Պարտված ղեկավարների ճակատագիրը պատմության մեջ
20 Հունիս 2022
Համաշխարհային պատմության մեջ ավանդաբար պահպանվել են հաղթող ղեկավարների կերպարները։ Պատմությունը պահպանում է նաև պարտված ղեկավարների մասին հիշողությունը և այն, թե ինչ ճակատագրի են արժանանում նրանք: Հայոց պատմության մեջ պարտված ղեկավարներ շատ քիչ են եղել, և այդ քչերն էլ հիմնականում ինքնակամ հեռացել են պետության ղեկավարի պաշտոնից՝ այդպիսով հնարավորինս քիչ դժվարություններ ստեղծելով իրենց փոխարինողների համար ոտքի հանելու պարտված երկիրը:
Աշխարհում քիչ չեն պարտված ղեկավարները, որոնց երկրների ճակատագրերը մեծապես կախված են եղել պարտությունից հետո դրանց ղեկավարների գործունեությունից: Այն երկրները, որոնց ղեկավարները պատերազմում պարտվելուց հետո հեռացել են պետության կառավարման ղեկից, ճգնաժամից դուրս են եկել հնարավորինս քիչ կորուստներով և հետագայում վերականգնել են իրենց դիրքերը համաշխարհային քաղաքականության թատերաբեմում: Հայոց պատմության մեջ թերևս չի եղել մի ղեկավար, որը պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո գամված է մնացել պետության ղեկավարի աթոռին՝ նոր արհավիրքների տանելով երկիրը: Այս իմաստով Հայաստանի մերօրյա իշխողները անգամ մեր պարտված ղեկավարներից շատ բան ունեն սովորելու:
Ք.ա. 570-560 թթ. Մեծ Հայքի արքան էր Երվանդ Ա Սակավակյացը, որը Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ պատերազմում պարտություն կրեց և ստիպված էր ընդունել նրա գերիշխանությունն ու հարկեր վճարել նրան։ Երկիրն ավելի վատ վիճակի մեջ չդնելու համար Երվանդ Ա-ն հրաժարվեց գահից՝ այն հանձնելով որդուն՝ Աքեմենյան արքա Կյուրոսի մտերիմ ընկեր Տիգրանին: Հաջորդելով հորը՝ Տիգրան Երվանդունին (Ք.ա. 560-530-ական թթ.) «Պարսից Աքեմենյան արքա Կյուրոս II Մեծի հետ Ք.ա. 550 թ. մասնակցել է Հայաստանի թշնամիներ՝ Մարաստանի, իսկ Ք.ա. 538 կամ 537 թ.` Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը»1 և հզորացրել Հայաստանը: Բաբելոնը գրավելուց հետո Տիգրան Ա Երվանդունին, «Հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև տերության արևմտյան կեսի փոխարքան: Որպես գլխավոր դաշնակից՝ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Աքեմենյան տերության մեջ»2: Այսպիսով՝ Հայկազունի արքա Երվադ Ա-ն, որ Սակավակյաց է կոչվել կարճատև ղեկավարման համար, պատերազմում պարտություն կրելուց հետո, հասկանալով, որ իր՝ որպես պարտված ղեկավարի հետագա պաշտոնավարումը կարող է ծանր վիճակի մեջ դնել Հայաստանը, հանուն պետական շահերի թողեց պետության ղեկավարի պաշտոնը՝ այսօրվա ապրողներիս հազարամյակների հեռավորությունից ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի պետականամետ ղեկավարը, անգամ եթե հանգամանքների բերումով պարտվել է:
Հայոց արքաներից պետականամետության մեկ այլ օրինակ է տալիս Արտաշես Ա Բարեպաշտի որդին՝ Արտավազդ Ա-ն (Ք.ա. 160-115 թթ.), որը պարթևների արքա Միհրդատ Բ-ի դեմ պատերազմում պարտություն կրելուց հետո հաշտություն է կնքում և որպես խաղաղության պահպանման երաշխիք պատանդ է տալիս եղբոր որդուն՝ գահաժառանգ Տիգրանին (Տիգրան Բ Մեծ): Այսպիսով՝ խաղաղության դիմաց հայրենիքից հող զիջելու փոխարեն հայոց արքան պատանդառության է ուղարկում գահաժառանգին՝ թողնելով ոչ մի դեպքում հայրենի հողը չզիջելու յուրօրինակ դաս Հայաստանի մերօրյա և ապագա ղեկավարների համար:
Հայոց պատմության մեջ ողբերգական հետևանքներ ունեցան Բագրատունյաց Հովհաննես-Սմբատ արքայի թուլակամությունն ու աթոռասիրությունը։ Վերջինս, վախենալով Բյուզանդիայի դեմ պատերազմից, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ճնշմամբ հայոց մայրաքաղաք Անին կտակեց Բյուզանդիային։ Սա հայոց պատմության մեջ աննախադեպ երևույթ էր, երբ հայոց արքան իր կամքով հայրենի հողը նվիրում էր օտարներին, մինչդեռ հայոց պատմության մեջ հաճախակի էին դեպքերը, երբ հայոց արքաները զոհաբերում էին իրենց՝ հայրենիքի կայունությունն ու ամբողջականությունը պահպանելու համար: Այդ արքաներից էին Տիգրան Բ-ի որդի Արտավազդ Բ-ն, Արշակունյաց արքա Արշակ Բ-ն, Բագրատունյաց արքա Սմբատ Ա-ն, որոնք իրենց արքայական փառքի, նույնիսկ կյանքի և հայրենիքի միջև ընտրություն կատարելիս ընտրել են հայրենիքի բարեկեցությունն ու պետական շահը՝ իրենցից հետո եկողներին տալով հայրենիքը դժվար վիճակից դուրս բերելու, հզորացնելու և նրա հարատևությունն ապահովելու հնարավորություն: Իսկ Հովհաննես-Սմբատը, ինչպես տեսանք, արեց միանգամայն հակառակը և, սեփական մայրաքաղաքը թշնամուն կտակելով, իրեն հաջորդած արքայի՝ Գագիկ Բ Բագրատունու համար ստեղծեց չափազանց ծանր պայմաններ։ Ի վերջո, Պետրոս Գետադարձի օգնությամբ 1045 թ. Բյուզանդիան ստացավ Անին, իսկ երիտասարդ արքա Գագիկ Բ Բագրատունին դավադրաբար ձերբակալվեց:
Բագրատունյաց թագավորությունն ընկավ, ինչը ճակատագրական եղավ Հայաստանի հետագա ավելի քան 800 տարվա պատմության համար՝ նետելով հայ ժողովրդին պետականազուրկ և հալածանքներով ու կոտորածներով լի պատմափուլի մեջ:
Պակաս ուսուցողական չեն համաշխարհային պատմության մեջ պարտված ղեկավարների օրինակներն ու նրանց երկրների ճակատագրերը: Եվրոպայի մեծ նվաճող Նապոլեոն Բոնապարտը 1812-1813 թթ. ջախջախիչ պարտություն կրեց նախ Ռուսական կայսրությունից, ապա՝ հակաֆրանսիական դաշինքի ուժերից գերմանական Լայպցիգ քաղաքի մոտ։ 1814 թ. դաշնակիցների զորքերը մտան Փարիզ: Նապոլեոն Բոնապարտը հրաժարվեց գահից և որպես տիրույթ ստացավ Էլբա կղզին։ Համեմատաբար հանգիստ հեռացած Նապոլեոնը, սակայն, կարճ ժամանակ անց արեց մի բան, որը նրա հեղինակությունն ունեցող տիրակալի համար իրական խայտառակություն էր. «1815 թ. գարնանը Նապոլեոն I-ը փոքրաթիվ զորաջոկատով մտել է Ֆրանսիա, անհավանական արագությամբ աճող զորքով գրավել Փարիզը և վերականգնել կայսրությունը: Սակայն գահակալել է ընդամենը 100 օր: Դաշնակիցները Վաթեռլոոյի (բնակավայր Բրյուսելից 20 կմ հարավ) ճակատամարտում 1815 թ-ի հունիսի 10-ին ջախջախել են ֆրանսիացիներին:
1815 թ-ի հունիսի 22-ին Նապոլեոն I-ը վերջնականապես գահընկեց է արվել և աքսորվել Ատլանտյան օվկիանոսի Սբ Հեղինե կղզի (որպես անգլիացիների գերի), որտեղ և վախճանվել է»3: Հետևանքը եղավ այն, որ Ֆրանսիան հայտնվեց բավականին ծանր վիճակում և միայն հմուտ դիվանագետ և հայրենասեր արտաքին գործերի նախարար Մորիս Թալեյրանի գերմարդկային ջանքերի շնորհիվ դուրս եկավ այդ վիճակից հնարավորինս փոքր կորուստներով:
Այս ամենից բացի՝ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ միայն պարտված, այլ նաև կապիտուլացված ղեկավարները, դրսևորելով պետական բարձր գիտակցություն, հեռացել են պետության ղեկավարի պաշտոնից։ Ասվածի վառ օրինակ է Գերմանիան, որը 1918 թ. նոյեմբերին ստիպված եղավ կապիտուլյացիոն հրադադար կնքել: Բեռլինի փողոցներ դուրս եկած գերմանացիները պահանջեցին կապիտուլացված ղեկավարության հրաժարականը: Կայզեր Վիլհելմ 2-րդը այդ օրերին շատերի համար պարտության խորհրդանիշ էր, որի հրաժարականի պահանջով հանդես եկավ նաև բանակը:
«Գերմանացի կայզերը, պետականամետ գործչի պահվածք դրսևորելով, չհեղեց սեփական ժողովրդի արյունն ու հրաժարվեց գահից: «Ես ընդմիշտ հրաժարվում եմ Պրուսիայի գահի նկատմամբ իրավունքներից, ինչպես նաև գերմանական կայսերական գահից»,- հայտարարեց նա: Նրա հետ հեռացավ նաև կանցլեր Մաքս Բադենսկին: Ավելին, նրանք ոչ միայն թողեցին պաշտոնները, այլ նաև կայզերը գնացքով հեռացավ Նիդերլանդներ, որտեղ ապրեց մինչև խոր ծերություն»4:- Վիլհելմ 2-րդը կապիտուլացված առաջնորդ էր, բայց ոչ պետական դավաճան, ուստի հեռացավ՝ այդպես փրկելով իր երկրի մնացորդներն ու վերակազմավորվելու, ոտքի կանգնելու հնարավորություն տալով Գերմանիային, հասկանալով, որ իր հետագա պաշտոնավարման դեպքում Գերմանիան կարող էր դադարել որպես պետություն գոյություն ունենալուց, որովհետև պարտված ղեկավարի հետ ոչ թե բանակցում են, այլ պարտադրում:
Այլ էր իրավիճակը Բոլիվիայում 1930-ականներին, երբ այն Գրան Չակոյի համար պատերազմում էր Պարագվայի դեմ: Բոլիվիայի ղեկավար Դանիել Սալամանկան ձախողել էր պատերազմի ղեկավարումը, ինչի պատճառով երկիրը կրեց տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ, տապալվեց երկրի ժողովրդավարական կառավարման համակարգը. «Գրան Չակոյի պատերազմում Բոլիվիան պարտվեց բացարձակապես քաղաքական ապիկար առաջնորդ ունենալու պատճառով. Սալամանկայի վարած արտաքին քաղաքականության արդյունքում Բոլիվիան ողջ պատերազմի ընթացքում չունեցավ դաշնակիցներ։
Չլինելով զինվորական և չունենալով անհրաժեշտ հմտություններ՝ Սալամանկան հեռացրել էր փորձառու գեներալներին, նշանակել իր կամակատարներին, իր ձեռքը վերցրել ռազմական ղեկավարումը, իսկ պարտվելիս մեղքը բարդել բացարձակապես զինվորական համակարգի վրա՝ հռչակելով վերջիններիս դասալիքներ»5: Մեզ՝ հայերիս համար չափազանց ծանոթ պատկեր՝ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերից հետո:
Դանիել Սալամանկան իշխանությունից հեռացվեց 1934 թ. նոյեմբերին ռազմական հեղաշրջման միջոցով՝ «պատմության մեջ մնալով Լատինական Ամերիկայի ամենաարյունահեղ պատերազմում մոտ 60.000 զոհ, ռազմական և տնտեսական նշանակություն ունեցող տարածքների կորուստ կրած Բոլիվիայի Հանրապետության ամենախայտառակ ղեկավարը»6: Սալամանկան մահացավ իշխանազրկվելուց մեկ տարի անց քաղցկեղից:
Մեր կարծիքով՝ հիշատակման է արժանի նաև Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի՝ «հող խաղաղության դիմաց» արտաքին քաղաքական կուրսը: 1994 թ. հորդանանա-իսրայելյան սահմանում` Վադի Արաբայում, սկսվեցին հորդանանա-իսրայելյան երկկողմ բանակցությունները: Նույն թվականի հոկտեմբերի 26-ին «Վադի Արաբայում Հուսեյն թագավորի, Իցհակ Ռաբինի, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի, Իսրայելի նախագահ Էզեր Վեյցմանի և բազմաթիվ այլ պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ հորդանանա-իսրայելյան խաղաղության համաձայնագրի ստորագրումը»7: Խաղաղության համաձայնագիրը ստորագրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 242-րդ և 338-րդ բանաձևերում սահմանված «հող խաղաղության դիմաց» սկզբունքով: «Համաձայնագրով ապահովվեց Իսրայելի կողմից գրավված հորդանանյան տարածքների վերադարձը Հորդանանին: Համաձայնագրով ամրագրվեց նաև, որ Հորդանանը կստանար իր ջրաբաժինը Յարմուկ և Հորդանան գետերից»8: Այսպիսով՝ Հորդանանը ստացավ իր կորցրած բոլոր տարածքները, իսկ մինչ այդ՝ 1993 թ., Իցհակ Ռաբինը ստորագրել էր Օսլոյի պայմանագիրը Յասեր Արաֆաթի հետ, ինչի համար ստացավ (Յասեր Արաֆաթի և Շիմոն Պերեսի հետ մեկտեղ) Խաղաղության նոբելյան մրցանակ։ 1993 թ. սեպտեմբերի 9-ին՝ պայմանագրի ստորագրման նախօրյակին, Ռաբինը Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդից՝ Յասեր Արաֆաթից, նամակ ստացավ, որում վերջինս հրաժարվում էր բռնությունից և պաշտոնապես հայտարարում իր կազմակերպության կողմից Իսրայելի ճանաչման մասին։ Նույն օրը Ռաբինը Արաֆաթին պատասխան նամակ ուղարկեց, որում պաշտոնապես հայտարարում էր Իսրայելի կողմից Պաղեստինի ազատագրման կազմակերպության ճանաչման մասին։ Այդ պայմանագրերի հետևանքով ստեղծվեց Պաղեստինյան ինքնավարությունը, որին փոխանցվեց Գազայիի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի մասնակի վերահսկողությունը։ Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ համաձայնագիրը հանգեցրեց իսրայելական հասարակության մեջ Ռաբինի հեղինակության երկատման. ոմանք նրան հերոս են համարում խաղաղության ձգտելու համար, մյուսները՝ դավաճան՝ պաղեստինցիներին հողեր տալու համար, որոնք, նրանց կարծիքով, պատկանում են Իսրայելին։ Շատ իսրայելցիներ մեղադրում են Ռաբինին, որ նրա՝ Օսլոյում ստորագրած պայմանագրի պատճառով հազարավոր հրեաներ են զոհվել։ Ի վերջո, 1995 թ. նոյեմբերի 4-ին, երբ Թել Ավիվում՝ Իսրայելի Թագավորների հրապարակում, հօգուտ «Օսլոյի» գործընթացի բազմահազարանոց ցույցին ելույթ ունենալուց հետո Ռաբինը մոտենում է իր մեքենային, նրա վրա 3 անգամ կրակում են։ 40 րոպե անց նա մահացավ հիվանդանոցում։ Մարդասպանն Իգալ Ամիրն էր՝ հավատացյալ ուսանող, որն իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»: Ահա այսպիսի ճակատագիր ունեցավ «հող խաղաղության դիմաց» քաղաքականությունն իրականացնող Իցհակ Ռաբինը, որը պարզապես Հորդանանին վերադարձրեց այն, ինչ, պատկանում էր նրան, այլ ոչ թե Իսրայելի պատմական հողերը, և չներվեց իսրայելցի երիտասարդության կողմից։ Իսկ թե ինչ ճակատագիր կարող է սպասվել սեփական երկրի պատմական տարածքներից հրաժարվող ղեկավարին, կխոսենք փոքր-ինչ ուշ, իսկ մինչ այդ խոսենք Հայաստանի ոչ վաղ անցյալի մասին:
1920 թ. սեպտեմբերին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա: Հոկտեմբերի 30-ին Կարսի անկումը կանխորոշեց պատերազմի ելքը. Հայաստանի Հանրապետությունը պարտություն կրեց: Երկիրն ավելի ծանր վիճակի մեջ չդնելու և կապիտուլյացիայի չտանելու համար նոյեմբերի 27-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց, կազմավորվեց նոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ, որն էլ ավարտին հասցրեց բանակցությունները ՌԽՖՍՀ-ի հետ:
Ինչպես տեսանք թե՛ հայոց, թե՛ համաշխարհային պատմության մի շարք ղեկավարների օրինակով, անկախ իրենց կամքից կրած պարտություններից հետո առավել պետականամետ ղեկավարները ինքնակամ հեռացել են պետության ղեկավարի պաշտոնից, թեև այդ ղեկավարներից և ոչ մեկը, ըստ էության, իր պետությունը դիտավորյալ պարտության չի տարել, մի երևույթ, որը տեղի ունեցավ Հայաստանում 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ 44 օր շարունակ հերոսաբար պաշտպանվող հայկական բանակը թիկունքից դաշույնի հարված ստացավ ոչ ավել, ոչ պակաս պետության ղեկավարից, որը, ի պաշտոնե լինելով գերագույն գլխավոր հրամանատար, պարտավոր էր ամեն գնով ապահովել հայոց հերոսական բանակի հաղթանակն ու հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությունը, սակայն թշնամու ձեռքին գործիք դարձած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեց և հազարամյակներ շարունակ Հայաստանի պատմական տարածք եղած Արցախը դավադրաբար հանձնեց թշնամուն:
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրով «Հայաստանը ոչ միայն կորցրեց Արցախի 75 %-ը, այլև թուրքը, ավելի քան հարյուր տարի առաջ նախ Արամի, հետո Նժդեհի շնորհիվ վիժեցված պանթյուրքիզմի ծրագրին հետամուտ, հայտնվեց իր համար անհասանելի երազանք դարձած Զանգեզուրում: Շուշիի և Արցախի կորստով Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կործանման վտանգի առաջ, քանի որ Հայաստանի Հանրապետության դարպասները բացված են թշնամու առաջ, թշնամին, փաստորեն, նոյեմբերի 9-ից հետո առանց ջանք թափելու ստանում է այն ամենը, ինչ ուզում է՝ Սոթք, Որոտան, Երասխ, Նոր Այգեձոր, Կութ և ՀՀ այլ գյուղերին իշխող բարձունքները առանց դիմադրության հանձնվել են թշնամուն: Այս ամենով չբավարարվելով՝ թշնամին պահանջում է միջանցք Մեղրիով, ինչը կկտրի Հայաստանի Հանրապետությունը Իրանի Հանրապետությունից և օղակի մեջ կվերցնի Հայաստանը»9: Հայաստանի իշխանությունների, մասնավորապես վարչապետի աթոռը զբաղեցնողի հանցավոր անհեռատեսության ու դավաճանական վարքագծի պատճառով սկիզբ է դրվել Հայաստանի Հանրապետության՝ այդքան դժվարությամբ պահպանված տարածքի բզկտմանը, Հայաստանի ջրային և էներգետիկ ռեսուրսների՝ թշնամուն հանձնման գործընթացին, վտանգի տակ է հայտնվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, այև հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը:
2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ամեն օր Հայաստանի Հանրապետության քաղաքական վիճակն ավելի ու ավելի է վատթարանում, քանի որ թե՛ Հայաստանի թշնամիները, թե՛ բարեկամներն ու առհասարակ միջազգային կառույցները Հայաստանի Հանրապետության պարտված, ավելին՝ կապիտուլացված ղեկավարին ընկալում են ոչ թե որպես բանակցողի, այլ միայն թշնամու պայմանները կատարողի, մինչդեռ եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը կանխամտածված պարտության տարած չլիներ, և պարտությունը լիներ անկախ նրա կամքից՝ հանգամանքների բերումով, ապա նա գոնե մի փոքր պետականամետություն կդրսևորեր ու կթողներ պետության ղեկավարի պաշտոնը, սակայն, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը չունի Վիլհելմ կայզերի հայրենասիրությունն ու պետականամետությունը, որպեսզի պետության շահը գերադասի իր պաշտոնից և աթոռից, իսկ Հայաստանի զինվորականությունը, 2021 թ. փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով հանդերձ, չդրսևորեց Բոլիվիայի զինվորականության վճռականությունն ու պետականամետությունը՝ չկազմակերպելով զինված հեղաշրջում և պետության ղեկից չհեռացնելով երկիրը կործանման տանող ղեկավարին:
Ինչպիսի՞ ճակատագիր կունենա կապիտուլացված և Հայաստանն իր շահերի համար զոհաբերող Նիկոլ Փաշինյանը. ի վերջո կդրսևորի՞ մի փոքր շրջահայացություն և ինքնակամ կհեռանա՞, օրենքի առաջ պատասխան կտա՞ կազմակերպված պարտության համար, թե՞, զոհաբերելով պետականությունը, հայ ժողովրդի ազգային շահերը, ի վերջո կարժանանա իր գաղափարակցի՝ «հող խաղաղության դիմաց» սկզբունքի հետևորդ Իցհակ Ռաբինի ճակատագրին…
——————————————————————————————————————————————————————————————————
Հղումներ
1.http://www.historyofar menia-am.armin.am/am/Encyclopedia of armenian _history_Yervandunineri_Haykazyan_tagavorutyuny (մուտք՝ 5.06.2022).
2. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը, Եր., 2016, էջ 28:
3. http://encyclopedia.am/pages.php?hId=1325 (մուտք՝ 5.06.2022).
4. https://antifake.am/am/news/18645 (մուտք՝ 5.06.2022).
5. https://antifake.am/am/news/8394 (մուտք՝ 5.06.2022).
6. Նույն տեղում:
7. https://antifake.am/am/news/9800 (մուտք՝ 5.06.2022).
8. Ղազարյան Ս., 1994 թ. Հորդանանաիսրայելյան խաղաղության համաձայնագիրը՝ որպես քեմփդեվիդյան գործընթացի շարունակություն, «Կանթեղ», Եր., 2015, էջ 129, http://arts.sci.am/files/pubs/20150709_125756_am_KANTEGH_1_2015.pdf (մուտք՝ 5.06.2022):
9. Մելքոնյան Ա., Կարսից Արցախ, «Դրօշակ», Եր., հոկտեմբեր, 2021, թիվ 10 (1656), էջ 30:
Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ
ա) Գրականություն
1. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը, Եր., 2016:
բ) Մամուլ
1. Մելքոնյան Ա., Կարսից Արցախ, «Դրօշակ», Եր., հոկտեմբեր, 2021, թիվ 10 (1656):
գ) Համացանցային նյութեր
1.http://www.historyofarmenia-am.armin.am /am/Encyclopedia _of_armenian_history_Yervandunineri_Haykazyan_tagavorutyuny (մուտք՝ 5.06.2022).
2. http://encyclopedia.am/pages.php?hId=1325 (մուտք՝ 5.06.2022).
3. https://antifake.am/am/news/18645 (մուտք՝ 5.06.2022).
4. https://antifake.am/am/news/8394 (մուտք՝ 5.06.2022).
5. https://antifake.am/am/news/9800 (մուտք՝ 5.06.2022).
6. Ղազարյան Ս., 1994 թ. Հորդանանաիսրայելյան խաղաղության համաձայնագիրը՝ որպես քեմփդեվիդյան գործընթացի շարունակություն, «Կանթեղ», Եր., 2015, http://arts.sci.am/files/pubs/20150709_125756_am_KANTEGH_1_2015.pdf (մուտք՝ 5.06.2022):
Անի Մելքոնյան