Նիկոլի հեռացման հանրային պահանջը հստակ է և աներկբա․ Իշխան Սաղաթելյան
14 Հունիս 2022
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում հունիսի 14-ի «Դիմադրություն» շարժման հանրահավաքին․
Ողջույն, սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր այստեղ ենք մի շարք կարևոր հարցերի պատասխանելու, որոշումներ ընդունելու համար։ Միասին։
Այդ որոշումները պետք է ապահովեն մեր Շարժման հետագա ընթացքը, զարգացումը, նպատակների վերջնական իրագործումը։ Նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թուրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար նախ պետք է հեռացնել չարիքի իշխանությանը, ձևավորել ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր: Ուստի շարժման նպատակը և առաքելությունը սրբազան են, ու քանի դեռ վերը նշված հարցերը չեն լուծվել, շարժումը դադար չունի:
Բայց սկզբի համար պետք է հասկանանք, թե ինչ ունենք այս փուլում, որտեղ ենք հասել, ինչ բացթողումներ և ձեռքբերումներ կան, որոնք են ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները։
Սիրելի՛ հայրենակիցներ, կարևոր է հասկանալ, թե այս ընթացքում ինչ է արել այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի։ Ես այստեղ ուզում եմ շատ անկեղծ լինել։
2021թ. ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվել էր մի վիճակ, երբ երկրի գլխավոր պաշտոնը զբաղեցնող անձը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից շարունակ նվաստացնում էր Հայաստանն ու Արցախը, նվաստացնում էր հայ մարդուն, բայց դրան չէր հետևում հանրային արձագանք, ավելին` նա ասում էր, որ դրա համար ժողովրդից մանդատ ունի:
Մենք ունեինք մի վիճակ, երբ միջազգային գործընկերները կարծում էին, թե Հայաստանում վարվող քաղաքականության հանդեպ չկա դիմադրություն։
Մենք ունեինք մի վիճակ, երբ Հայաստանից լսվում էր միայն ամոթի և պարտության ձայնը։
Եվ ի՞նչ ունեցանք մենք հիմա, մեր այս օրերի արձանագրած արդյունքները՝
1. Լաոն /հասարակությունը/ արթացավ։ Միայն պետական կուրությամբ տառապողը կարող է սա չնկատել։
2. Վերջնականապես փակվեց այն հարցը, թե Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը հետաքրքրում է հանրության փոքր շերտերին: Մենք այդ հարցին հստակ պատասխանեցինք: Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Եթե մինչ այդ մարդիկ հուսահատված էին, որ իրենք քիչ են, համախմբված չեն, ապա շարժումը համախմբեց մեր հանրության տարբեր շերտերին, մենք ապահովեցինք համախմբման, միասնության ու համերաշխության մթնոլորտ, մենք, բոլորս միասին, համոզվեցինք, որ մենք հզոր ուժ ենք և կարող ենք իրավիճակ փոխել։
3. Միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում ու զիջում պարտադրել։
4. Ձեւավորվեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը դարձավ գործոն։
5. Թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվեց, որ օրվա իշխանությունները չունեն երկիրը նոր զիջումների տանելու` ժողովրդի մանդատը:
6. Ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը։ Իշխանության միակ հենարանը մնացել է ՔՊ-ական նեղ շրջանակը եւ ոստիկական բիրտ ուժը։
7. Հանրային խոսույթում վերջնականապես ձևավորվեցին այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն հայկական պետականությունների հիմքում։
8. Որքան էլ վարչախումբը հետպատերազմական ժամանակաշրջանում փորձեց հանրությանը տրամադրել նոր պարտության եւ աշխարհին համոզել, թե հայերը հաշտվել են տեղի ունեցածի հետ, մենք մեր շարժումով հակառակն ապացուցեցինք: Մենք ցույց տվեցինք, որ ունենք մեր 5000-ամյա երթը շարունակելու կամք, վճռականություն և ներուժ։
9. Հայ ժողովուրդը սկսեց հաղթահարել պատերազմում ջախջախիչ պարտության հոգեբանական հետևանքները և կրկին բարձրաձայնել իր ազգային պահանջները։
10. Գծվեց հստակ ջրբաժանը, մեր ժողովրդի 90 տոկոսը բացահայտ հայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
11. Շարժումն առնվազն այս պահին կանխեց և խախտեց նոր կապիտուլյացիա ստորագրելու ժամանակացույցը, և դրանով է պայմանավորված Ալիևի անհանգստությունը:
12. Մեր շարժումը սկսեց ոտքի հանել արցախահայությանը, սփյուռքը ևս ոտքի կանգնեց: Հայաստան-Արցախ –Սփյուռք եռամիասնությունը վերականգման փուլում է:
13. Քաղաքական ճգնաժամը դրսևորված է և փաստ, որքան էլ փորձեն այն քողարկել: Նիկոլի հեռացման համար կա ձևավորված հստակ հանրային պահանջ:
Մի կարևոր ձեռքբերում ևս, որի մասին քիչ ենք խոսում։ Սիրելի՛ հայրենակիցներ, այս բոլոր օրերի ընթացքում, հենց այս պահին, մեր աչքի առաջ, մեր ակտիվ մասնակցությամբ, ձեր նվիրվածության և կամքի շնորհիվ ձևավորվում և բյուրեղանում է ազգային ու պետական կորիզը։ Այս կորիզը դառնալու է նոր որակի հայկական պետականության հիմքը, այս կորիզը դառնալու է մեր պետության իմունիտետը, որը պաշտպանելու է մեզ ամեն տեսակ վարակներից ու հիվանդություններից։
Սիրելի՛ հայրենակիցներ, սրանք բոլորը ձեր ձեռքբերումներն են։ Ընդամենը երկու ամիս առաջ շատ քչերն էին հավատում, որ մենք կարող ենք այսքան բան անել միասին։ Ձեզանից յուրաքանչյուրն իր հավատով, նվիրվածությամբ, պայքարի ոգով, ինքնազոհաբերությամբ ու վճռականությամբ իրավիճակ փոխեց ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, աշխարհասփյուռ հայերի շրջանում։ Սա մեծ աշխատանք է, որ դուք եք արել։
Սակայն մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Հայաստանը դեռևս ղեկավարում է մեր բոլորի համար գոյաբանական վտանգ ներկայացնողը։
Այս օրերի ընթացքում մենք արել ենք ամեն ինչ, որ նա վերջապես հեռանա` դրանով հնարավորություն տալով Հայաստանին ու հայ ժողովրդին ապրելու։
Ցանկացած այլ իշխանության համար եղածն ավելի քան բավարար կլիներ, որ հեռանար։ Սակայն սրանք կրկին փաստեցին, որ իրենց աթոռի համար պատրաստ են նոր արյուն թափել։
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք այս ողջ ընթացքում առաջնորդվել ենք բացառապես խաղաղ ակցիաներ իրականացնելու սկզբունքով։ Մենք հայտարարել ենք, որ չենք գնալու արյունահեղության ճանապարհով։ Մենք հայտարարել ենք, որ մեր հոգին չի փառավորվում ոստիկանին մահակներով հարվածելուց, արյունահեղություն կազմակերպելուց։
Եթե որևէ մեկը մեզ սրա համար պետք է մեղադրի վճռականության բացակայության մեջ, ուղիղ հայտարարում եմ` այո, մենք չունենք հայ սպանելու վճռականություն։ Մենք հեռացնելու ենք նիկոլին, հեռացնելու ենք հաստատ, բայց դա անելու ենք անարյուն։
Սիրելի՛ հայրենակիցներ, առաջին օրվանից մենք հստակ դրել էինք մեր նպատակը և ընտրել մարտավարություն, որը մեզ թույլ էր տալու կոնկրետ ժամանակամիջոցում հասնել այս նպատակին։ Ես պետք է արձանագրեմ, որ մեր պլանավորած քայլերը մենք իրականացրել ենք ամբողջովին։
Սակայն այս իշխանությունների բացառիկ լպիրշությունը, ցինիզմը, աշխարհաքաղաքական իրավիճակը իրենց ազդեցությունն են թողնում մեր ծրագրերի վրա ևս։
Ոստի մենք հիմա կանգնած են մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ Մեզ հարկավոր է ստեղծված նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա հասնել մեր առջև դրված նպատակին։
Բայց, մինչ այդ, ուզում եմ խոսել նաև Շարժման բացթողումների մասին։
Առաջինը. պետք է արձանագրել, որ Նիկոլին չընդունող և մերժող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան այս հրապարակում գտնվողներինը։ Մենք դեռ չենք կարողացել այդ բոլոր մարդկանց փողոցային պայքարի դուրս հանել, բերել այս հրապարակ։ Սա շատ կարևոր խնդիր է, որն անպայման պետք է լուծել։
Երկրորդը. դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թե սա պայքար է իշխանության համար, պայքար է նախկինի վերադարձի համար։ Սա վկայում է, որ մենք չենք կարողացել երկրին սպառնացող վտանգները հստակ բացատրել մեր քաղաքացիներին։ Իհարկե, մենք պետք է նաև գիտակցենք, որ գործ ունենք պետական հսկա ռեսուրսի, օտարերկրյա ցանցերի քարոզչական համակարգերի հետ, որոնք անընդհատ խաբում և մոլորեցնում են մեր քաղաքացիներին։ Բայց, միևնույն է, մենք պետք է կարողանանք հաղթահարել նաև այդ արգելքը և ժողովրդի այն հատվածին, որը կարծում է, թե սա իշխանության պայքար է, հստակ հասցնենք մեր շարժառիթները, բացատրենք, որ երկիրն իսկապես կործանման վտանգի առջև է։
Ունեցել ենք նաև կազմակերպական բնույթի խնդիրներ։ Ճիշտ է, այստեղ բավական լուրջ աշխատանք է արվել, բայց ակնհայտ է, որ թերացումներն էլ են շատ եղել։ Դրանք ևս առաջիկա օրերին պետք է արագ շտկենք։
Սիրելի՛ հայրենակիցներ, շարժան ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակը ընդլայնելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր հանգրվանի առջեւ ենք։
Նախ անհրաժեշտ է որոշակի վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը և մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրած ձեռքբերումները։
Ըստ այդմ`
1. Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը՝ քաղաքական, կազմակերպական, քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։
2. Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային եւ ճյուղային կառուցվածքային միավորներ։
Սա իրենից ենթադրոմ է որ շարժումը ունենալու է ենթակառուցվածքներ, այսինքն` կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, սրանով մենք լուծելու ենք քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժը մեծացնելու, նորանոր խմբերի ու կարող անհատների ընդգրկելով՝ շարժումը ավելի ընդլայնելու և նոր ուժ տալու հարցը:
Իսկ հիմա, սիրելի՛ հայրենակիցներ, Շարժման առաջիկա անելիքների մասին։ Նախ` այս հրապարակում տեղադրված վրանների մասին։ Գիտեմ, որ այս թեմայով հարցադրումները շատ են, կարծիքներն էլ՝ տարբեր։ Բայց պարզ իրողություններ կան, որ պետք է հաշվի առնենք։ Եվ դրանցից ամենակարևորն այն է, որ ամեն բան պետք է շատ հստակ նպատակի ծառայի։
Մենք վրանային ավանը հիմնեցինք՝ մշտական գործող հավաքատեղ, հասցե և դիմադրության առաջին օջախ ունենալու համար։ Մենք այդ խնդիրը լուծել ենք գիշեր-ցերեկ այստեղ հերթապահություն իրականացնող մեր գաղափարակից ընկերների, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ։
Ֆրանսիայի հրապարակն այլևս դիմադրության շարժմանն է պատկանում։ Անկախ նրանից` այստեղ վրաններ կլինեն թե ոչ: Եվ ոչ միայն Ֆրանսիայի հրապարակը։ Մեր ժողովուրդն արդեն նվաճել է Հայաստանի բոլոր քաղաքների փողոցներն ու հրապարակները։ Այս ողջ ընթացքում մենք ցույց տվեցինք, որ մեզ համար փակ փողոցներ գոյություն չունեն, այս պահի դրությամբ կարող ենք վստահ պնդել, որ վրանային այս ավանը լիարժեք կատարել է իր գործը, որի համար շնորհակալ և երախտապարտ եմ այստեղ հերթապահած մեր բոլոր արժանապատիվ ընկերներին։ Դուք նվիրյալներ եք և անգնահատելի գործ եք արել, բայց հիմա ձեր ներուժը մեզ այլ տեղերում է պետք:
Մենք առաջարկում ենք, հաշվի առնելով նաև մեր առաջիկա մարտավարությունը, վաղվանից հավաքել այս վրանները, բայց միշտ նկատի ունենալով, որ անհրաժեշտության դեպքում վրանային ավանը կրկին կվերականգնվի։ Մեր պայքարի ընթացքում մեր վրանների ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ, ովքեր հակառակն են մտածում, առաջիկա օրերին կհամոզվեն դրանում:
Շարժման անելիքները եւ դրանց ուղղված գործնական քայլերը պետք է բխեն առաջադրված նպատակներից ու խնդիրներից։
Շարժման հետագա ծավալման արդյունքում պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի՝
ա) կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում,
բ) հասնենք Նիկոլի հեռացմանը՝ հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով։
Պայքարը այս երկու ուղղություններով պետք է ընթանա զուգահեռ եւ լինի փոխլրացնող։
Շարժման որակական եւ քանակական մակարդակն է, որ, ի վերջո, կանխորոշելու է մեր պայքարի արդյունավետությունը։ Հետեւաբար, թիրախային, հստակ պլանավորված քայլերով եւ գործողություններով պայքարը պետք է շարունակվի՝ որոշակի փոփոխություններ կատարելով պայքարի ձեւերի ու եղանակների մեջ։
Այս առումով առաջիկա մեր անելիքներն ու գործնական քայլերը միտված են լինելու հետեւյալին.
1.Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ ցուցական փողոցային ակցիաներ, ոլորտային եւ թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն 1 մարզային այց, 1 մեծ հանրահավաք-երթ:
2.Շարժման տարածքային եւ ճյուղային ստորաբաժանումների ձեւավորում, այդ թվում` Արցախում եւ Սփյուռքում:
3.Հանրության լայն շերտերի, այդ թվում` գիտական, կրթական, հոգեւոր-մշակութային, գյուղացիության, բիզնես շրջանակների, երիտասարդության հետ հետեւողական աշխատանք:
4.Հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկի ձեւավորում, հատկապես` նոր սերնդից, նաեւ Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ։
5.Մարզերոմ շարժման կորդինացիոն խորհուրդների ձևավորում:
6.Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերական աշխատանքներ։
7.Ապօրինաբար ձերբակալված եւ կալանավորված` շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետեւողական քայլերի ձեռնարկում։
Փողոցային պայքարը շարունակվում է փոքր-ինչ այլ ինտենսիվությամբ, բայց, դրան զուգահեռ, տեղի են ունենում Շարժման կառուցվածքային վերափոխման և ընդլայնման աշխատանքներ, ինչը հանգեցնելու է Շարժման առավել ընդլայնմանը:
Սակայն պետք է պատրաստ լինենք, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ շատ վճռորոշ զարգացումներ, և Շարժումը պետք է ունակ լինի օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու եւ հակազդելու, ունենա համապատասխան լծակներ ու հնարավորություններ: Ըստ այդ զարգացումների` մենք կարող ենք կրկին վերադառնալ 24 ժամվա ռեժիմի:
Միաժամանակ, մեր հիմնական օրակարգում պահելով Նիկոլի հրաժարականի հարցը, հարկ է նկատի ունենալ, որ օգոստոսի 2-ին լրանում է նրա պաշտոնավարման մեկ տարին, և նրան աթոռից հեռացնելու մեր գործիքակազմին ավելանում է ևս մեկը։ Հետեւաբար, երկու ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ սկսելու հարց ունենք՝
պաշտոնանկության հիմքերի ամբողջացում (իրավական-քաղաքական), դրա հանրային համաժողովրդական պահանջի դրսևորում,
ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բավարարումն օրենքով սահմանված` անվստահություն հայտնելու նախապայմանի։
Այս մասին, սակայն, ավելի մանրամասն ու հանգամանալից խոսելու առիթ դեռ կունենանք:
Սիրելի՛ հայրենակիցներ, պատասխանատվության մասին։ Շատ է խոսվում` ով կամ ովքեր են այս շարժման պատասխանատվությունը կրում չհաջողելու դեպքում:
Նախ` չհաջողելու տարբերակ չունենք, և բոլոր նրանք, ովքեր արդեն նշանակել են մեղավոր և պատասխանատու, նրանց խոր հիասթափություն է սպասվում, պատռեք այդ տեքստերը և ուրիշ բան մտածեք:
Առաջին օրվանից ասել ենք, որ մենք այս Շարժման և՛ զինվորն ենք, և՛ առաջամարտիկը, ամբողջական պատասխանատվություն ենք կրում այս գործընթացների համար, այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ։ Այդ պատասխանատվությունն ունի հասցե և անուն-ազգանուն, մենք, իսկ տվյալ դեպքում` ես և՛ քաղաքական, և՛ անձնական պատասխանատվություն ունեմ այս շարժման ելքի համար:
Ես պատասխանատու եմ ամեն օր այս հրապարակ եկող 80-ամյա դոկտոր պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի առջև։ Ամեն անգամ, երբ նայում եմ նրա աչքերին, տեսնում նրա պայքարը… Իհարկե, պատասխանատու եմ նրա առջև, նրա նման հարյուրավորների առջեւ։ Դրանից մեծ պատասխանատվություն չկա։
Պատասխանատու եմ մեր նահատակ հերոսների ծնողների առջև։ Պատասխանատու եմ երիտասարդների առջև, որոնց ընկերներն այսօր բանտերում են, բայց նրանք աննկուն պայքարում են։ Սրանից ավելի մեծ պատասխանատվություն չկա։ Բայց ամենակարևորը՝ պատասխանատու եմ մեր զավակների ու սերունդների առջև։ Ու թող սրանից հետո ոչ ոք պատասխանատվության դասեր չտա։ Պատասխանատուն ես եմ, այս հարթակում կանգնած մարդիկ են։ Մենք այդ պատասխանատվությունը ծայրից ծայր հասկանում ենք։ Այդ պատասխանատվությունն է մեզ բերել հրապարակ։
Սիրելի՛ ժողովուրդ, մեր գաղափարակից տասնյակ ընկերներ այսօր բանտարկված են։ Իհարկե, մեր փաստաբանները, պատգամավորները մշտական կապի մեջ են նրանց հետ։ Հաճախ դուք ինքներդ էլ եք ստանում բանտախցերից հղված նրանց կոչերը՝ շարունակել պայքարը, օր առաջ մաքրել երկիրը դավաճան իշխանություններից։ Նրանց ոգին անկոտրում է։ Նրանք մեր պայքարի ուժն ու ոգին են։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օր առաջ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, նորից գան այս հրապարակ, միասին տոնենք հաղթանակի բերկրանքը։
Այո, ճիշտ է, նրանք այսօր բանտարկված են, բայց ձեզ վստահեցնում եմ՝ նրանք շատ ավելի ազատ են, քան ԱԺ-ում նստած` Նիկոլի որոշ ուսապարկերը, կառավարական շենքերում դրված նախարարները և նույնիսկ իրենց վրա ճաղավանդակի դուռ փակող քննիչները, դատավորներն ու ոստիկանները։
Այս հրապարակից բոլորին կոչ եմ անում, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր օրակարգը, բայց մեզ հետ չեն՝ միացե՛ք մեր պայքարին։ Կամ ստեղծեք պայքարի ձեր օջախները։ Մենք ձեզ միայն աջակցելու ենք։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած նախաձեռնության, ցանկացած խմբի կամ ուժի, որը կիսում է ժողովրդի օրակարգը՝ հայ մնալու օրակարգը, Արցախը հայկական պահելու օրակարգը, Հայաստանն ինքնիշխան պահելու օրակարգը։ Այո, մենք պատրաստ ենք աջակցել բոլոր նրանց, ովքեր կարող են պայքարել առանց Նիկոլ Հայաստան ունենալու համար, բայց ինչ-որ պատճառով այս հարթակում չեն։
Սիրելի՛ հայրենակիցներ
Սա նաև լույսերի շարժում է։ Վսհահեցնում եմ՝ լույսը հաղթելու է չարիքին ու խավարին։ Ժողովուրդը հաղթելու է, նիկոլիզմը սրբվելու է մեր երկրից։ Մենք վերագտնելու ենք մեր արժանապատվությունը։ Հայաստանը, ինչպես այս հրապարակում է, դառնալու է ձեզ նման եղբայրների ու քույրերի երկիր։ Հայաստանը դառնալու է ուժեղ, արդար երկիր։
Իսկ հիմա սկսում ենք լույսերի մեր երթը։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա շաբաթ օրը` հունիսի 18-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի այս հրաշալի հրապարակում։
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ
ԱԺ փոխնախագահ
https://youtu.be/voA3rkdHXlU