅԴ դրույթներից: Նա նախ նշեց, որ ՀՅԴ այս տարվա ծրագիրը գրեթե նույնությամբ կրկնում է այն բոլոր գաղափարները, որոնցով կուսակցությունը մասնակցում էր 2017թ–ի խորհրդարանական ընտրություններին։ ՀՅԴ հիմնական դրույթները փոփոխության ենթակա չեն, անկախ այն բանից, թե ինչ էմոցիաներ են գերիշխում հասարակությունում, քանի որ դրանց հիմքը գաղափարախոսությունն է: Այդ դրույթներից մեկն էլ վերաբերում է Արցախի հարցին, այն է` Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը:
Ինչ վերաբերում է Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև վերջին օրերի փոխադարձ հայտարարություններին, Արթուր Խաչատրյանը նախ շատ բացասական գնահատեց ստեղծված վիճակը, կարծիք հայտնելով, որ իշխանությունները չպետք է իրենց հայտարարություններով թշնամուն հնարավորություն տան նորից պատերազմ սկսել:
«ՀՅԴ ծրագրում առանձին տեղ է հատկացված ջավախահայության խնդրին։ «Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այդ հարաբերությունները պետք է բարելավվեն: Դա իր դրական ազդեցությունը կունենա ջավախահայության և վիրահայության իրավունքների լիարժեք իրացման վրա»,– ասված է ՀՅԴ նախընտրական ծրագրում։
Արթուր Խաչատրյանի համոզմամբ` Վրաստանի հետ հարաբերությունները պետք է բարելավել, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ազգային շահի։ Որքան մեր հարաբերությունները բարելավվեն, այնքան ավելի լավ կլինի ջավախահայության վիճակը, այնքան ավելի հեշտ կլինի առևտուրը Վրաստանի հետ և Վրաստանի միջով:
yerkir.am