«Դրօշակ»ի Առաջնորդող. Բաժանարար
17 Հունիս 2022
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 3-ին հրավիրել էին խորհրդարանական արտահերթ նիստ։ Նիստի նպատակն էր ընդունել հայտարարություն, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը և ԼՂՀ միջազգային ճանաչմանը, անընդունելի է համարվելու հակամարտության այնպիսի լուծումը, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համար անհրաժեշտ է նախապայման ընդունել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն ու ՀՀ ինքնիշխան տարածքից ԱՀ զորքերի դուրսբերումը, հայ-թուրքական հարաբերություններում Հայոց ցեղասպանության և հայրենազրկման իրողությունները չեն կարող հարցականի տակ դրվել և այլն։ Ինչպես հայտարարում էին ընդդիմադիր շարժման առաջնորդները, այս նախաձեռնությունը բաժանարար գիծ է՝ փաստելու, թե Արցախի ու Հայաստանի կենսական շահերի հարցում ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները։ Եթե նկատի ունենանք, որ հայտարարության շուրջ լայն քարոզչություն էր ծավալվել, խորհրդարանական ուժերի նախաձեռնության մասին հայտարարվել էր ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, իշխանության հակառակ դիրքորոշումը վարկաբեկիչ հարված կլիներ նրա համար։
Չնայած հոգեբանական, հանրային և քաղաքական մեծ ճնշմանը՝ իշխող ուժը տապալեց հարցի քննարկումը` պարզապես չներկայանալով նիստին, ինչպես, ի դեպ, վարվել էր նախորդող նմանատիպ դեպքերում։ Հակազգային այս դիրքորոշումը ակնհայտ է դարձնում, թե ՀՀ ներկա իշխանություններն ինչ չափով են կախման մեջ արտաքին ուժերից և որքան են վախեցած թշնամիներից։ Կարելի է ասել, որ հանձինս բախտախնդիր ու ապազգային կառավարողների՝ Հայաստանն ու հայությունը երբեք այսքան նվաստացած ու զիջող չեն եղել։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական տևտոնական ցնցումների պայմաններում ձևավորվում է համաշխարհային նոր աշխարհակարգը։ Ի հայտ եկած մարտահրավերների հանդիման չունենալով համարժեք պատրաստվածություն և ավելի ու ավելի կաշկանդվելով արտաքին կախումների մեջ՝ ապազգային ու անսկզբունք իշխանությունը գավառական խորամանկությամբ ձգտում է պատմակշիռ հակամարտության մեջ գտնվող աշխարհաքաղաքական հակադիր բևեռներին բավարարելու միաժամանակ։ Ընդ որում, իշխանությունն իրեն տեսնում է երկու տեսակի զիջումների երկընտրանքի առջև՝ անվերապահորեն ընդունել արտաքին ուժերի և մասնավորապես զավթիչ հարևանների բոլոր պահանջները` ապահովելով արտաքին ուժերի հանդուրժողականությունը (անգամ հովանավորությունը) ներքաղաքական կյանքում ցանկացած անօրինականություն թույլ տալու համար, կամ հրաժարվել իշխանությունից՝ փրկության դուռ բացելով Հայաստանի ու Արցախի համար։
Հայաստանը հեղինակապետության վերածած վարչապետը համառ հետևողականությամբ փորձում է իրականացնել Արցախի հանձնումն ու Հայաստանի կենսական զիջումները` իշխանությունը չկորցնելու նպատակով, ինչպես և խուսափելու բազմաթիվ հանցագործությունների համար պատասխանատվությունից։ Նա հաշվարկել է, որ, անկախ համակրանք-հակակրանքից, արտաքին ուժերն իր իշխանությունը կհանդուրժեն այնքան ժամանակ, քանի դեռ կարելի է զիջումներ պոկել Հայաստանից, իսկ դրանից հետո հավանաբար կերաշխավորեն իր փախուստն ու ապաստանը արտերկրում։ Նա մտածում է նաև, որ շահագրգիռ արտաքին ուժի համար քաղաքական վատ խամաճիկն ավելի լավ է, քան նրա փոխարինումը ազգային ու ինքնուրույն ուժերով։ Արտաքին հովանավորության պայմաններում անօրինականություններ թույլ տալով ու բռնություններ կիրառելով ներքաղաքական գործընթացներում՝ թիվ մեկ իշխանավորը, միևնույն է, հիստերիկայի հասնող անհանգստության մեջ է։ Ի տարբերություն իր անմեղսունակ թիմակիցների՝ նա հասկանում է, որ, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում Երևանի փողոցներում, ազգային-ազատագրական պայքար է, որի ծավալումն ու հաղթանակը կարելի է հետաձգել, բայց կասեցնել անհնարին է։
Ի տարբերություն գաղափարապես ու հոգեբանորեն կենսունակ ժողովրդական շարժման` իշխանության որդեգրած ստերի ու մանիպուլյացիաների քաղաքական վարդապետությունը բարոյապես սպառված է:
Հրապարակայնորեն հրաժարվելով ազգային շահերին հետամուտ լինելուց և թշնամական օրակարգեր սպասարկելով՝ անհնար է քաղաքական նորանոր պարտություններն ու զիջումները մշտապես բարդել նախկինների վրա։ Հայրենիքում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թիվ մեկ պատասխանատուն, այլևս չապավինելով կեղծ բացատրություններով ժողովրդին մոլորեցնելու իր ճարպկությանը, ուղղակիորեն և բացահայտորեն անցել է սեփական իշխանությունը բռնի ուժով պահպանելու գործելակերպին։ Նա կարծես ցանկանում է համոզել, որ օրինական ճանապարհով իր հրաժարականին հասնելու ակնկալիքն անիմաստ է, ինչը, ի դեպ, ոմանց մոտ վաղ թե ուշ ծնելու է օրինականության կարմիր գծերից անդին ելքեր փնտրելու գայթակղություն։ Քաղաքական խաղաղ պայքարին հակադրելով բռնի ուժն ու իրավական հալածանքների սիրած մեթոդը, ծառայամտության դիմաց մուրալով արտաքին հովանավորների աջակցությունը, միաժամանակ գիտակցելով, որ սեփական ուժերին ապավինող ընդդիմության պայքարը չի կարող սահուն ու կայծակնային հաջողություններ գրանցել, քաղաքական դիակի վերածված ղեկավարը հույս ունի, թե կկարողանա գոնե մինչև իր ֆիզիկական ապահովությունը երաշխավորող հակահայկական պայմանագրերի ստորագրումը ձգել պաշտոնավարման շրջանը։ Միաժամանակ նա հասկանում է, որ ժամանակն իր դաշնակիցը, առավել ևս հովանավորը չէ ոչ մի առումով։ Գրկից գիրկ ցատկելու պատեհապաշտության սահմանները գնալով նեղանում են, և ի վերջո նրան ստիպելու են անդավաճան սեր խոստովանել աշխարհաքաղաքական բևեռներից մեկին։ Որքան էլ նա շարունակի տնտեսական ժանրի հեքիաթներ պատմել առաջընթացի մասին, համընդհանուր ու շոշափելի գնաճը ստիպում է նրանից երես դարձնելու նաև հասարակության այն հատվածին, որն անվերապահորեն ընդունել է իր կուռքի քաղաքական կեղծարարությունները։ Օտարասուն իշխանությանը հասցված թերևս ամենածանր հարվածն էր ազգային արժեքների դեմ իրականացված վերջին տարիների լայնածավալ հակաքարոզչությունից հետո հայ ժողովրդի ընդվզումը՝ հանուն Արցախի, Հայաստանի և համազգային կենսական շահերի։ Դժվար է ասել, թե դեռ որքան կշարունակվի վերջինիս դավաճանական գործունեությունը, ակնհայտ է, սակայն, որ Լևոն Տեր-Պետրոսյանից և ՀՀՇ-ից ժառանգած պարտվողական վարդապետությունը հերթական անգամ փլուզվեց հանրային դաշտում՝ այս անգամ քաղաքականորեն խորտակելով Նիկոլին ու իր ապազգային խառնախմբին։
Ակնկալելով դանդաղորեն մեծացնել պայքարի թափը՝ «Դիմադրություն» շարժումը հույս ունի, որ կկարողանա օրինական ճանապարհով պարտադրել պարտության առաջնորդի հրաժարականը։ Այս պահին ընթանում է համառ դիմակայություն, երբ ազգային և հակազգային բաժանարարի տարբեր կողմերում գտնվող քաղաքական ուժերը փորձարկում են իրենց ու դիմացինների նյարդերի ամրությունը։
Ճակատագրական հերթական ճամփաբաժանին հայ ժողովուրդը հարկադրված է կրկին միայնակ հաղթել նախ ներքին և ապա արտաքին թշնամուն, եթե ցանկանում է հարատևել հայրենիքում՝ իր սեփական պետության մեջ։ Ռումբեր չեն պայթում, թուրքական ու բոլշևիկյան հորդաները դրսից ու ներսից չեն թրատում, կացնահարում ու հալածում զանգվածաբար, սակայն չի նշանակում, թե մարտահրավերն ու դրա հետևանքները նվազ ծանր կարող են լինել մեզ ու մեր հայրենիքի համար։ Պայքարն այլընտրանք չունի, և թշնամու ու դավաճանի դեմ դարավոր այս պայքարը մեր ընտրությունը չէ, այլ մեր խաչը։ Դեռ երեկ մենք հաջողությամբ հաղթահարեցինք պատերազմ ու արհավիրք, դրանից առաջ ներկայիս Ֆրանսիական հրապարակից ոչ հեռու երկու տարի ամեն օր մասնակցեցինք հանրահավաքի ու երթի, բախվեցինք զանազան փորձությունների։ ՔՊ-ականների նախորդները նույնպես փորձեցին երկրին պարտադրել Արցախը հանձնելու ինքնադավաճանությունը, թալանեցին երկիրը, մատնեցին այն սովի ու տնտեսական ավերի։ Այն ժամանակ նույնպես ժողովուրդը միանգամից ու համընդհանուր ձևով ոտքի չելավ։ Զանգվածներն առհասարակ վախենում են անորոշությունից և ամենավատ, սակայն ընկալելի ներկան չեն ցանկանում փոխարինել անորոշ ապագայով, որքան էլ որ այն հրամցվի վարդագույն ակնոցներով։ Բազմիցս խաբված հասարակությունները հիմնավոր փաստարկներ են ուզում այն մասին, որ հերթական փոփոխությանը չի հաջորդելու հերթական հիասթափությունը։ Անկեղծություն, անմնացորդ նվիրվածություն, ազգային բոլոր առողջ ուժերի ներգրավում՝ այս է ցանկանում տեսնել հայ մարդը և ունենալ երաշխիքներ, որ չեն կրկնվելու նիկոլիզմի ոչնչապաշտությանը հասցրած տասնամյակների սխալներն ու սայթաքումները։ Ջրբաժանը շատ ավելի լայն է, բայց պիտի անցնենք այն, եթե իսկապես ցանկանում ենք ապրել հանուն սերունդների դարավոր իղձերի իրականացման, հանուն արժանապատիվ ու հզոր հայրենիք ունենալու մեր զավակների իրավունքի։